Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնալու եմ «մինչեւ վերջ»

Դեկտեմբեր 16,2008 00:00

Գրում է «Առավոտին» դեկտեմբերի 1-ից հացադուլ հայտարարած Սարգիս Հացպանյանը

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Սարգիս Հացպանյանից երեկ նամակ ենք ստացել, որում մասնավորապես գրում է. «Դեկտեմբերի 1-ից «անժամկետ հացադուլի» մեջ եմ գտնվում եւ արդեն 10,5 կգ նիհարել եմ, ճնշումս էլ 120-80-ից իջել է 105-70-ի»: Նշենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի 1-ին հացադուլ հայտարարելու օրն ուղարկված նամակում, որը մեզ հասավ օրերս՝ Սարգիս Հացպանյանը նշել էր, թե 3 անգամ գրավոր դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. «Եվ առայսօր մոտս ոչ ոք չի եկել»: Նա նաեւ պնդել է, թե իր նկատմամբ, բացի տեսակցությունների եւ հեռախոսազանգերի արգելքից, ավելացրել են նաեւ նամակագրությունների «գրաքննությունը»:

Իսկ դեկտեմբերի 15-ի թվագրությամբ նամակում մասնավորապես նշել է. «Ռոբերտ Քոչարյանի համար «պետական անվտանգության սպառնացող» էի, արտաքսելու կարգադրություն տվավ: Սերժ Սարգսյանի համար էլ «ազգային անվտանգության սպառնացող» դարձա, բանտարկեցին: Չգիտեմ, վաղը ո՞վ եւ ի՞նչ կորոշի իմ, մյուսի, մեր բոլորի ճակատագրի մասով, բայց ես որոշել եմ «պատանդի» կարգավիճակը ոչ մի կերպ չհանդուրժել ու հակահարձակման եմ անցել»: Սարգիս Հացպանյանը գրում է. «Հայ ազգային կոնգրեսը եւ ես հայտնի լոզունգը ուղիղ կեսից կիսեցինք, եւ ամեն մարդ իր բաժնի համար էլ պատասխանատվություն վերցրեց… ուրեմն՝ այսպես, իմ հարգելի ընկերները՝ «պայքար, պայքար»-ի, իսկ ես էլ՝ «մինչեւ վերջ»-ի համար հայ ժողովրդին պատասխան պիտի տանք»:

Նամակում պրն Հացպանյանը նաեւ նշել է, թե սպասում է դեկտեմբերի 17-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում «եվրոպացիների խոսքին եւ նախատեսում եմ դեկտեմբերի 25-ից «անժամկետ հացադուլին» ավելացնել նաեւ «ջրադուլը», որ ինձ կհասցնի մահվան շեմին: Ենթադրում եմ, որ ֆիզիկականս մի 10 կամ 12 օր եւս կդիմանա, մինչեւ երիկամներս կամ սիրտս դադարեն իրենց վերապահված գործունեությունը կատարել»: Ըստ նրա՝ ինքը շատ լուրջ է պնդում այս ամենը. «Մեր 17-ամյա պատանի պետության վարչական սահմաններում արդեն 18 տարիս լրացավ: Այսինքն՝ չափահաս եմ դարձել, եւ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ինձ փետրվարի 26-ից «ՀՀ քաղաքացիություն» է շնորհել: Ուստի ամեն ինչ տեղն է, եւ ես օգտվելով նախ իբրեւ մարդու իմ «ազատ ծնվել, ազատ ապրել եւ ազատ մեռնելու» իրավունքից, իբրեւ Ֆրանսիայից նախկին սփյուռքահայի կարգավիճակով էլ որոշել եմ «մինչեւ վերջ»-ի սովորական կարգախոսից գործի վերածելով գնալ… իսկապես «մինչեւ վերջ», ինչից էլ շատ վստահ եմ՝ «մի նոր սկիզբ» կծնվի հաստատ: Կրակը նոր ծիլեր կտա, եւ ի տարբերություն անցած տարվա, այս գալիք տարում գարուն կգա Հայաստանում: Ինձ էլ «գնա մեռիր, արի սիրեմ քեզի» հայտնի ճշմարտությանը չդավաճանելու համար «հետմահու» ՀՀ քաղաքացիություն կշնորհեն անպայման»:

Հ. Գ. Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն երեկ հորդորով դիմել է Սարգիս Հացպանյանին, որ նա, որքան հնարավոր է շուտ՝ դադարեցնի իր հացադուլը. «Անժամկետ հացադուլը պայքարի ամենածայրահեղ ու ամենահուսահատ ձեւն է, որին կարելի է դիմել պայքարի հաջող ելքի նկատմամբ հավատը կորցնելուց միայն: Մենք կասկած չունենք եւ վստահ ենք, որ Դուք էլ կիսում եք մեր կարծիքն այն մասին, որ մեր պայքարը պսակվելու է հաղթանակով: Հնարավորինս շուտ այն տեսնելու համար մեզ պետք են ոչ միայն Ձեր նման նվիրված, այլեւ առողջ ու առույգ զինակիցներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել