Լրահոս
Օրվա լրահոսը

Տիրոջ եւ «տիրոջ» ծառաները

Դեկտեմբեր 13,2008 00:00

\"\"Եպիսկոպոսի գործունեության գնահատականը պետք է տան հավատացյալները

Վերջերս բավականին մեծ մարդկային խռովք ապրեցի, երբ տեղեկացա, որ չնչին տպաքանակ ունեցող թերթերից մեկի էջերում ինչ-որ մեկը փորձ է արել ցեխ շպրտել Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի վրա: Ընդ որում, կարելի է ենթադրել, որ հեղինակն առանձնապես տեղյակ չէ թեմի անցուդարձից եւ, մասնավորապես, կարծում է, որ թեմի՝ դեռեւս կառուցման փուլում գտնվող առաջնորդանիստ տաճարն էլ գտնվում է Մոսկվայի Արբատում: Իրականում տաճարը գտնվում է Տրիֆոնովսկայա փողոցում: Ըստ իս, եպիսկոպոսի գործունեությանը գնահատական տալու առաջնահերթ իրավունքը պատկանում է թեմի հավատացյալներին, եւ որպես ականատես ինքս էլ կարող եմ վկայակոչել այն ձեռքբերումները, որոնց հասել է թեմը վերջին 4 տարվա ընթացքում՝ Եզրաս եպիսկոպոսի առաջնորդությամբ: Մասնավորապես, վերը հիշատակված կառուցվող Մայր տաճարին կից արդեն գործում են Հայորդաց տունն ու կիրակնօրյա դպրոցը, որոնց գործունեության կարեւորությունն անհերքելի է՝ դրանք հնարավորություն են ընձեռում հայոց լեզու, պատմություն եւ կրոն ուսումնասիրել մեծաթիվ հայազգի պատանիների: Միայն այն, որ Հայորդաց տանը գործում են տարբեր մշակութային խմբակներ, իսկ կիրակնօրյա դպրոցում ուսանում է ավելի քան 300 հայազգի երիտասարդ, պերճախոս վկայություն է՝ թեմը ծավալում է ոչ թե զուտ էկումենիկ, այլ նաեւ հայապահպանության նվիրական առաքելություն: Իսկ կառուցվող տաճարը, որը եկեղեցական համալիր է, իր արտաքին տեսքով անասելի պատկառանք ու էսթետիկ հաճույք է պատճառում:

Ուշադրության է արժանի նաեւ ներկայումս թեմի հոգեւոր հավաքատեղի համարվող Սբ. Հարություն եկեղեցու ու նրա շրջակա միջավայրի բարեկարգ եւ խնամված տեսքը, ինչն այդպես էլ բաղձալի փափագ մնաց նախորդ՝ 27 տարի թեմը ղեկավարած եւ տարբեր թերթերով գովերգված սրբազանի օրոք: Մինչ 2004 թվականը, երբ եկեղեցին տնօրինում էր թեմի՝ դեռեւս 2002-ին կարգալույծ եղած եւ 2 տարի բռնությամբ եկեղեցին տնօրինած նախորդ առաջնորդը, Սբ. Հարություն եկեղեցու շրջակա տարածքը գտնվում էր, մեղմ ասած, անմխիթար վիճակում. ամենուր տարածված էին զանազան ցածրակարգ ուտելիքների բույրեր՝ այդ տեսարանից հավատացյալին միայն ընկճվածություն էր պատում:

Թեմի արդյունավետ գործունեության մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ «Поклогнная гора” կոչվող վայրում քրիստոնյա բոլոր եկեղեցիների կառուցման համար նախատեսված տարածքում Հայ առաքելական եկեղեցուն է հատկացվել ամենակենտրոնական տեղը: Սրբազանը, համոզված եմ, գովեստի խոսքերի կարիք բնավ չի զգում, քանզի նրա գործունեությունը տեղավորվում է եկեղեցանվեր առաքելության մեջ:

Թե՛ կառուցվող տաճարի, թե՛, առհասարակ, թեմի գործունեության մասին յուրաքանչյուրը կարող է տեղեկություններ քաղել www.armenianchurch.ru էլեկտրոնային կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել