Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄՆ Է «ԱՐԱՐԱՏ-73»-Ը

Դեկտեմբեր 13,2008 00:00

\"\"Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի եւ նրա ավագ գործընկեր Անատոլի Մոկացյանի այրու տեսակետները տարբերվում են:

Այլեւս չէի կարող լուռ հետեւել, թե ինչպես վաստակ չունեցողը բավական չէ օգտագործում է ուրիշի գործը, նաեւ փորձում է համոզել բոլորին, որ հենց ինքն է վաստակավորն ու գործի հեղինակը՝ վստահ լինելով, որ ձայն հանող, հակառակվող, ձեռքը բռնող չի լինի…

Ամուսինս՝ կինոռեժիսոր Անատոլի Մոկացյանը, կինոյում էր մանկուց։ Նախ ինքն է նկարահանվել, ապա որպես ռեժիսոր եւ սցենարիստ՝ դարձել մոտ 50 գեղարվեստական ու փաստավավերագրական կինոնկարների հեղինակ։ Նրա ֆիլմերը մրցանակներ են շահել միջազգային հեղինակավոր կինոփառատոներում։ Նա՛ է 1973թ. նկարահանված «Բնավորություն» (նոր անվամբ՝ «Արարատ-73») կինոնկարի ռեժիսորն ու մտահղացման հեղինակը։ Նա եւ կինոնկարի ստեղծագործական խումբը նվիրումով ու սիրով ստեղծեցին հայկական սպորտի մեջ ամենահայտնի ֆուտբոլային թիմի ոսկե տարեգրությունը, մինչդեռ այսօր, որպես «Արարատ-73»-ի հեղինակ, մտահղացող, ռեժիսոր՝ հնչեցվում է Տիգրան Խզմալյանի անունը, որը 1973թ. հազիվ 10-12 տարեկան լիներ… Մարդը որոշեց, որ իրավունք ունի բռնաբարել եւ յուրացնել ուրիշի արածը՝ տվյալ դեպքում վերամոնտաժել ամուսնուս նկարահանած ֆիլմը, ներմուծել իր կողմից գրված հաղորդավարական տեքստը, այսպիսով՝ նախ դառնալով ֆիլմի «համահեղինակ»՝ որպես սցենարիստ, հետո էլ ներկայանալ ֆիլմի բացառիկ հեղինակ։ Հովհաննես Թումանյանի եւ Եղիշե Չարենցի մեկական բանաստեղծությունների միացումից չի ծնվի Հովհաննես Չարենց հանճարեղ բանաստեղծ։ Այս ճշմարտությունն է ուզում ժխտել Տիգրան Խզմալյանն իր ստեղծագործությամբ։ Այս

պատմության մեջ ամենածանրն այն էր, որ հենց իմ ամուսինն էլ ստիպված եղավ վերամոնտաժել «Բնավորությունը», այն դարձնելով «Արարատ-73», «Երեւան» հեռուստաֆիլմերի ստուդիայի այն ժամանակվա տնօրեն Տիգրան Խզմալյանի հրահանգով՝ վերջինիս ճաշակին համապատասխան։ Վարչական վերադասի պնդմամբ՝ ձեռք բարձրացրեց սեփական ստեղծագործության վրա։ Այսպես եղավ, որ փոխվեց ֆիլմի անունը, իսկ ֆիլմը բռնաբարող «ստեղծագործող» պաշտոնյան դարձավ ֆիլմի հեղինակ, որ իբր ինքն է նկարահանել։ Իր համար «ստեղծագործական» ազատություն ապահովելու նպատակով Տիգրան Խզմալյանը աշխատանքից ազատեց «Երեւան» ստուդիայի ողջ ստեղծագործական կոլեկտվին՝ վաստակաշատ ռեժիսորների, օպերատորների, իսկ ստուդիային հատկացված մեկ տարվա բյուջեի ողջ գումարը ծախսեց իր «Պյեռլեկինո կամ օդից թեթեւ» կինոստեղծագործությունը նկարահանելու վրա։

Անատոլի Մոկացյանը հանկարծամահ եղավ 2001թ, իսկ Խզմալյանը առայսօր շարունակում է իր գործը՝ փորձելով քաղաքական իրողությունները հարմարեցնել սեփական շահերին՝ այժմ արդեն ընդդիմադիրի ու չհասկացվածի կեցվածքով… Ես կուզենայի, որ ՀՀ սպորտկոմիտեի պաշտոնյաները, 1973թ. «Արարատ» թիմի խաղացողներն իրենց երախտիքի խոսքն ասեին «Արարատ-73» դարձած «Բնավորություն» ֆիլմի իսկական հեղինակներին, որոնցից ոմանք, օրինակ՝ ֆիլմի օպերատորներ Ստեփան Մարտիրոսյանը եւ Յուրի Մկրտչյանը, ողջ են։

ՇՈՂԱԿԱԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Անատոլի Մոկացյանի այրի

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն այս պատմության վերաբերյալ հեռախոսով հետեւյալը փոխանցեց. «Արարատ-73» ֆիլմում օգտագործվել են կադրեր 4 ֆիլմերից, այդ թվում՝ Անատոլի Մոկացյանի «Բնավորությունից»: Կադրերը վավերագրական են, նկարահանվել են Կիեւի «Դինամոյի» խաղի ընթացքում՝ ուկրաինացի վավերագրողների կողմից, եւ քանի որ Կիեւը պարտվել էր, Հայաստանը՝ հաղթել, դրանք տրվել էին Հայաստանի հեռուստատեսությանը: Վերջինս «Երեւան» ստուդիային պատվիրել էր ֆիլմ, որը արել է Անատոլի Մոկացյանը: 1998թ, երբ ես «Երեւան» ստուդիայի տնօրեն էի, առաջին վավերագրական ֆիլմը արեցի հենց Անատոլի Մոկացյանի հետ, եւ իր անունն էլ կադրերում կա՝ մենք համահեղինակ ենք: Հետագայում «Շարմ» ընկերությունը մեզ առաջարկեց այդ ֆիլմը կասետով հրապարակել, ու այդ կասետի վրա նույնպես գրված է Մոկացյանի անունը: Չեմ հասկանում, թե տիկին Մոկացյանն ինչի՞ց է նեղացած: Ինչ վերաբերում է «Արարատ-73»-ին, ես այն արել եմ 98-ին, եւ քանի որ ֆիլմը վավերագրական է, բնականաբար վավերագրական՝ 1973 թվականի կադրեր եմ օգտագործել ու բոլոր մարդկանց անուններն էլ գրել: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է տարիներ շարունակ տիկին Մոկացյանն անհանգստանում եւ ի՞նչ է ինձանից պահանջում: Վերջերս ֆիլմը խնդրեցին ցուցադրել «Արարատ-73»-ին նվիրված միջոցառմանը՝ «Նարեկացի» կենտրոնում, ինչը մասնավոր մարդկանց նախաձեռնությունն էր: Թե որքա՞ն է պարոն Մոկացյանի մասնակցությունն այդ ֆիլմին, այդ մասին չեմ ուզում խոսել, միայն կասեմ, որ VHS կասետի վրա նույնպես իր անունը կա: Մենք այդ տարիներին հետեւյալ սկզբունքով էինք աշխատում. ես անում էի ֆիլմ ու գրում գործընկերների անունը՝ իմի կողքին, այդ պրակտիկան շարունակվում է մինչ օրս: Նշեմ, որ Անատոլի Մոկացյանի ֆիլմը կոչվում է «Բնավորություն» եւ ցուցադրվում է որպես այդպիսին, իմը բոլորովին այլ ֆիլմ է, սցենարն էլ, ի տարբերություն «Բնավորություն» ֆիլմի, ե՛ս եմ գրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել