Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԴԵՄ

Դեկտեմբեր 13,2008 00:00

Ոստիկաննե՞րն են սեւացնում քաղաքապետի աշխատանքը

Արդեն երեք ամիս է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Շիրակ Հակոբյանի նախագահությամբ, շարունակվում է Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների վերահսկման բաժնի պետ Աշոտ Քալաշյանի դեմ հարուցված քրգործի քննությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, անօթեւան Սվետլանա Մովսիսյանի տնակը հափշտակելու ու այն Թադեւոս Շիրվանյանին 240 հազար դրամով վաճառելու մեջ: Վկաներից Թադեւոս Շիրվանյանը այդպես էլ չի ներկայացել դատարան: Նա արտերկրում բուժվելու մասին գրություն է ուղարկել դատարան՝ խնդրելով դատաքննությունն անցկացնել առանց իր մասնակցության: Մյուս վկաները՝ լինելով մեղադրյալի ու տուժողի ընկերներն ու ազգականները, ցուցմունքներ տվեցին հօգուտ նրանց: Իսկ տուժող Սվետլանա Մովսիսյանի հարսը՝ Կարինե Խաչատրյանը, մինչեւ վերջ պնդեց, որ քաղաքապետարանի պաշտոնյան «գողացել» է սկեսրոջ տնակը: Քալաշյանի աշխատակիցներն էլ պարբերաբար ամոթանք էին տալիս Կարինեին՝ իրենց ղեկավարին անմեղ տեղը զրպարտելու համար: Մեղադրող Արթուր Հովհաննիսյանն համոզված լինելով, որ քաղաքապետարանի պաշտոնյան, այնուամենայնիվ, կատարել է հանցանք (ի դեպ, պաշտոնյան նախիկնում դատված է եղել՝ տուգանվելով երեք հարյուր հազար դրամի չափով- Ն.Ա.), դատարանին առաջարկեց 2 տարի ժամկետով զրկել նրան պաշտոն զբաղեցնելու իրավունքից եւ նրանից հինգ հարյուր հազար դրամ բռնագանձել՝ հօգուտ տուժողի:

Օրեր առաջ պաշտպանական ճառով հանդես եկավ Աշոտ Քալաշյանի պաշտպանը՝ Հենրիկ Մանուկյանը, որը բավականին ուշագրավ հայտարարություն արեց: Տեղեկացնելով, որ նախաքննական մարմնին ներկայացված 8 բացատրություններից միայն 2-ում՝ տուժողի եւ նրա հարսի ցուցմունքներում է պաշտոնյան մեղադրվում (տնակը վաճառելու եւ գումարը յուրացնելու մեջ), փաստաբանը հրապարակեց նաեւ գնորդ Թադեւոս Շիրվանյանի նախաքննական ցուցմունքը, ըստ որի. «2008թ. ապրիլի 12-ին Սվետլանա Մովսիսյանը եւ Կարինե Խաչատրյանն առաջարկել են Աշոտ Քալաշյանին տնակը վաճառել, նա էլ զանգահարել է իր ծանոթին՝ Թադեւոս Շիրվանյանին, ով եկել է, Քալաշյանն էլ իր բաժնի աշխատակից Արթուր Պարունակյանի հետ մտել է տնակ, գումարը տվել է, հետո տնակից դուրս են եկել: Սվետլանան, նրա հարսն ու որդին՝ Կարինեն ու Վարդանը, սկսել են դատարկել տնակը, գույքը, հետագայում փակել են տնակի դուռը ու բանալին հանձնել հարեւանին»: Այդ ցուցմունքի հիման վրա փաստաբան Մանուկյանը եզրակացրեց. «Եթե անհամաձայնություն լիներ Սվետլանայի եւ Քալաշյանի միջեւ, ոչ բանալին կտային հարեւանին, ոչ էլ տնակի գույքը կտեղափոխեին: Սա, ըստ էության, ի վնաս մեղադրանքի է, չապացուցվող փաստեր է ներկայացվել նախաքննական մարմնին: Եթե տնակը այլ տնակային թաղամաս տեղափոխելու անհրաժեշտություն լիներ, «կռանը» գար՝ մութը բնավ չէր խանգարի: Հարգելի դատարան, խնդրում եմ ուշադրություն դարձնել մի փաստի, որը ես չեմ կարող չասել, այս գործը որոշակի կապ ունի Քալաշյանի պաշտոնական գործողությունների հետ: Ակնհայտ է, որ Քալաշյանը ապօրինի տնակների տեղահանման պատասխանատուն է, մեկ անգամ կանխել է պաշտոնական անձանցից մեկի ապօրինի գործողությունը եւ այդ անձնավորությունը տուգանվել է ապօրինի գործողություն կատարելու համար: Բնականաբար, սա անդրադարձ է ունեցել, որպեսզի այս գործը սկսվի: Այլապես ինչո՞վ բացատրել, որ գրեթե չապացուցված գործը դարձրել են մեղադրական գործ, ուղարկել դատարան, պահանջելով Քալաշյանի նկատմամբ կիրառել տուգանք՝ հինգ հարյուր հազար դրամի չափով:

Ես գտնում եմ, որ այս հարցը առաջ մղողները որոշակի հարցեր ունեն նաեւ Գյումրիի քաղաքապետարանի հետ, որովհետեւ քաղաքապետարանի առաջին բաժնի պաշտոնատար անձի վերաբերյալ նման դիտավորյալ վերաբերմունքը՝ նպատակ է հետապնդում քաղաքապետարանին եւ անմիջապես քաղաքապետին մեղադրելու: Ապացույցների մեծ մասը հանդիսանում է հանցագործության կատարումը ժխտող, ինչպե՞ս կարելի է հիմք ընդունել գործով շահագրգռված, բարեկամական կապերի մեջ գտնվող երկու անձնավորությունների բացատրությունները, սակայն դրա հետ միասին անտեսել օբյեկտիվությանը առավել մոտ այն անձնավորությունների բացատրությունները, որոնք կապված չեն բարեկամական կապերով: Ես համոզված եմ, որ դատարանի ներկա կազմը այնպիսին է, որը կուլ չի գնա որոշակի հանգամանքների, իմ այս համոզմունքը երաշխիք կլինի ժողովրդի համար, որ Շիրակի մարզում ունենք դատարան, որը կարող է ապացույցները գնահատել եւ արդարացման վճիռ կայացնել»,- կեսժամանոց ելույթում ասաց Քալաշյանի պաշտպանը:

Տուժողի շահերի ներկայացուցիչ Աննա Դավթյանն էլ «Առավոտին» ասաց. «Ես գտնում եմ, որ պաշտպանական կողմն անընդհատ ուշադրությունը կենտրոնացնում էր մի հանգամանքի վրա. մեղադրանք առաջադրելիս հենվել են այն ապացույցների վրա, որը չպետք է հիմք ընդունվեր, քանի որ այստեղ գործում են բարեկամական-ազգակցական կապերը. սկեսուր՝ Սվետլանա Մովսիսյան եւ հարս՝ Կարինե Խաչատրյան: Սակայն նրանք մոռանում են կամ, ըստ երեւույթին, ձեռնտու չէ, որ իրենց ապացույցների ցանկում նշվում են այնպիսի վկաների ցուցմունքներ, որոնք Աշոտ Քալաշյանի ընկերներն են, որոնք, բնականաբար, աշխատանքային կախվածության մեջ են գտնվել Ա. Քալաշյանի հետ: Սրանք երկուստեք նույն հարաբերություններն են: Կուզեի նշել, որ պաշտպանական կողմը զգալով, որ իր ներկայացրած ապացույցները խիստ անարժանահավատ են՝ պաշտպանական ճառի վերջում արդեն միջնորդում է, որպեսզի դատարանը արդարացման դատավճիռ կայացնի, բայց սա առավել շատ ցածրացրեց ապացույցների գնահատումը»:

Երեկ Քալաշյանը, այնուամենայնիվ, դատապարտվեց 500.000 դրամ տուգանքով: Դատարանը որոշեց նաեւ նրան զրկել 2 տարի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել