Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ-2

Դեկտեմբեր 13,2008 00:00

\"\"Բոլոր առարկայական մասնագետները վստահեցնում են, որ քննական թեստերում ընդգրկված են միայն եւ միայն դպրոցական ծրագրի նյութերը:

Եթե նախորդ տարվա շրջանավարտները նոր քննական համակարգով հանձնեցին միայն հայոց լեզվի եւ գրականության, մաթեմատիկայի եւ օտար լեզուների քննությունները, ապա այս տարի արդեն նրանք այդ համակարգով հանձնելու են մյուս բոլոր առարկաների քննությունները, այն է՝ հայոց պատմություն եւ հետեւյալ բնագիտական առարկաներից որեւէ մեկն իրենց ընտրությամբ՝ կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք («Առավոտ», 10.12.08), ԿԳ նախարարության Գնահատման եւ թեստավորման կենտրոնն արդեն պատրաստել եւ դպրոցներ է ուղարկել այս առարկաների քննական ուղեցույցները: Մեր խնդրանքով ԳԹԿ-ի համապատասխան առարկայական մասնագետները ներկայացրին իրենց առարկաների ուղեցույցները:

Նախ անդրադառնանք մաթեմատիկային, որում կան որոշ կառուցվածքային փոփոխություններ: Ինչպես տեղեկացրեց ԳԹԿ քննական առաջադրանքների մշակման եւ մեթոդոլոգիայի բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանը, այս տարի մի փոքր շեղում է եղել ընդունված սխեմայից. «Անցած տարի ունեինք առաջադրանքների հայկական տարբերակ, այսպես կոչված՝ «ասույթների փունջ», որը վերջին պահին հանվեց ուղեցույցից եւ չմտավ քննական թեստերի մեջ, քանի որ զգուշացան, որ կարող է բարդ լինել երեխաների համար: Որոշ մասնագետներ ասում էին, որ ռիսկային պահ կա, սակայն «ասույթների փունջը» շատ լավ արձագանքների արժանացավ ոչ միայն մեզ մոտ, այլեւ՝ արտերկրում, օրինակ՝ մեր ռուս գործընկերներին այնքան դուր եկավ, որ ցանկացան իրենք էլ ընդօրինակել դրանք: Ի՞նչ է իրենից ներկայացնում հայկական տարբերակի այդ առաջադրանքը. տրվում է մաթեմատիկական օբյեկտ, որեւէ ֆունկցիա, երկրաչափական մարմին եւ այլն, եւ դրա վրա դրվում է պնդում՝ վեց հատ: Երեխան պետք է գրի, թե՞ այդ պնդումը ճի՞շտ է, թե՝ սխալ: Եթե չգիտի կամ չի կողմնորոշվում, կարող է գրել՝ չգիտեմ: Նա հավաքում է 1-ական միավոր՝ յուրաքանչյուր ճիշտ գրածից: Դա 80 հարցից 18 միավոր է կազմում, 3 հարց՝ 6-ական միավորով: Եթե երեխան գիտի առարկան, կարող է մի քիչ տրամաբանել, ապա նա շատ հանգիստ կարող է պատասխանել: Նոր ուղեցույցում «ասույթների փունջը» տեղ է գտել: Համեմատաբար թեթեւ առաջադրանքը դրել ենք Ա տարբերակում»: ԳԹԿ-ի մաթեմատիկայի առաջատար մասնագետ Վարդուհի Փիլիպոսյանն ավելացրեց. «Նախորդ տարի քննական թեստի ավարտական մասում՝ Ա բաժնում, ունեինք միայն ընտրովի պատասխաններով առաջադրանքներ, իսկ այս տարի երկու առաջադրանք մտցված է կարճ պատասխանով եւ մեկը՝ հայկական տարբերակով: Այս տարի Բ մասում բոլորը կարճ պատասխանով առաջադրանքներ են եւ երկուսը՝ հայկական տարբերակով»:

Հայոց լեզվի եւ գրականության, ինչպես նաեւ օտար լեզուների ուղեցույցների միջեւ էական տարբերություններ չկան:

Ֆիզիկայի ուղեցույցում, ըստ ԳԹԿ ֆիզիկայի գլխավոր մասնագետ Արամ Ծատուրյանի՝ «Ներառված է աշակերտների չորս տարվա անցած ամբողջ դասընթացը: Թեսթում կա 65 առաջադրանք՝ 50-ը՝ Ա մակարդակում եւ 15-ը՝ Բ մակարդակում: Ընդգրկված են բոլոր վեց բաժինները՝ մեխանիկա, մոլեկուլյար ֆիզիկա, էլեկտրոնիկա, օպտիկա, հարաբերականության տեսություն, քվանտային ֆիզիկա: Դրանցից յուրաքանչյուրից առաջադրանքները տրված են ըստ համամասնության, թե որքանով են դպրոցում ուսումնասիրել այդ բաժինը»: Մեր հարցին՝ արդյոք աստղագիտությունից ե՞ւս հարցեր կան ընդգրկված, պարոն Ծատուրյանը ցավով նշեց, որ՝ ոչ, սակայն ասաց, որ «նոր ծրագրով 9-րդ դասարանում աստղագիտության ժամեր են դրված, եւ եկող տարի կլինի հայ հեղինակների կողմից ստեղծված աստղագիտության նոր դասագիրք, եւ ապագայում անպայման աստղագիտությունից առաջադրանքներ կընդգրկվեն ֆիզիկայի ավարտական միասնական քննության թեստերում»: Ըստ պարոն Ծատուրյանի, առաջադրանքները շատ բարդ չեն, եւ եթե երեխան ընտրում է ֆիզիկա առարկան՝ որպես քննություն, ապա ենթադրվում է, որ նա որոշակի պատրաստվածություն ունի այդ առարկայից: «Հարցերը սկսվում են շատ տարրական հասկացությունից, ասենք՝ զանգվածի չափման միավոր եւ այլն, ապա քիչ-քիչ բարդանում»,- ասաց ֆիզիկոսը:

ԳԹԿ քիմիայի գլխավոր մասնագետ Գյուլնարա Փալիկյանը նույնպես հավաստիացրեց, որ իրենց կազմած ուղեցույցում ընդգրկված է քիմիայի դպրոցական ծրագիրը, եւ ոչինչ ավելի: «Թեսթը կազմված է Ա տարբերակից, որում կա 36 առաջադրանք՝ 50 միավորով, եւ Բ տարբերակից՝ 16 առաջադրանք, 30 միավոր»: Բերենք քիմիայի առաջադրանքներից մի օրինակ.

Ա28-Միմյանց հպված երկաթի եւ ցինկի թիթեղներն ընկղմել են կերակրի աղի լուծույթի մեջ, որի հետեւանքով տեղի է ունեցել.

1. երկաթի կոռոզիայի դանդաղեցում եւ ցինկի կոռոզիայի արագացում

2. երկաթի կոռոզիայի արագացում եւ ցինկի կոռոզիայի դանդաղեցում

3. երկու մետաղների կոռոզիայի դանդաղեցում

4. երկու մետաղների կոռոզիայի արագացում

Լուսինե Ասլանյանը՝ ԳԹԿ-ի աշխարհագրության մասնագետը տեղեկացրեց, որ ուղեցույցում ներառված է թեստի երկու նմուշ, որոնցից յուրաքանչյուրում կա Ա եւ Բ մակարդակ, Ա-ում ընդգրկված է 50 առաջադրանք՝ յուրաքանչյուրն ընտրովի պատասխաններով, եւ Բ-ում՝ 28 առաջադրանք, որոնցից 25-ը՝ ընտրովի պատասխաններով, իսկ երեքը՝ կարճ պատասխան պահանջող խնդիր-առաջադրանքներ են: Ընդ որում՝ Բ27-ը եւ Բ28-ն ունեն երկու ենթաառաջադրանքներ: Բերենք աշխարհագրության բազմակի ընտրությամբ առաջադրանքի մի օրինակ.

Ա23- Այդ երկիրը սահմանադրական միապետություն է: Կղզի պետություն է: Հայտնի է նավթի եւ բնական գազի հանույթով: Մայրաքաղաքը խոշոր նավահանգիստ է: Այդ երկիրն է.

1. Իսպանիան

2. Մեծ Բրիտանիան

3. Ինդոնեզիան

4. Ճապոնիան

Անդրադառնանք կենսաբանությանը: Ինչպես տեղեկացրեց ԳԹԿ-ի կենսաբանության մասնագետ Լիլիթ Հարությունյանը, իրենց թեստերում ընդգրկված է 73 առաջադրանք, որոնցից 48-ը՝ Ա տարբերակում: Այդ 48-ից 46-ը ընտրովի պատասխանով առաջադրանքներ են, իսկ երկուսը՝ խնդիրներ, որոնք երկու ենթահարց են պարունակում: Բ տարբերակում 25 առաջադրանք, այդ թվում՝ 3 խնդիր, որոնցից մեկը պարունակում է երկու ենթահարց, իսկ երկուսը՝ երեք ենթահարց: Բերենք կենսաբանությունից մի խնդրի օրինակ՝

Բ23. Շագանակագույն աչքերով եւ աջլիկ ամուսիններից ծնվեց երկու երեխա, մեկը՝ շագանակագույն աչքերով ձախլիկ, մյուսը՝ երկնագույն աչքերով աջլիկ: Շագանակագույն աչքերը եւ աջլիկությունը պայմանավորող գեները դոմինանտում են համապատասխանաբար երկնագույն աչքեր եւ ձախլիկություն որոշող գեների նկատմամբ եւ ժառանգվում են որպես աուտոսոմային չշղթայակցված ալելային գեներ:

23.1. Որոշել ծնողների գենոտիպը:

1) AaBB եւ AaBB

2) AABB եւ AaBb

3) Aabb եւ AaBb

4) AaBb եւ AaBb

5) AABb եւ AaBb

6) Aabb եւ AaBB

23.2. Գտնել այդ ընտանիքում երկնագույն աչքերով ձախլիկ երեխա ծնվելու հավանականությունը:

1) 1/4 2) 1/2

3) 1/16 4) 1/8

5) 3/4 6) 9/16

Եվ վերջում ներկայացնենք հայոց պատմության մի առաջադրանք: Այս առարկայի թեստով նույնպես ընդհանուր հաշվարկով աշակերտը կարող է հավաքել մինչեւ 80 միավոր:

Ա39. Պատմական գործիչների անունները համապատասխանեցնել պաշտոնների հետ.

ա) Վահրամ Պահլավունի

բ) Աշոտ 2-րդ

գ) Իվանե Զաքարյան

դ) Ներսես Տայեցի

 1) սպարապետ

2) Հայոց իշխան

3) շահնշահ 4) թագաժառանգի խնամակալ

 1) ա-4, բ-3, գ-1, դ-2

2) բ-2, գ-4, դ-1, ե-3

3) ա-2, գ-4, դ-3, ե-1

4) ա-1, բ-3, գ-4, ե-2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել