«Կիսահաղորդիչների ֆիզիկա եւ միկրոէլեկտրոնիկա». սա այն նոր մասնագիտության անվանումն է, որը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մյուս ուստարվանից կներդրվի «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից: Պարզ ասած, յուրաքանչյուր դիմորդ, որը կցանկանա ՀՊՃՀ-ում սովորել այս մասնագիտության գծով, կդասավանդվի «Սինոփսիս Արմենիայի» ծրագրերով եւ մեթոդներով: «Սինոփսիս»-ՀՊՀՃ համագործակցությունն ունի 7 տարվա պատմություն, որի արդյունքում ՀՊՃՀ քոմփյութերային համակարգերի եւ ինֆորմատիկայի, կիբեռնետիկայի, ռադիոէլեկտրոնիկայի եւ կապի համակարգերի դեպարտամենտների բակալավրիատի ուսանողները 3-րդ կուրսից կարող են ուսումը շարունակել «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում: Այժմ այդ ծրագրերով սովորում է մոտ 300 ուսանող, 309 շրջանավարտների 60%-ն աշխատում է ընկերությունում:
Աշխատանքի տեղավորման կապակցությամբ, ՀՊՀՃ քոմփյութերային համակարգերի եւ ինֆորմատիկայի դեպարտամենտի վարիչ Սամվել Սողոմոնյանը փաստեց. «Այս համագործակցության շրջանակներում, երբ մեր ուսանողները կրթությունը շարունակում են «Սինոփսիսում» եւ հետագայում աշխատանքի անցնում այդ ընկերությունում, «Սինոփսիսի» բարեգործական հիմնադրամը բուհին համապատասխան գումար է փոխհատուցում տվյալ ուսանողի համար: Ցավոք, կան դեպքեր, երբ այն ուսանողները, որոնց «Սինոփսիսը» պատրաստ է աշխատանքի ընդունել, գերադասում են ավելի բարձր աշխատավարձով աշխատել այլ ընկերություններում: Ուստի՝ տուժում է եւ բուհը, եւ ընկերությունը»: Հնչեցվածին ի պատասխան՝ ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն առաջարկեց. «Լավ կլինի կնքվի եռակողմ պայմանագիր, որտեղ կամրագրվեն որոշակի սկզբունքներ, որոնք պիտի բացառեն այս մտահոգությունը»:
«Սինոփսիս Արմենիայի» գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ ասաց. «Ստացվում է, որ կան ընկերություններ, որոնց մտքով անգամ չի անցնում կրթական ծրագրի համար փող ծախսել, ստանում են պատրաստի կադրեր: Այստեղ ավելի շատ տուժում է բուհը, որը այդ ընկերություններից փոխհատուցում չի ստանում: Ուստի՝ անհրաժեշտ է, որ այդ ընկերությունները որոշակի պատասխանատվության ենթարկվեն»: Արդեն «Սինոփսիսում» սովորող 3-րդ կուրսի ուսանող Արտակ Հայրապետյանն էլ մտահոգված է. «Բարձր կուրսեցիներից տեղեկացել ենք, որ մագիստրատուրա ընդունվելու ժամանակ մրցույթը կատարվում է բոլոր դեպարտամենտների ուսանողների միջեւ: Բայց, ամենից հաճախ, Քոմփյութերային համակարգերի եւ ինֆորմատիկայի դեպարտամենտից են ընդունվում: Հնարավոր չէ՞ այդ հարցը ինչ-որ կերպ լուծել»: Ի պատասխան՝ ՀՊՃՀ պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը նշեց. «Հարցի լուծումն այն է, որ մյուս դեպարտամենտների ուսանողներն ավելի լավ սովորեն, քան Քոմփյութերային համակարգերի եւ ինֆորմատիկայինը»: Ա. Հայրապետյանը նաեւ մտահոգված էր այն խոսակցություններով, որ հնարավոր է ԱԺ-ն նոր օրենք մշակի, ըստ որի՝ 18 տարին լրացած բոլոր անձինք կզորակոչվեն զինծառայության: