Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես անկախացնել ուսանողական շարժումները

Դեկտեմբեր 13,2008 00:00

ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը եւ Եվրոպական ուսանողական միությունը անդրադառնում են «Առավոտի» հրապարակմանը:

Կարելի է միայն ողջունել դեկտեմբերի 4-ին «Առավոտ» օրաթերթում տպագրված «Եվրոպացիները նախատում են հայ ուսանողներին» վերնագրով հոդվածը: ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ Եվրոպական ուսանողական միության (ԵՈՒՄ) իրականացրած գնահատման կարեւոր նպատակներից մեկը, որ նշված էր հոդվածում, Հայաստանում ուսանողների ներկայացվածության եւ հայ ուսանողական շարժման վիճակի վերաբերյալ քննարկումների խթանումն էր: Մեր գրասենյակը սեպտեմբեր ամսին կազմակերպել է հանրային քննարկում հաշվետվության հեղինակների հետ, որին հրավիրված էր Երեւանի եւ Գյումրիի խոշոր բուհերի եւ ուսանողական կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչ: Ձեր հոդվածում այս հարցը ներկայացվում է ավելի լայն հանրության ուշադրությանը, եւ բարձրացվում են հաշվետվության մեջ ընդգծված մի շարք առանցքային կետեր: Սակայն հոդվածի վերնագիրը համահունչ չէ բովանդակությանը, որում ԵՈՒՄ-ի արված դիտարկումներից շատերը, փաստորեն, հաստատվում եւ հիմնավորվում են, եւ ես կուզենայի պարզաբանել որոշ նկատառումներ, քանի որ ո՛չ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակին, ո՛չ էլ Եվրոպական ուսանողական միությանը հնարավորություն չի տրվել պատասխանել հոդվածում արված հայտարարություններից մի քանիսին:

Այս հաշվետվությունը ոչ թե վերջին, այլ առաջին քայլն է եվրոպացի եւ հայ ուսանողների ներկայացուցիչների միջեւ սերտ կապեր ձեւավորելու ուղղությամբ: Մենք համոզված ենք, որ նման սերտ կապերի ձեւավորման համար առաջին քայլը իրավիճակի վերաբերյալ հստակ եւ օբյեկտիվ պատկեր ունենալն է, որպեսզի տեսնենք, թե ինչպիսի բարեփոխումների կարիք կա՝ նման համագործակցությունը զարգացնելու համար: Հաշվետվությունը հիմնված է, այսպես կոչված, Լյուբլյանայի հռչակագրի սկզբունքների վրա, որոնց շուրջ համաձայնության են եկել ավելի քան 10 մլն ուսանողների ներկայացնող ԵՈՒՄ-ի մասնակից ուսանողական միությունները: Այս սկզբունքները շեշտում են, որ ուսանողական շարժումներին մասնակցությունը պետք է հնարավոր լինի բոլոր ուսանողների համար, այդ շարժումները պետք է կառավարվեն ժողովրդավարության սկզբունքներով, ներկայացնեն բոլոր ուսանողների շահերը եւ անկախ լինեն բուհերից, կառավարությունից եւ կուսակցական քաղաքականությունից:

Այս տեսանկյունից է, որ պետք է դիտարկել հաշվետվությունը: Վերջինս ներառում է մի շարք առաջարկություններ՝ ուղղված հայ ուսանողական խորհուրդներին, բուհերին, կրթության եւ գիտության նախարարությանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակին, որպեսզի ուսանողական ներկայացուցչական ուժեղ կառույց ձեւավորելու համար ավելի նպաստավոր միջավայր ստեղծվի: Հուսով ենք, որ այս հաշվետվությունը խթան կհանդիսանա նշված առաջարկություններից շատերի իրականացման համար: Մեր աշխատանքում մենք մտադիր ենք հետեւել արդյունքներին եւ շարունակել աջակցել հայ ուսանողների ներկայացուցիչների ու Եվրոպական ուսանողական խորհրդի միջեւ կապերի ամրապնդմանը:

Եթե ձեր ընթերցողներին հետաքրքրում է ողջ հաշվետվությունը, ապա դրա հայերեն եւ անգլերեն տարբերակները տեղադրված են մեր կայքէջում՝ www.osce. org/yerevan/ documents:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել