Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱԿԱԴԵՄԻԱՅԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ

Դեկտեմբեր 13,2008 00:00

Հարկադիր պարապուրդի մատնված նախկին դասախոսները դատի են տվել բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Ա. Մելքումյան) լսվեց Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ) նախկին դասախոս Մնացական Հարոյանի հայցն ընդդեմ ՀՊԱՀ-ի՝ իրեն աշխատանքում վերականգնելու եւ մեկ տարվա անհարկի պարապուրդի գումարը վերադարձնելու պահանջով (360 000 դրամ): «Առավոտի» 09.12.2008 թ. համարում «Հեռացված դասախոսը կդիմի դատարան» հրապարակման մեջ անդրադարձել էինք Մ. Հարոյանի խնդրին, որտեղ վերջինս պնդում էր, որ ոտնահարվել են իր իրավունքները: Նշենք, որ նախկին դասախոսը շուրջ 25 տարի աշխատել է ՀՊԱՀ-ում, դասավանդել իրավունքի հիմունքներ եւ հողային իրավունք առարկաները: ՀՊԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանի 28.08.07 թ. հրամանի համաձայն, Մ. Հարոյանի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, վերջինիս հետ նոր պայմանագիր չէր կնքվել՝ առանց որեւէ պատճառաբանության: Բացի այն, որ Մ. Հարոյանը բազմիցս ցանկացել էր հանդիպել ռեկտորին, նաեւ դիմումներ էր գրել՝ պարզելու իրեն բուհից անհարկի դուրս թողնելու պատճառը: Մ. Հարոյանի հավաստմամբ, իր դասախոսություններն ու դասալսումները անցել են պատշաճ մակարդակով, ուսանողներից երբեւէ բողոքներ չեն եղել: Ինչ վերաբերում է ռեկտոր Թարվերդյանին, նա դասախոսին այդպես էլ չէր ընդունել, Մ. Հարոյանի դիմումն էլ մակագրել էր իր առաջին տեղակալ Յուրի Մարմարյանին: «Առավոտին» ՀՊԱՀ-ից տեղեկացրել էին, որ գործում է դասախոսական կազմի համալրման հստակ կարգ, թափուր տեղերի մրցույթի մասին էլ հայտարարություն է տարածվում: Ասել էին նաեւ, որ մասնակիցների ընտրությունը կատարվում է գիտխորհրդում՝ քվեարկությամբ, հաղթողի հետ կնքվում է պայմանագիր եւ Մ. Հարոյանը նույնպես կարող է մասնակցել մրցույթին:

Հավելենք, որ պատասխանող կողմը՝ Ագրարային համալսարանի ներկայացուցիչ Եղիշե Անդրյանն ու պրոռեկտոր Յուրի Մարմարյանը դատարան ներկայացան միայն նիստի ավարտից հետո ու պատճառաբանեցին, որ շփոթել են ժամը:

Դատական նիստը հետաձգվեց, որովհետեւ Մ. Հարոյանը պետք է ծանոթանար ՀՊԱՀ-ի կողմից դատարան ներկայացված պատասխանին:

Հաջորդ նիստը կկայնա 2009թ. հունվարի 13-ին:

Մեզ հետ զրույցում Մ. Հարոյանն ասաց, որ ինքը ՀՊԱՀ-ի ուղարկած պատասխանի հետ ընդհանրապես համաձայն չէ ու պատրաստ է դատարանում պատասխան տալ նրանում առկա յուրաքանչյուր կետի համար:

Նշենք, որ նույն հայցով ՀՊԱՀ-ի դեմ դատարան են դիմել նաեւ նույն բուհի նախկին դասախոսներ Ա. Խաչատրյանն ու Ս. Պետրոսյանը, առաջին նիստն էլ կայացել է դեկտեմբերի 4-ին:

«Առավոտը» 27.09.2008 թ. համարում էլ «Հերթական ավելորդները գյուղակադեմիայում» հրապարակման մեջ անդրադարձել էր ռուսաց լեզվի այս գործազուրկ դասախոսների խնդրին: Ի դեպ, վերջիններիս դատավարության ժամանակ էլ է պատասխանող կողմը ներկայացել ուշացումով, նիստն էլ հետաձգվել էր պատասխանողի ոչ գրագետ լիազորագրի պատճառով, որտեղ նշված չէր ոչ ամիս- ամսաթիվ, ոչ էլ այն, թե Ե. Անդրյանը ո՞ր գործով իրավունք ունի մասնակցել դատավարությանը: Դատավոր Ա. Մելքումյանի դիտարկմանն էլ, որ լիազորագիրը իրավական ուժ չունի, հետեւաբար նա իրավունք չունի մասնակցել դատական պրոցեսին, Յու. Մարմարյանը դատավորից խնդրել էր տասը րոպե սպասել, որ Ե. Անդրյանը գնա լիազորագիրը փոխի ու ետ գա: Դատական նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 17-ը:

«Առավոտի» հետ զրույցում Յու. Մարմարյանն ասաց, որ Մ. Հարոյանի հայցն անհիմն է ու իրենք ոչ մի կանոնակարգի խախտում չեն արել: Նա չցանկացավ պատասխանել մեր հարցերին:

Մ. Հարոյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ «Առավոտում» տպագրված հոդվածից հետո իրեն առաջարկվել է մասնակցել հոկտեմբերին կայանալիք մրցույթին: «Ես ասացի՝ գործերս դատարանում են, ինձ պատասխանեցին՝ կապ չունի: Գործերս պատրաստեցի ու ներկայացրի համալսարան: Մրցույթում ներկայացված եմ միայն ես, այն կայացավ նոյեմբերի վերջերին: Մինչեւ հիմա արդյունքները գիտխորհրդում դեռ չեն ամփոփվել ու ինչ-ինչ պատճառներով հետաձգում են»,- պատմեց Մ. Հարոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել