Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ վտանգեք ուսուցչի վարկը

Դեկտեմբեր 13,2008 00:00

Դրամահավաքի մասին խոսակցությունները դրան են տանում

Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում հատուկ վերաբերմունք է ունեցել դպրության եւ ուսուցիչների նկատմամբ։ Պատահական չէ, որ գլխարկ են հանել ուսուցչի առջեւ եւ գլուխ են խոնարհել։ Այսօր իրականությունը փոքր-ինչ այլ է։ Հարձակման թիրախ է դարձել դպրոցը, եւ դա ինձ վրա թողնում է նախապես չախտորոշված վիրահատության տպավորություն։

Ախր դպրոցը կենդանի օրգանիզմ է եւ շատ զգայուն։ Բարձրաձայնած ամեն խոսք պետք է զգուշավոր լինի եւ խիստ կշռադատված։ Ամենուր խոսվում ու գրվում է դպրոցներում կատարվող դրամահավաքության մասին։ Մեծագույն ցավով եմ վերաբերվում այդ ամենին, որովհետեւ շատ հաճախ փաստերը խեղաթյուրվում են։

Անշուշտ, ծնողը պարտավոր է հոգալ այնպիսի ծախսեր, որոնք վերաբերում են դասագրքերի ձեռքբերմանը (դասագրքերի հատկացումը կատարվում է դպրոցում), կազմակերպվող արշավներին, նպատակային էքսկուրսիաներին, մշակութային օջախներ հաճախելուն։ Մնացած «բազում» ծախսերը ծնողները իրենք կարող են չկատարել եւ չվարկաբեկել դպրոցը։

Սակայն իմ խնդիրը բնավ ֆինանսական հարաբերությունները պարզելը չէ, այլ՝ ուսուցիչ-աշակերտ- ծնող փոխհարաբերությունը։ Առանց այն էլ ստեղծված իրավիճակը լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Վերջին տարիներին շատ խնդիրներ են առաջացել կրթական համակարգում։ Հասարակության շեշտակի շերտավորումը, որն իր հետ բերեց նոր հոգեբանություն, փոխեց մարդկանց մտածելակերպն ու մոտեցումները։ Եթե դասավանդման նյութն ու մեթոդները կարելի է փոփոխել, ապա դաստիարակությունը անհնար է կարճ ժամանակահատվածում հարմարեցնել այս կամ այն համակարգին։ Դաստիարակությունը ազգային կատեգորիա է, որն իր մեջ ամփոփում է ժողովրդի պատմության ընթացքում ձեւավորված ավանդույթները։

Մի կողմից արտաքին ազդակները, մյուս կողմից ներքին շերտավորումները շոշափելի հակասություններ են առաջացնում հասարակություն – դպրոց փոխհարաբերության մեջ։ Բոլոր դեպքերում, եթե ցանկանում ենք բարձրացնել սերնդի կրթության եւ դաստիարակության մակարդակը, ապա հասարակությունը պարտավոր է պատշաճ վերաբերմունք դրսեւորել դպրոցի ու ուսուցչի նկատմամբ։ Քանզի որքան տրորում են վարունգի թաղարը, այնքան դառն են լինում նրա պտուղները։

Միայն հարգված ու մեծարված ուսուցիչը կարող է անմնացորդ նվիրվել իր գործին, առողջ հունդեր սերմանել երեխաների հոգիներում։

Կյանքը մեկ անգամ չէ, որ ապացուցել է ուսուցչի՝ ազգի զինվորն ու նվիրյալը լինելը։ Աշակերտը ինչ «դասի» էլ պատկանի, պարտավոր է գիտակցել ուսուցչի տեղն ու դերը իր կայանալու գործում (որքան էլ մասնավոր դասեր ստանա), իսկ ծնողը՝ հարգանք սերմանի դպրոցի նկատմամբ։ Միայն սիրով ու փոխադարձ հանդուրժողականությամբ կարելի է դուրս գալ ստեղծված այս անախորժ իրավիճակից։

Ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, որ մազաչափ խաթարվի ուսուցչի հեղինակությունը, քանզի՝ ինչպիսին ուսուցիչն է, այնպիսին էլ ազգն է։

Բացառված չէ նաեւ պատահական մարդկանց ներթափանցումը դպրոց, որի կանխումը մեկ ճանապարհ ունի. տնօրեն ընտրում են միայն անբասիր կենսագրություն, փորձառություն եւ իր գործի կարեւորության գիտակցությունն ունեցող անձանց, իսկ տնօրենը նույն չափանիշներով ընտրում է ուսուցչին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել