Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեթերապիա»՝ դատարանում

Դեկտեմբեր 13,2008 00:00

Արագածոտնի մարզում գեղանկարներով ե ն լիցքաթափում դժգոհ քաղաքացիներին

Հայտնի է, որ քաղաքացիների զգալի մասը դատարաններ մտնելիս «սթրես» է ապրում: Պատճառը ոչ միայն իրենց խնդրի լուծմամբ մարդկանց անորոշությունն է, որքան դատարանի խիստ «պաշտոնական» լինելը, նույնիսկ պատերի մռայլությունը: Այս առումով քաղաքացիների «պահանջմունքները» բավարարել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը: Նա դատարան է տեղափոխել գեղանկարների իր անձնական հավաքածուն եւ առաջին հարկից սկսած՝ դրանցով զարդարել դատարանի պատերը: Նույնիսկ դատարանի շենքում առանձին սենյակ է հատկացվել ցուցահանդես կազմակերպելու համար: «Այս մտահղացումն առաջացավ, երբ 2002-ին տեղափոխվեցինք նոր շենք: Նկարների մեծ մասը աշտարակցի նկարիչների գործեր են: Մանկուց արվեստով եմ զբաղվել, գեղանկարների մեծ սիրահար եմ, ինքս էլ ժամանակին նկարել եմ եւ եթե հիմա ազատ ժամանակ ունենամ՝ էլի կնկարեմ: Ցավալի է, բայց Աշտարակում մշտապես գործող պատկերասրահ չկա, փաստորեն՝ սա քաղաքում առաջինն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պարոն Մնոյանը: Ըստ նրա, շատ քաղաքացիներ իմանալով նկարների մասին՝ գալիս են դատարան դրանք դիտելու: «Եթե մարդը մտնում է դատարան՝ չպետք է վախի զգացողություն ունենա, ընդհակառակը՝ բացի իր խնդրի արդարացի լուծում ակնկալելուց, պետք է նաեւ դատարանում հաճույքով սպասի եւ հանգիստ զգա իրեն: Մարդու հոգեկան վիճակը շատ եմ կարեւորում: Եթե ինչ-որ բանից զայրացած գալիս են դատարան եւ հենց մուտքից դատարանի պատերը ճնշում են, այդ մարդու զայրույթն էլ ավելի կխորանա: Բացի այդ, դատական համակարգն ու մշակույթը անբաժան են: Իմ կարծիքով, ցանկացած դատավոր պետք է գաղափար ունենա եւ՛ արվեստից, եւ՛ գրականությունից: Այսօր ունենք դատավորներ, որոնք երաժշտական կրթություն ունեն՝ երգում են, նվագում…»,- ավելացրեց Ս. Մնոյանը:

Նա ունի 10-15 հեղինակային գեղանկարներ եւ մեր թերթի միջոցով կատակով աշտարակցիներին խոստացավ, որ կենսաթոշակի անցնելուց հետո իր անհատական ցուցահանդեսը կբացի, բայց «այդ օրվան երկար եք սպասելու»:

Դատարանի պատերին կախված են նաեւ ազատազրկվածների գործերը: Վերջերս, երբ պարոն Մնոյանը իմացել է, որ Կոշի գաղութում նկարիչ է իր պատիժը կրում, նրա համար նկարելու նյութեր է գնել եւ խնդրել է, որ նկարի ցանկացած նկար՝ միայն թե անազատության մեջ գտնվելով ձեռքը ետ չվարժվի: Ազատազրկված նկարիչը 2 (ի դեպ, նա նկարներ կեղծելու համար է դատապարտվել) նկար է արել, որը տեղ կգտնի հավաքածուի մեջ: Դատարանն էլ ավելի «գրավիչ» դարձնելու համար շենքի դիմաց մրգատու այգի են հիմվնել: Ամռանը դատարանի բակն են զարդարում մի քանի տասնյակ մետրի վրա ձգվող բացված վարդերը: Դատարանի աշխատակազմի ղեկավար Ավետիք Ավագյանի խոսքերով, շատ են դեպքերը, երբ փողոցով անցնող հարսանյաց մեքենաների շարասյունը կանգնել է, որ հարսն ու փեսան մտնեն դատարանի տարածք՝ վարդերի ֆոնին նկարվեն: «Դատարանը միայն դատելու համար չէ»,- կարծում է Ա. Ավագյանը:

Բնության սիրահար են նաեւ այս ատյանի դատավորները, բոլորի սենյակներում դրված էին մի քանի բնական ծառեր ու ծաղիկներ, որոնք, դատավորների մտահղացմամբ, պետք է որ դրական էներգիա հաղորդեն այցելուներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել