Լրահոս
Օրվա լրահոսը

Օրալ փուլը չեն հաղթահարել

Դեկտեմբեր 13,2008 00:00

Հոգեբան Նարե Գրիգորյանի կարծիքով, ծխելով՝ ենթագիտակցաբար վերադառնում են մանկություն, քանի որ այդ հասակում չեն

կարողացել հաղթահարել ամեն ինչ բերանը տանելու սովորությունը:

«Քանի որ ես թույլ նյարդերի տեր մարդ եմ, ծխում եմ, որպեսզի հանգստանամ եւ ինձ անհանգստացնող բաների մասին չմտածեմ: Երբ ծխում եմ, այդ պահին կտրվում եմ ամեն ինչից: Ճիշտ է, ես գիտեմ, որ դրանով վնասում եմ իմ առողջությանը, բայց ինչ անեմ, չեմ կարողանում թողնել»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես ասաց 15-ամյա Տիգրանը, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ծխում:Նույն հարցը ուղղեցինք նաեւ 13-ամյա Արմանին: Նա, ի տարբերություն Տիգրանի, ծխելու համար «հիմնավոր» պատճառներ չուներ՝ «Ուզում եմ՝ ծխում եմ»:

Այսօր մեր հանրապետությունում ծխող անչափահասներ շատ կան, ու որքան էլ

ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ ծխելը վնասակար է առողջությանը, ինչպես նաեւ արգելում է ծխախոտի վաճառքն անչափահասներին, միեւնույն է, գրեթե բոլոր առեւտրի օբյեկտներից երեխաները կարողանում են ծխախոտ ձեռք բերել: Ըստ մասնագետների, անչափահասները հիմնականում ծխել սկսում են 10-15 տարեկան հասակից, այսինքն՝ հասունացման շրջանում:

Թե ինչ հոգեբանական դրդապատճառներ են երեխային ստիպում ծխել՝ զրուցեցինք հոգեբան Նարե Գրիգորյանի հետ: Նրա խոսքերով. «Ծխելու երեւույթը ոչ միայն դեռահասների մոտ, այլեւ՝ առհասարակ, պայմանավորված է մի շարք հոգեբանական գործոններով: Մարդն իր հոգեսեռական զարգացման ընթացքում անցնում է որոշակի փուլեր, եւ ամեն մի փուլում մարմնի կոնկրետ մի հատված համարվում է դոմինանտ օրգան՝ աշխարհի ճանաչման համար: Առաջինը, որը կոչվում է օրալ փուլ, լինում է 0-1,5 տարեկան երեխաների մոտ, եւ այս ընթացքում դոմինանտ օրգան համարվում է բերանը. երեխան այս ժամանակահատվածում ամեն ինչ տանում է բերանը: Հետագայում այդ փուլը հաղթահարվում է մասամբ կամ ամբողջությամբ: Եվ նրանց մոտ, ովքեր ամբողջությամբ չեն հաղթահարում, մնում է որոշակի ֆիքսվածություն այդ փուլի վրա, երբ աշխարհի ճանաչման հիմնական միջոցը եղել է համայինը՝ շուրթերը, լեզուն: Եվ ծխելով՝ մարդիկ թուլացնում են իրենց լարվածությունը՝ ենթագիտակցաբար վերադառնալով վաղ մանկության շրջան, որտեղ նրանց մոտ այդ նույն հաճույքի, պաշտպանվածության զգացումը առաջացրել է մոր կուրծքը»:

Իսկ դեռահասների մոտ, ըստ հոգեբանի՝ ծխելը բացատրվում է ոչ միայն օրալային փուլի ոչ լիովին հաղթահարմամբ, այլ նաեւ դա նրանց համար հանդիսանում է ինքնահաստատվելու, հասուն երեւալու եւ շրջապատի կողմից ընդունվելու միջոց: Ն. Գրիգորյանի ներկայացմամբ, երեխաների այդ վարքագիծը կարող է բացատրվել նաեւ որպես ցանկություն՝ նույնականանալու ծխող հոր կերպարի հետ:

Երեւանի հանրակրթական դպրոցներից մեկի ուսուցչուհի Գոհար Դալլաքյանն էլ կարծում է, որ ինչքան էլ ուսուցիչը երեխայի գլխին ծխելու վատ հետեւանքների մասին խրատներ կարդա, միեւնույն է, անչափահասը ծխելու է, քանի որ. «Այդ տարիքի հատկապես տղա երեխայի համար հիմնականում ամենամեծ հեղինակությունը հայրն է, եւ եթե նա ծխում է՝ ուսուցչի խրատները անօգուտ են: Չեմ կարծում, որ այս խնդրում դպրոցի եւ մանկավարժների դերը շատ մեծ է. ուսուցիչն ընդամենը կարող է բացատրել ծխելու վնասը, օրինակներ բերել, սակայն այս հարցում զգալի դերը շրջապատինն է: Մեծ է նաեւ ծնողների դերը. նրանք պետք է օրինակ ծառայեն»:

«Ես իմ երեխային երբեք խստորեն չեմ պատժի ծխելու համար, կարծում եմ՝ դրանով ոչնչի չեմ հասնի: Պարզապես, կզրուցեմ հետը, կյանքից օրինակներ կբերեմ, այնպես կանեմ, որ նա ինքնուրույն գա այն համոզման, որ ծխելը խիստ վնասակար երեւույթ է»,- այս կարծիքին է անչափահաս երեխաների մայր Անահիտը: Նա գտնում է, որ պատժամիջոցներ կիրառելը պարզապես էլ ավելի կմեծացնի երեխայի ծխելու ցանկությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել