Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՄԱԿԱՆԻ

Դեկտեմբեր 13,2008 00:00

Բաց նամակ՝ ՀՀ վարչապետին եւ շահագրգիռ անձանց

Գյուտերս անուշադրության մի մատնեք

Օրերս OPT հեռուստատեսությամբ արված հաղորդումը պատմում էր «Կուբիկ-Ռուբիկ»-ի Անգլիայում պատրաստման, մեծ տարածում ունենալու եւ վաճառքի մասին։ Հայտնեմ, որ իմ ստեղծած գլուխկոտրուկը եւս արտոնագրվել է, շահել է պատվոգիր, եւ իր կառուցվածքի ու լուծման հետաքրքրությամբ, սրամտությամբ գերազանցում է մինչեւ օրս հայտնի խաղ-գլուխկոտրուկները ու, չնայած իր խաղալիքային էությանը, կարող է մեծ շահույթ բերել երկրին, ապահովել ոչ քիչ աշխատատեղեր: Հայտնում եմ նաեւ, որ ես 40 արտոնագրված (որոնցից 5-ը՝ ներդրված) գյուտերի հեղինակ եմ: Դրանցից 17-ը ջերմային էներգիան մեխանիկականի վերածման հնարավորությամբ սարքեր են, որոնք հավանության են արժանացել հայոց ակադեմիկոսներ Ռաֆայել Ղազարյանի, Յուրի Խոջամիրյանի, ՀՀ Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի եւ 16 այլ հայ եւ ռուս իրավասու ատյանների կողմից: Հայտնում եմ նաեւ, որ ես տասը տարվա աշխատանքային փորձառություն եմ անցել Սերգեյ Կոռոլյովի կողմից ղեկավարվող մերձմոսկովյան կոսմիկահրթիռաշինական ձեռնարկությունում եւ չեմ կարող սխալվել նրանց երկրում կիրառման խնդրում։

Ցավոք, իմ գյուտերի կիրառման, գոնե աշխատող նմուշի պատրաստման մասին տասնյակ դիմումներս այս հարցերում իրավասու պաշտոնյաների կողմից թողնվել են անպատասխան, հավանաբար՝ վստահության, գիտելիքների, նորույթների գնահատման սեփական կարողությունների պակասի կամ, պարզապես, այդ իշխանավորների մոտ դիտվող գլխացավային հարցերից հեռու մնալու ցանկությունից… Հաշվի առնելով գիտելիքների վրա տնտեսություն ստեղծելու՝ Հայաստանում, թերեւս, միակ հնարավորության մասին Ձեր բազում հայտարարությունները եւ այն, որ իմ աշխատանքները իրավունք են տալիս ունենալ Ձեր աջակցությունը շարադրված հարցերում, խնդրում եմ Ձեր հանձնարարությունը՝ տալ պատասխան դիմումներիս։

Ընդունեք, որ եթե Դուք վարչապետ եք, ապա ես վարչապետական ծրագրերում կարողունակ, կորոլյովյան կոսմիկահրթիռաշինական դպրոց անցած ինժեներ եմ:

ՊԵՏՐԱԳ ՆԱՋԱՐՅԱՆ

Կարգին մարդ չկա՞ր

Որոշ «հռետորներ» գրեթե օրումեջ ասուլիսներ են տալիս՝ ձեռքի հետ նաեւ գուշակություններ անում՝ ոչ թե քաղաքական իրավիճակից ելնելով կամ էլ հանրությանը լուսավորելու, այլ միայն ու միայն իրենց դիրքերը ամրապնդելու համար:

Վերջերս ականատես եղանք մի հեռուստաբանավեճի՝ Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի եւ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի մասնակցությամբ: Մինչ Կարինեն, մորմոքը սրտում, նկարագրում էր Հյուսիսային պողոտայի տեղում ապրած եւ իրենց տներից վտարված ընտանիքների ողբալի վիճակը՝ փորձելով հայցել պատկան մարմինների գութը… Գեւորգյանցը սառը անտարբերությամբ ընդհատեց նրան եւ ասաց. «Դե լա՛վ, էլի՛, այնտեղ մի կարգին մարդ չկար, ես դրանց լա՛վ գիտեմ…»: Հետաքրքիր է, որտեղի՞ց գիտի:

Շատ կուզենայի, որ Կարինեն դրան շատ սուր արձագանքեր, բայց դաստիարակությունը թույլ չտվեց: Նա իր բարձր կուլտուրայով ու գեղեցիկ լեզվով ավելի մեծ հարված հասցրեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել