Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԻՎԱՆՉՈՒԿԻՆ

Դեկտեմբեր 13,2008 00:00

\"\"Իսկ Հայաստանի աղջիկների հավաքականը «Տեսակետ» ակումբում ասուլիսից հետո քննարկում էր Մովսիսյան-Սվիդլեր խաղը, որտեղ նույնպես հաղթեց հայ շախմատիստը:

Չինաստանի Նանյցզին քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի դասակարգմամբ շախմատի 21-րդ կարգի գերմրցաշարում, որին մասնակցում են մարզաձեւում ժամանակակից վարկանիշային դասակարգմամբ աշխարհի ուժեղագույններից վեցը, երեկ կայացան երկրորդ տուրի պարտիաները: Հայաստանի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով դասագրքային հաղթանակ տարավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ, հաջողության հասնելու համար Լեւոնին պահանջվեց ընդամենը 33 քայլ:

Երկու տուրից հետո Արոնյանն ու Քսյանչժին իրենց անվան դիմաց գրանցել են 1,5-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջատարը հայաստանցի շախմատիստն է:

«Online» ռեժիմով Արոնյան-Իվանչուկ մրցապայքարին հետեւողները խաղատախտակի վրա հենց սկզբնապայքարում կատարված առաջին քայլերից հետո Լեւոնի ձեռք բերած դիրքային առավելության վկաները դարձան, որտեղ Արոնյանը հերթական անգամ հաստատեց, որ այսօր ինքը, անկախ վարկանիշային հաշվարկներից, օրինաչափորեն է համարվում աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը եւ նրա ստեղծագործական մտքի տաղանդի առջեւ անզոր են անգամ Վասիլի Իվանչուկի նման շախմատային ժամանակակից եւ ամենակայուն գերաստղերը:

Հետաքրքիր մրցապայքարում հաղթական միավոր վաստակեց նաեւ Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը, որին հաջողվեց ժամացույցը կանգնեցնել ստիպել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին: Նրանց պայքարը դեռ շարունակվում էր, երբ մարզական լրագրողները «Տեսակետ» ակումբի հրավերով հյուրընկալել էին Դրեզդենի համաշխարհային օլիմպիադայում վեցերորդ տեղը գրաված Հայաստանի աղջիկների հավաքականին:

Ասուլիսի ավարտին, երբ Չինաստանում խաղատախտակների առջեւ պայքարը դեռ շարունակվում էր, բնականաբար, տողերիս հեղինակը եւ մեր փառապանծ շախմատիստուհիները քննարկում էին Սվիդլեր-Մովսիսյան պարտիայում մինչ այդ պահը ստեղծված իրավիճակը եւ դրա շարունակության հնարավոր տարբերակները: Եվ հետաքրքիրն այն էր, որ ոչ ոք չէր էլ հավատում, որ Սերգեյը երկրորդ անընդմեջ պարտությունից խուսափելու հեռանկար ունի: Մինչդեռ, կատարվեց հակառակը: Նա հաղթեց:

Այսօր երրորդ տուրում հանդիպելու են Արոնյանն ու Մովսիսյանը, Իվանչուկն ու Տոպալովը, Քսյանչժին ու Սվիդլերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել