Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետն ինքն իրեն գնահատեց

Դեկտեմբեր 13,2008 00:00

Նախքան վարչապետը տարեվերջին կգնահատի այս կամ այն մարզը, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը «Առավոտի»

հետ զրույցում իր ղեկավարած մարզին «3-ին գումարած» նշանակեց:

«Այսօր մեր մարզում բյուջեի կատարման առումով դժվարանում է ընդամենը 20 համայնք, որոնց բնակչությունը մոտ 100 մարդ է: Օրինակ, նախորդ տարի այդ համայնքները մոտ 20 տոկոսով են կատարել բյուջեն, բայց այս տարի նման ցուցանիշ գրանցած համայնքներ չունենք: Ես կողմ եմ, որ այդ փոքր համայնքները միավորվեն, քանի որ այդ դեպքում ներդրումներն ու ծրագրերը կավելանան, իսկ տրամադրվող դոտացիան կկարողանանք ծառայեցնել իր նպատակին»,- «Առավոտին» տված հարցազրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Ըստ պարոն Գյոզալյանի, այսօր էլ կան համայնքներ, որոնք չեն կարողանում բյուջեն ամբողջությամբ կատարել, ինչի հետեւանքով էլ ի վիճակի չեն գյուղի բնակիչների համար ծրագիր իրականացնել, ասենք՝ ջրագծեր անցկացնել, գազիֆիկացում ապահովել եւ այլն: Մարզպետը նշեց, որ մարզում կան նաեւ համայնքներ, որոնք արդեն ի վիճակի են ինքնուրույն լուծելու իրենց խնդիրները. «Մասնավորապես՝ Կարբի համայնքը, գյուղի գազիֆիկացումն ապահովելու համար, հատկացրել է 95 միլիոն դրամ»: Մեզ հետ զրույցում Գ. Գյոզալյանն ասաց, որ մարզի հիմնական խնդիրը, այնուամենայնիվ, բյուջեի կատարողականի բարձրացումն է: Նրա խոսքերով. «Նախորդ տարիների համեմատությամբ, բավականին տեղաշարժ կա թե՛ հողի հարկի եւ թե՛ գույքահարկի հավաքագրման առումով: Դեկտեմբերի 1-ի դրությամբ, տարվա կտրվածքով, հողի հարկը հավաքագրվել է 78, իսկ գույքահարկը՝ 89%-ով, իսկ 11 ամսվա կտրվածքով մեր եկամուտները կազմում են 95%: Եթե փորձենք համեմատել այս տարվա ցուցանիշները նախորդ տարվա հետ, ապա ունենք մոտ 120 միլիոն դրամի սեփական եկամուտների աճ»:

Ամփոփելով 2008 թվականը՝ մարզպետն ասաց, որ, ընդհանուր առմամբ, տարին իրենց համար հաջող էր գազիֆիկացման, ճանապարհաշինության, դպրոցաշինության առումով, սակայն նշեց, որ շատ խնդիրներ էլ փոխանցում են գալիք տարվան: «Առավոտի» այն հարցին, թե մեր երկրում տարեցտարի արձանագրվող տնտեսական աճը որեւէ կերպ անդրադառնո՞ւմ է Արագածոտնի մարզի վրա, պարոն Գյոզալյանն ասաց. «Ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ հիմա, մեր մարզը մեծ մասշտաբի արդյունաբերական ձեռնարկություններ չունի: Ընդամենը մի քանի գործարան ունենք: Բայց մարզում ներդրողներ շատ կան, օրինակ՝ Կոշում անօգտագործելի հողատարածքի վրա մոտ 10 միլիոն դոլարի ներդրում է արվել եւ հիմա գյուղատնտեսական արտադրանքի մթերման կայան է կառուցվում: Մի քանի հեկտար էլ խաղողի այգիներ են հիմնել, այս ամենը, անշուշտ, տարածքի բնակչության հոգսը բավականին կթեթեւացնի: Նշեմ նաեւ, որ եթե 5 տարի առաջ միայն քաղաքներում էին ներդրումներ արվում, այժմ նաեւ ծրագրերը կյանքի են կոչվում գյուղական համայնքներում»: Իսկ մեր այն հարցին, թե 5 բալանոց սանդղակով ի՞նչ գնահատական կտա իր ղեկավարած մարզին, պարոն Գյոզալյանը պատասխանեց. «3 ու կես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել