Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԳ ԱՌԵՔ, ԲԱՎԱԿԱՆ Է

Դեկտեմբեր 13,2008 00:00

Ինչպես պետք չէ կառուցապատել Երեւանը

Խորհրդային տարիներին խոշոր կառույցների նախագծերը Քաղխորհրդի գործկոմի քաղաքաշինական խորհրդում քննարկելուց բացի, մանրամասն ուսումնասիրվում եւ քննարկվում էին Ճարտարապետների միությունում, Շինարարության պետական կոմիտեում եւ ապա միայն թույլատրվում էր այն իրականացնել։ Շատ հաճախ Պետշինում քննարկելուց հետո անգամ, քաղաքապետարանի կողմից հաստատված նախագիծը չեղյալ էր հայտարարվում։

Այժմ մի քանի ցայտուն օրինակներ այն անօրինականություններից, որոնք թույլ են տրված մեր օրերում. քաղաքի նախկին «Քաղխորհրդի գործկոմի» վարչական շենքը Խորենացու փողոցում (նախկին Մարքսի փող.)։ Այդ հիանալի, սեւ տուֆից յուրօրինակ իրականացված շենքը քանդվեց եւ փոխարենը կառուցվեց մի պարզունակ երկաթբետոնե կմախքով «խրտվիլակ», որի ճակատին անհրաժեշտ է փակցնել «իտալական խրտվիլակ»: Չգիտես ինչու, յուրաքանչյուր արտասահմանյանը մենք ընդունում ենք ոգեւորված, անկախ նրա ճարտարապետական էությունից։ Ամենաարտառոցն այն է, երբ անգլահայ ոմն միլիոնատեր, սեփականացնելով «Սեւան» հյուրանոցը, մեր հանճարեղ ճարտարապետ Բունիաթյանի ստեղծագործությունը, տեղակայված երեւանցիների ամենաթանկագին հրապարակներից մեկում (Շահումյանի անվան), արդեն վերացրել է։ Այդ օրերի մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հոգս չհամարեց նույնիսկ պահպանելու այդ հիանալի կառույցի՝ հայ ճարտարապետության լավագույն օրինակներից մեկի գլխավոր մուտքը՝ ձեռքով մշակված, բազալտե քարով իրականացված: Այս տեսակետից կարելի է օրինակ վերցնել Բաղրամյան փողոցի Անգլիական դեսպանատան կառույցից, որտեղ պահպանվել է Մարշալ Բաղրամյանի համար կառուցված առանձնատան գլխավոր մուտքի ֆասադը։

Նույն բախտին արժանացան Թումանյան փողոցում կառուցված Սպանդարյանի շրջկոմի շենքը, «Սպայի տան» մեկ-երկու հարկանի հուշարձան հանդիսացող շենքը, Աբովյան եւ Սայաթ-Նովայի փողոցների անկյունում՝ Տեր–Ավետիկովայի նախագծով կառուցված Գիտությունների ակադեմիայի (հետագայում՝ Լեզվի ինստիտուտի) շենքը, «Երիտասարդության պալատի» յուրօրինակ հյուրանոցը, որը հիանալի ծառայում էր իր նպատակին եւ շատ հարմար էր երիտասարդական կազմակերպությունների, հավաքների մասնակիցների եւ այլ հանդիսությունների համար, որը բազմաթիվ երեւանցիների համար շատ հարազատ կառույց էր։

20-50-ական թվականների երիտասարդների ժամանցի վայրն էր Աբովյան փողոցը, որը ձգվում էր Շրջանայինից՝ Կիրովի փողոցից մինչ Կոմունարների այգի։ Այն նույնպես վերակառուցվել է բազմահարկ խայտառակ խրտվիլակներով։ Երեք- չորս տարի առաջ քաղաքապետարանը քաղաքի կենտրոնի գլխավոր հատակագիծը ընդունելու-հաստատելու կապակցությամբ հարցումներ էր ուղարկել բոլոր նախարարություններին՝ նրանց կարծիքն ու դիտողությունները ստանալու, եւ ինչ՝ զարմանալի է, որ միայն պաշտպանության նախարարն էր կարծիք ուղարկել, որտեղ մանրամասն շարադրելով քաղաքաշինության ներկայիս վիճակը, ներկայացվել էին շատ հարցեր, որից ամենակարեւորն էր՝ ձեռնպահ մնալ քաղաքի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումից, հետագայում դրանց շահագործման հնարավոր բարդություններից խուսափելու համար։ Մեր առաջարկներին հակառակ՝ Աբովյան-Թումանյան խիստ ծանրաբեռնված խաչմերուկում կառուցվեց 16-17 հարկանի բնակելի շենքը, Աբովյան-Պուշկին ծանրաբեռնված խաչմերուկի եւս մի անհաջող օրինակ։ Իսկ եթե հարցնեին՝ եթե ոչ բարձրահարկ, ապա ինչպիսի՞ 5-6 հարկանի տեղադրել, կարելի էր մատնանշել 50 տարի առաջ իրականացված Հիդրոշինի թաղամասը Սարյանի արձանի պուրակի մոտ, դերասանների շենքը Մաշտոցի պողոտայում, մասնագետների շենքը՝ Տերյան փողոցում եւ այլն, որոնք հիանալի բնակելի շենք-շինություններ են, որտեղ օգտագործված են ազգային ճարտարապետության նմուշները։

Բերեմ դրական օրինակ, երբ 80-ական թվականներին նախկին Կարմիր բանակի փողոցի (ներկայիս՝ Գրիգոր Լուսավորիչ) ընդարձակման պատրվակով ցանկանում էին քանդել Ֆրանսիական դեսպանատան դիմացի պատմական շենքը։ Հուշարձանների վարչության տեխնիկական խորհուրդը եւ Հուշարձանների վերականգնման նախագծային ինստիտուտը դեմ դուրս եկան եւ այժմ այդ տեղում վերակառուցված եւ ճարտարապետական հմայիչ տեսքով կանգնած է «ԲՄՎ»-ների սալոնն ու «Արարատ» հյուրանոցը։ Կամ կարելի է այդ հարցում ընդօրինակել նաեւ վրացիներին, որոնք Թբիլիսիի պատմական թաղամասը վերակառուցում, վերականգնում են իրենց ճարտարապետական տեսքով, կամ Գերմանիայում, որտեղ քաղաքների հիմնական շինությունները իրականացված են իրենց եւ միայն իրենց ճարտարապետական եւ կոնստրուկտորական մտահղացումներին հատուկ փայտյա կմախքով շենք-շինություններով, որոնք ոչ թե ոչնչացվում են, այլ խիստ պահպանվում։ Հիշում եմ՝ 80-ական թվականներին ճապոնացիները առանց պետական մարմինների համաձայնության մի խարխուլ շենք, որպես հուշարձան, գնել էին Ճապոնիայում ցուցադրելու, եւ դատարանի միջոցով ստիպված եղան վերադարձնել:

Այս տեսակետից օրինակելի ու ընդօրինակելի է սփյուռքահայ Վահագն Հովնանյանի ձեռնարկած ու կառուցապատման ընթացքում գտնվող Վահագնի թաղամասը։ Ամայի հարթավայրից հեկտարներ օգտագործելով բնակարանային շինարարության համար, ստեղծել է եւ շարունակում է գողտրիկ տարածքում կառուցել հարյուրավոր երկհարկանի բնակելի տներ։

Շատ է գովաբանվում կառուցապատված Հյուսիսային պողոտան, որի նախաձեռնողները ճիշտ են մտածել՝ քաղաքի կենտրոնական հատվածում խարխուլ, հակասանիտարական վիճակում գտնվող հատվածը կարգի բերել, սակայն ճարտարապետական-հատակագծային նորմատիվային լուծումները շատ հեռու են բավարար լինելուց։ Շենքերում տեղ են գտել շինարարական անորակ աշխատանքներ։ Անզեն աչքով այժմ կարելի է նկատել, թե ինչպես ցոկոլի մասում արդեն գրանիտե քարերը պոկվել են եւ ճաքել։

Գործից անտեղյակ «միամիտ» մարդիկ քննադատում են Խորհրդային Հայաստանի ղեկավարներին, որոնք ունենալով ֆինանսական միջոցներ՝ չեն համարձակվել իրացնել գոյություն ունեցող ֆոնդը եւ կառուցապատել։ Հայտնեմ, որ այնպես, ինչպես հիմա են կառուցապատում, արհամարհելով շինարարական հատակագծային նորմերը՝ 1 հեկտարի վրա որքան պետք է բնակելի մակերես տեղակայել՝ չէինք կարող։ Հյուսիսային պողոտան պահպանվում էր՝ հաջորդ սերունդների համար՝ քաղաքի կենտրոնում բացառիկ ճարտարապետությամբ ազգային, հայկական տրադիցիաներով, ինչպես տաղանդավոր Թամանյանը կամ Խաչատրյանը երաժշտության բնագավառում օգտագործելով ու կատարելագործելով ազգային հարստությունները՝ ստեղծեցին բազմաթիվ ժամանակակից ազգային արժեքներ։ Այն ժամանակ՝ 60-70-ական թվականներին շենքերը կառուցվում էին բնակելի մակերեսների գործող նորմատիվներին համապատասխան, ինչպես Նոր-Նորքի զանգվածը (ի դեպ, որը ես եմ հիմնել, երբ 3-րդ տրեստի կառավարիչն էի, եւ 1965թ. փետրվարի 6-ին սկսելով N1 բնակելի շենքը՝ տարվա վերջին հանձնելով 154 հ. քմ բնակելի մակերեսը)։ Կառուցապատվում էին ազատ տարածություններում հիանալի բնակելի թաղամասեր՝ կարիքավոր քաղաքացիներին առանձին բնակարաններով ապահովելու համար, որոնց թիվը շատ մեծ էր եւ ոչ թե պալատներ՝ առանձին հարուստ, ունեւոր անձանց համար։ Այդ թաղամասերից են Ավան-Առինջ, Ղավիթաշեն, Հարավ-արեւմտյան թաղամասերը, որոնք իրենց կառուցապատ-կանաչապատ միջավայրով օրինակելի են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել