Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՐԱՅԶԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 16,2008 00:00

\"\"«Ազգային միաբանության» փոխնախագահին պետք է կայունություն, իսկ «Նոր ժամանակների» վարչության անդամին՝ արդարություն:

«Մեթյու Բրայզային խորհուրդ կտամ Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինել: Եվ չստացվի, որ միամտաբար համոզվենք, որ Մեթյու Բրայզան ավելի շատ է մտածում հայ ժողովրդի ռեյտինգի մասին, քան մենք: Չարաչար սխալվում է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարի օգնականին այսպես հակադարձեց «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան օրերս հայտարարել էր, որ քաղբանտարկյալներ չունենալը հենց Հայաստանին է պետք. «Ինձ թվում է` բոլորին պարզ է, որ հանուն Հայաստանի՝ Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ, նույնիսկ չպետք է լինեն դեպքեր, որոնք առիթ կտան քաղբանտարկյալներ ունենալու մասին մեղադրանքների: Համոզված եմ, որ իրականացվում է եւ կիրականացվի նորմալ իրավական գործընթաց, այդ քրգործերը պետք է շատ արագ հանգուցալուծվեն, եւ բոլորն ստանան իրենց իրավական գնահատականը»: Ի՞նչը կարող է լինել նման հայտարարության նպատակն այս պահին՝ հետաքրքրվեցինք պարոն Կարապետյանից, նկատի ունենալով, որ մինչ օրս պարոն Բրայզան աչքի է ընկել մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ հիմնականում զուսպ հայտարարություններով: Հայաստանի համար նման «սրտացավության» դրսեւորման պատճառը, ըստ մեր զրուցակցի, հետեւյալն է՝ «Նորից հող ստեղծել եւ խառնել հայաստանյան ներքաղաքական իրավիճակը՝ միտինգներ, բաներ… չէ՞ որ այդ ժամանակ ինքը եւ իր երկիրն իրեն ավելի պահանջված են զգում»: Պարոն Կարապետյանը համոզված է, որ ցանկացած արտաքին միջամտություն անկայունացնում է մեր երկրի ներքաղաքական իրավիճակը, մինչդեռ՝ «մեզ կայունություն է պետք»: Հարցին՝ համաձայն չէ՞ ԱՄ փոխնախագահը, որ Հայաստանում չպետք է քաղբանտարկյալներ լինեն, նա պատասխանեց. «Ես գտնում եմ, որ ժողովրդավարության ձգտող ցանկացած երկիր քաղբանտարկյալ չպետք է ունենա: Ուստի` քաղբանտարկյա՞լ է նա, թե՞ քրեական հանցանք է գործել` որոշում է դատարանը: Չէ՞ որ եղան բանտարկյալներ, ովքեր դիմեցին հանրապետության նախագահին եւ ներում ստացան: Աբսուրդ է ստացվում. եթե բանտարկյալը չի դիմում հանրապետության նախագահին, էլ ինչո՞ւ ենք պահանջում, որ նախագահը պարտավոր է ներել նրան: Ես չեմ հիշում մի դեպք, երբ դատապարտյալները դիմեն հանրապետության նախագահին եւ ուշադրության չարժանանան»: Իսկ երբ մարդն ասում է, որ ինքը որեւէ վատ բան չի արել՝ ինչո՞ւ պիտի ներում խնդրի, հարցի պատասխանն էլ եղավ. «Դատարանը կորոշի՝ արե՞լ է, թե՞ չի արել. ինչո՞ւ է դրա մասին մտածում, շտապում: Դատարանի որոշումից հետո ուրիշ է՝ կարող են համաձայնել կամ՝ ոչ: Եթե դատարանը որոշում ընդունի, որ նա քաղբանտարկյալ է, իր քաղաքական հայացքների համար իրեն նստեցրել են՝ դա ուրիշ բան է: Եթե կապացուցի, որ կրիմինալ կա՝ դա էլ ուրիշ է»: Հետաքրքրվեցինք՝ վստահո՞ւմ է Ալեքսան Կարապետյանը հայաստանյան դատարաններին: «Հաշվի առնելով, որ այս դատավարությունները հանրապետության նախագահի, քաղաքական ընտրանու, միջազգային տասնյակ կազմակերպությունների, հզոր երկրների` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պարբերական հսկողության տակ են, ես վստահ եմ, որ հնարված փաստով չեն կարող մարդուն դատել, դա հնարավոր բան չէ»:

Իսկ ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանն այս հարցի վերաբերյալ նման կարծիք ունի. «Բոլոր դեպքերում, քանի որ այս իրավիճակն արդյունք է նախագահական ընտրություններում էական, մասսայական կեղծիքների, երբ դրանց արդյունքում հանրապետության նախագահի աթոռին Սերժ Սարգսյանն է՝ զուտ քաղաքական, բարոյական տեսանկյունից, իրապես Հայաստանի շահերից է բխում, որ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն: Մեթյու Բրայզայի տեսակետը, բնականաբար, հակասական կլինի, քանի որ իրենք նախընտրական շրջանում, ընտրությունների պահին եւ հետընտրական գնահատականներում որեւէ սկզբունքայնություն չդրսեւորեցին, բայց այսօր եկել են մեզ բարոյականություն են ուզում սովորեցնել: Իհարկե, ճիշտ կլինի, որ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, ճիշտ կլիներ, որ ընդհանրապես քաղբանտարկյալներ չլինեին, բայց եկեք հասկանանք՝ թե ինչից սկսվեց դա: Ամեն ինչ նրանից էր, որ միջազգային կառույցները Հայաստանում ընթացող երեւույթներին երկակի ստանդարտներով էին մոտենում: Հենց այնպես՝ հարյուր հազարավոր մարդիկ փողոց դուրս չեն գալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել