Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԻՉԸ ՉՍՏԱՑԱԾ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ

Դեկտեմբեր 16,2008 00:00

«Յոթի» վերաբերյալ քրգործի նյութերում նման փաստեր էլ կան

«Մարտի 1»-ի դեպքերի առիթով հարուցված եւ դեկտեմբերի 19-ին մեկնարկելիք «Յոթի» գործը կարելի է «գլուխգործոց» համարել թե՛ այդ գործին դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից ռեկորդային ժամանակահատվածում ծանոթանալու, թե՛ գործի նյութերում առկա քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումների ու նախաքննական մարմնի կողմից տրված քաղաքական գնահատականների, նաեւ՝ մարդկանց մեղքն, իբր, հաստատող ապացուցողական բազայի սնանկ լինելու իմաստով: Թե ինչպես պիտի մեղադրանքը պաշտպանող դատախազներն ու դատավորը դուրս գան սրա տակից, դեռ պարզ չէ: Բայց գործի նյութերին ծանոթանալիս էլի մի անգամ համոզվում ես, որ «Յոթի» գործը «թխողները» շատ փնթի ու տնավարի են աշխատել, թերեւս, համոզված լինելով, որ իրենց թույլ տված սխալները կամ ապօրինությունները դատաքննության ընթացքում որեւէ կերպ չեն ազդի յոթ մեղադրյալներին մեղսագրվող արարքն ապացուցված համարելու եւ նրանց համար մեղադրական վճիռ կայացնելու վրա:

Այդուհանդերձ, չնկատելու տալ «Յոթի» գործի նյութերում առկա մեր մի նոր «գտածոն»՝ մենք չենք կարող: Խոսքն այս անգամ «կորած» կամ «պարտակված» քրգործի մասին չէ: Այս մի քրգործը, որին անդրադառնալու ենք, հայտնի գործ է եւ հարուցվել էր դեռ փետրվարի 24-ին՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանի կողմից: Նա որոշել էր՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ հարուցել թիվ 58200608 քրեական գործը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն ընդունել վարույթ եւ կատարել նախաքննություն»: Հիշեցնենք նաեւ, որ դեռ այն ժամանակ սույն գործի շրջանակներում, բացի ՀՀ առաջին նախագահի անունից, մատնանշված էր եւս 5 անուն՝ Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Հակոբ Հակոբյան, Մյասնիկ Մալխասյան, Պետրոս Մակեյան եւ «մյուսներ»:

Հիմա խնդիրն այն է, որ «Յոթի» գործի նյութերում հիշատակումներ կան հենց այս՝ Մ. Մարուքյանի կողմից հարուցված գործի մասին: Կան փաստաթղթեր, որոնք վկայում են այս գործը հարուցելու, հետո նաեւ այն «Մարտի 1»-ի կամ «Յոթի» գործին միացնելու որոշման մասին: Բայց բանն այն է, որ «Յոթի» գործում առկա փաստաթղթի համաձայն, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը թիվ 8/206 գրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ հարուցված եւ քննվող գործին միացնելու եւ համատեղ ընթացքը լուծելու համար Մ. Մարուքյանի հարուցած քրգործը՝ 747 թերթից բաղկացած 3 հատորներով հանդերձ, ՀՀ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին է ուղարկել մարտի 2-ին: ԱԱԾ տնօրենի սույն գրությունը ՀՔԾ մուտք է արվել միայն մարտի 3-ին: Դա հաստատված է հենց փաստաթղթի տակ առկա դրոշմակնիքով: Նույն օրը՝ մարտի 3-ին, Ա. Միրզոյանը այն մակագրել է քննիչ Վ. Կարապետյանին՝ «ընդունել վարույթ եւ կատարել քննություն»:

Զավեշտը, սակայն, կայանում է նրանում, որ «Յոթի» գործի նյութերում կա եւս երկու փաստաթուղթ, որ ստորագրել է ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը: Ըստ այդ փաստաթղթերից մեկի, Վ. Հարությունյանը «քրեական գործը վարույթ ընդունելու մասին» իր որոշման մեջ դեռ մարտի 2-ին գրում է՝ «…ծանոթանալով ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունից ստացված, ՀՀ քր. օր.-ի 300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված թիվ 58200608 քրգործի նյութերին…», ապա հայտարարում, թե որոշել է այդ քրգործն ընդունել վարույթ՝ չունենալով դրա իրավունքը: Մարտի 2-ի մեկ այլ որոշմամբ նա ՀՀ ԱԱԾ-ից ստացված եւ ՀՔԾ-ում հարուցված «Մարտի 1»-ի գործերը միացնելու եւ նախաքննությունը շարունակելու որոշում է կայացնում:

Եթե վերը արված մեջբերումները ավելի «պոպուլյար» լեզվով ներկայացնենք, ապա պիտի արձանագրենք, որ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանը մարտի 2-ին երկու՝ իր վարույթ ընդունելու եւ իր մոտ քննվող «Մարտի 1»-ի քրգործին միացնելու որոշումներ է կայացրել դեռ իր ձեռքի տակ չեղած մի քրգործ: Սա արդեն «վիսշի պիլոտաժի» կեղծիք է, որից հետեւությունը երկուսն են՝ 1. Հայաստանում ՀՀ ոստիկանությունը, ՀՀ ԱԱԾ-ն, ՀՀ ՀՔԾ-ն եւ արդարադատության համակարգը երբեք իրարից առանձին եւ անկախ գործող մարմիններ չեն, նրանք աշխատում են իրար «պաս» տալով, առավել եւս, երբ կա «վերեւից» իջեցված քաղաքական պատվեր: 2. Երբ կա այլախոհների հետ հաշվեհարդար տեսնելու հրահանգ եւ դա իրականացնելու հստակ գծագրված սխեմա, իրավապահ համակարգը առանձնապես չի էլ ջանում օրենքներին հետեւել: Նա այդ պատվերը կատարում է տնավարի, բայց՝ անշեղորեն: Օրինակը՝ հենց ՀՔԾ ՀԿԳ քննիչ Վ. Հարությունյանի վերը բերված գործողություններն են, որոնցից ակնհայտ է՝ նա դեռ մեկ օր առաջ գիտեր, որ ԱԱԾ-ից ՀՔԾ-ին 747 թղթից բաղկացած նյութեր են ուղարկելու, եւ ինքը այդ գործի նյութերին ծանոթանալու ձեւականության ետեւից առանձնապես չընկնելով՝ միանգամից երկու որոշում է կայացրել արդեն գործը ստանալու նախօրյակին:

Բայց այս քրգործի հետ կապված կա էլի մի բաց մնացած հարց: Խնդիրն այն է, որ ԱԱԾ-ից ստացված եւ «Մարտի 1»-ի գործին միացված քրգործը, ըստ վերը նշված փաստաթղթի, բաղկացած է 3 հատորից, որոնք եւս պիտի լինեին «Յոթի» գործի նյութերում, բայց չկան: Եվ պարզ չէ, թե փետրվարի 24-ից մինչեւ մարտի 2-ը ԱԱԾ քննչական վարչությունում քննված 3 հատորանոց այդ գործում ի՞նչ նյութեր են եղել, քննչական ի՞նչ գործողություններ են կատարվել, եւ ընդհանրապես՝ այդ ի՞նչ փաստերի հիման վրա է «ՀՀ իշխանությունը յուրացնելու, ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու ուղղված գործողություններ կատարելու» մեղադրանքով քրգործ հարուցված եղել:

Սրանք հարցեր են, որ «Յոթի» մեղադրանքը պաշտպանող կողմը ստիպված է լինելու տալ մի քանի օր հետո մեկնարկող դատաքննության ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել