Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշտ-համերաշխ ապրըմ ենք»

Դեկտեմբեր 13,2008 00:00

Հարցազրույց 76-ամյա եզդի Ալի պապիկի հետ

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում ապրում է 60.000 եզդի: Թե ինչպես են ապրում, ինչ հարաբերությունների մեջ են հայերի հետ, ինչ սովորույթներ ունեն, փորձեցինք պարզել Սիլիկյան թաղամասի բնակիչ, 76-ամյա Ալի պապիկից: Խոստովանեմ, որ հարցազրույցին փոքր-ինչ վախեցած էի գնացել, ու մինչ դուռը կբացվեր՝ մտովի պատկերացնում էի խոժոռադեմ, խստաբարո ու ջղային մի մարդու: Բայց որքան մեծ եղավ զարմանքս, երբ ինձ դիմավորեց ժպտերես, բարի ու հյուրասեր մի պապիկ:

– Դե՜հ, ինչ ասեմ բալա ջան: Հեսա արդեն 60 տարի ա ապրում ենք էս գյուղում:

Հետո բարկանում է թոռների վրա ու պահանջում մեզ համար աթոռներ բերել:

– Ալի պապիկ, կա՞ն խնդիրներ, որոնք կապված են ազգային փոքրամասնությունների հետ:

– Մենք առաջ քոչվոր ենք եղել, բայց 1947-ից հաստատվել ենք Սիլիկյան թաղամասում: Փառք Աստծո, որ եկանք՝ ոչ մի պրոբլեմ, ոչ մի բան՝ իրար հետ հաշտ, համերաշխ ու խաղաղ ապրըմ ենք: Որ ուզում ես իմանաս, հայեր ավելի լավն են, քան քրդեր: Հայերի հետ մենք դարձել ենք մի խասյաթ, մի ազգություն: Իսկ քրդեր մեզ չեն սիրըմ, մեր մորթած գառը չեն ուտըմ՝ ասըմ են հարամ ա: Էն տարի Թուրքիայից մի քուրդ եկավ մեր տուն, բայց մեր հացը չկտրեց՝ բա տենց կլնի՞: Քուրդն ուրիշ ա, եզդին՝ ուրիշ, մեր տարբերությունը շատերը չգիտեն:…

– Ի՞նչ ազգային սովորույթներ ու ադաթներ ունեք, եւ դժվար չէ՞ օտար հողի վրա պահպանել դրանք:

– Հա, բա ոնց, ադաթն էլ ենք պահըմ, եկեղեցի էլ ենք էթըմ: Ոնց որ հայերը, նենց էլ մենք: Մենք էլ ենք Սուրբ Սարգիսի տոնը նշըմ, ալյուր ենք դնըմ դռան առաջը, փոխինձ ենք սարքըմ: Ունենք նաեւ մեր ազգային տոնը՝ եզդիների տոնը. Էդ օրը մատաղ ենք անըմ: Ազգային սովորույթ ա հարսի գլխին խնձորներով խփելը, որը առաջ հայերի մոտ էլ ա ընդունված եղել: Հըմի մենակ եզդիներն են անըմ:

– Գիտեմ, որ եզդիների մոտ ընդունված է աղջիկներին շուտ ամուսնացնելը: Կբացատրե՞ք՝ ինչու:

– Աղջիկներին ամուսնացնըմ են 14 տարեկանից սկսած՝ մինչեւ 16-17 տարեկանը: Առաջ գլխարկ էին դնըմ ու խփըմ, հենց գլխարկը չէր ընկնում, ուրեմն ամուսնանալու վախտն էր: Հըմի էլ եթե 20-ը անցնում ա, ասում են դախացել ա, տանն ա մնացել, բայց դե հազարից մեկն ա մինչեւ էդ վախտ մնում:

– Իսկ տղաները ինքնակա՞մ են բանակ գնում:

– Հա, մերոնք լրիվն էլ ինքնակամ ծառայըմ են: Ըտենց էլել ա հլը 18 թվի թուրքի ջարդի վախտ, երբ եզդիները հայերի հետ թեւ-թիկունք տված՝ կռվըմ էին: Մեր Ջհանգիր աղա ու Անդրանիկ իրար հետ ախպոր նման էին. Անդրանիկ Ջհանգիր աղայի քավորն էր: Ու ոնց որ Անդրանիկը Սարդարապատի, Բաշ-Ապարանի ճակատամարտում կռվեց, նենց էլ մեր Ջհանգիր աղան: Էդ վախտ 300 եզդի կոտորվեց: Արցախի շարժման վախտ էլ եզդիներ կռվեցին, բայց ամբողջ ցավը էն ա, որ հայերին հիշըմ են, եզդիներին՝ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել