Լրահոս
Օրվա լրահոսը

Հակահայկականության «պտուղները»

Դեկտեմբեր 13,2008 00:00

Հայկականությունը քննարկման ենթակա չէ

«Վրաստանում գտնվող եկեղեցիների հայկականությունը քննարկման ենթակա չէ, մտավախություն ունեմ մի հանձնաժողով էլ կստեղծվի, պարզելու համար՝ մենք հա՞յ ենք, թե՞ ոչ»,- երեկ «Փաստարկ» ակումբում ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: Հայկական կողմը ակտիվացրել է իր քայլերը վրացիների բռնազավթած եկեղեցիների վերադարձման ուղղությամբ: Վրաստանը էթնակրոնական քաղաքականություն իրականացնելու մեծ փորձ ունի, որ փոխանցել են արեւմտյան պետությունները, հայերիս համար դա նոր երեւույթ է: Վրաստանը պահանջում է ոչ միայն Հայաստանում գտնվող «վրացական» եկեղեցիները՝ նման պահանջներ ունի նաեւ Ադրբեջանից ու Թուրքիայից: «Ադրբեջանը չի միջամտում վրաց եկեղեցու ներթափանցմանը՝ այն պարզ պատճառով, որ վրացական հայտարարվող եկեղեցիները հիմնականում աղվանական կամ հայկական են»,- նկատեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: Փորձագետները նշում են, որ Թբիլիսիում շարունակվում են համապատասխան բողոք-ակցիաները, որոնց պահանջն է Վրաստանին վերադարձնել ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Լոռու մարզում գտնվող հայկական տասը եկեղեցիները, այդ թվում՝ Սանահինի, Հաղպատի վանքերը, Խուճապավանքը… Եկեղեցիներ, որոնք հայ քաղկեդոնական մշակույթի կոթողներ են, եղել են հայերի կողմից կառուցված, իսկ մեսրոպատառ հին վրացերենով արձանագրությունները վրացական քաղաքականության ազդեցության տակ հայտնված հայ քաղկեդոնականների մշակութային ժառանգության արգասիք են:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Վրաստանի պատրիարքությունը տարածել է հայտարարություն, որտեղ նշված է, թե «Սուրբ Նորաշեն» եկեղեցու պատկանելությունը որոշելու համար պրոֆեսիոնալ փորձագետներից բաղկացած հանձնաժողով է պետք ստեղծել: «Այս խայտառակ բանակցությունների ընթացքին հետեւելով՝ մտավախություն ունեմ, որ եկեղեցին զիջվելու է հայկական կողմին՝ Հայաստանի տարածքում գտնվող մեկ այլ հայկական եկեղեցու փոխարեն»,- այս կարծիքին է Վ. Սարգսյանը:

Խնդիրը լուծելու համար միջազգային հանրությանը ներգրավելը փորձագետներն անիմաստ են համարում: Ըստ Վահե Սարգսյանի, հարցի լուծման մի տարբերակ կա. «82.000 թիֆլիսահայությանը անհրաժեշտ է գործոն դարձնել, բայց նրանք էլ չունեն ազգային ինքնագիտակցություն»:

ԼԻԼԻԹ ԲԱԲԱՅԱՆ

Դատի՛ տանք Վրաստանին եւ Ադրբեջանին

«Մեր նախնիները այնքան են ստեղծել, մեր հարեւաններն այնքան են ոչնչացրել, որ մի քանի հարյուր տարի կարող ենք միայն այդ դատերի հաշվին ապրել… Նրանք պետք է պատասխան տան իրենց հասցրած վնասների՝ խաչքարեր, հուշարձաններ ջարդուփշուր անելու համար»,- երեկ «Նարեկացի» արվեստի միություն հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն» հ/կ-ի (ՀՃՈՒԿ) երեւանյան գրասենյակի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Տեղեկացրել էինք, որ ՀՃՈՒԿ-ի ջանքերով լույս են տեսել Սամվել Կարապետյանի «Ջավախք» եւ «Ախալցխա» գրքերը՝ նվիրված վերջիններիս պատմությանն ու մշակութային ժառանգությանը, մասնավորապես՝ ճարտարապետությանը: «Դրանք գիտական հատորներ են՝ հանրագիտարանի բնույթի, որոնք լուրջ արժեք են ներկայացնում պատմական, ճանաչողական եւ ուսուցողական առումներով: «Ջավախքը» 9-րդ հատորն է, «Ախալցխան»՝ 11-րդ»,- ասաց հեղինակը:

Ըստ բանախոսի, «Ջավախքը» ներկայացնում է երկրամասի շուրջ հարյուր բնակավայրերի մանրամասն պատմությունը: «Ախալցխա»-ում էլ ներկայացված են Հայաստանի հյուսիսային սահմանագլխին՝ հայ-վրացական շփման գոտում գտնվող Ախալցխա՝ Սամցխե նահանգի բնակավայրերի պատմությունն ու պատմական հուշարձանները:

Ըստ վրացագետ Ալեքսանդր Քանանյանի, «Ախալցխայում, Ջավախքում գտնվող բոլոր պատմական հուշարձանները հին հայկական արմատներ ունեն, ինչը չեն ընդունում վրացիներն ու ադրբեջանցիները: Աշխատություններում առանձնահատուկ տեղ է հատկացված պահպանված վիմագրերի վերծանություններին: Օրինակ, վրացական մամուլը ժամանակ առ ժամանակ վրացահայերին մեղադրում է վրացական վիմագրերը ոչնչացնելու մեջ: Շատ անգամ վրացահայերը չեն ընկալում վրացալեզու արձանագրությունները՝ վանքերի, հուշարձանների, եկեղեցիների պատերին փորագրած, որովհետեւ իրենք ծանոթ են վրացական նոր գրչությանը, իսկ հինը հայկական մեսրոպատառ այբուբենից շատ քիչ է տարբերվում»:

Ս. Կարապետյանը շեշտեց, որ վրացահայերը հավատացած են, թե վրացական վանքերի, հուշարձանների եւ եկեղեցիների վրա հայերեն տառերով են գրված արձանագրությունները. «Նրանք ասում են՝ մեզ պետք չէ, որ ասես՝ այս եկեղեցին հայկական է: Վրացիները միշտ ասում են՝ վրացական է, բայց կարծես հայերեն է գրված: Ասում եմ՝ չէ, հայերեն չէ, հին վրացերեն է: Ասում են՝ լավ, իսկ ո՞ւմն է այս եկեղեցին եւ նախօրոք զգուշացնում, որ պետք չէ, որ ասես հայկական է… Ջավախքի վրացական եկեղեցիներից մեկի հարավային պատին կից կար գերեզմանոց՝ տապանաքարերով, որոնցից մեկի վրա հայ հոգեւորականի անուն էր գրված: Ինձ շատ է հետաքրքրում այդ հարցը. հայ հոգեւորականին վրաց եկեղեցու բակում ինչո՞ւ պիտի ամփոփեին: Հիմա ասեք՝ դա վրացակա՞ն է, թե՞ հայկական»:

Պատմական գիտությունների դոկտոր Պավել Չոբանյանը փաստեց, որ հրատարակված աշխատությունները մշակութային են, սակայն քաղաքական առաքելություն ունեն: Ս. Կարապետյանն էլ նեղսրտեց. «Խնդիրն այն է, որ մենք մեզ հասցված վնասների համար Վրաստանին, Ադրբեջանին պետք է դատի տանք եւ պահանջենք վճարել դրանց համար, բայց իրականությունն այլ է՝ կա՞ Հայաստանում նորմալ իրավաբան, որ հանձն առնի այդ գործը: Ամեն երկրորդն այսօր իրավաբանական է ավարտում, բայց…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել