Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԱՎԻԱՅՈՒՄ» ՕԴԱՉՈՒ ՉԿԱ՞

Դեկտեմբեր 13,2008 00:00

\"\"Ընկերությունում այնքան քիչ օդաչուներ են մնացել, որ ստիպված առանց հանգստի են թռիչքներ իրականացնում

Ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սպասարկման որակի վերավերյալ բողոքներին մենք բազմիցս անդրադարձել ենք: Խնդիրներից մեկը, հավանաբար, նաեւ այն է, որ «դեֆիցիտ» են դարձել օդաչուները, ինչի պատճառով «Արմավիայում» մնացած օդաչուները թռիչքներ են իրականացնում գրեթե ամեն օր՝ առանց հանգստանալու:

Հոգնած օդաչուները մի թռիչքից «խելքի չգալով», ստիպված են լինում հաջորդ թռիչքը կատարել: Այս հանգամանքը խիստ անհանգստացնում է ընկերության որոշ աշխատակիցների, նրանք մտահոգված են թե՛ օդաչուների եւ թե՛ ուղեւորների կյանքի համար: Ըստ մեր աղբյուրի, օդաչուները, մանավանդ գիշերային թռիչքներից հետո, պետք է առնվազն 1,5 օր հանգիստ ունենան, ինչն այս դեպքում բացառվում է, որովհետեւ, եթե օդաչուները հանգստանան, «Արմավիան» ստիպված կլինի թռիչքների մի մասը կրճատել: Օդաչուների արտահոսքի պատճառը, ըստ մեր աղբյուրի, նաեւ ցածր աշխատավարձն է. «Արմավիան» իր օդաչուներին վարձատրում է ամիսը մոտ $3000: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, «Աերոֆլոտ» ավիաընկերությունը նույն աշխատանքի համար վճարում է 6000 եվրո: Բացի այդ, նույն աղբյուրների հավաստմամբ, «Արմավիայի» ինքնաթիռները չեն անցնում ամենամսյա տեխնիկական զննում: Երբ զննումն իրականացնելու ժամանակը գալիս է, ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվում է, ինչի հետեւանքով օդաչուների խցիկի կոճակները սկսում են վատ աշխատել: Հաշվի առնելով այն, որ ինքնաթիռների բնականոն վարումը կախված է հենց այդ կոճակներից, դրանց չաշխատելու հետեւանքները, մասնագետների ներկայացմամբ, կարող են կործանարար լինել: Նոր ինքնաթիռներ ձեռք բերելուն էլ ընկերությունը, մեղմ ասած, լուրջ չի մոտենում: Մեր տեղեկություններով, մասնագետների՝ տեխնիկական գծով տնօրենի ու տեխնիկի փոխարեն, նոր ինքնաթիռներ ձեռք բերելու գործընթացով զբաղվում է անձամբ «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:

«Առավոտին» դիմած տասնյակ ուղեւորների հավաստմամբ, «Արմավիայի» ինքնաթիռներով թռչելիս՝ սրահում բարձր աղմուկ է. «Այնպիսի տպավորություն է, ասես ինքնաթիռը ուր որ է մաս-մաս է լինելու»:

«Առավոտն» այս առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ «Արմավիա» ավիաընկերությունից: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են «Արմավիայից» հեռանում օդաչուները, Միխայիլ Բաղդասարովը պատասխանեց. «Մեզ մոտ օդաչուների արտահոսք չկա: Նրանք նորմալ աշխատում են, մենք անգամ ունենք նոր օդաչուներ՝ Ավստրալիայից եւ Ֆրանսիայից: Ինչ վերաբերում է գնացած օդաչուներին, ապա ասեմ, որ նրանք երկուսն էին ու սպասարկել են նախագահական նախկին ինքնաթիռը, նրանք 50 տարեկանից անց էին եւ վարում էին «ՏՈՒ 134» ինքնաթիռ, իսկ դա նշանակում է, որ նրանք առաջին հերթին չէին ցանկանում եւ հետո՝ չէին կարող վերապատրաստում անցնել «Բոինգի» կամ «Էյրբասի» վրա»: Մնացած հարցերը «Առավոտին» պարզաբանեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավանեսովան: Նրա խոսքերով՝ տեխնիկական ստուգումների վերաբերյալ հայտարարությունները անհիմն են. «Նման կարգի հայտարարություն իրավունք ունի կատարել միայն այն անձը, ով ունի համապատասխան որակավորում, գերազանց գիտի տեխնիկական սպասարկման համակարգը եւ այդ գործունեության ստուգումներ է անցկացրել: Տեխնիկական սպասարկման ողջ գործընթացը պարբերաբար վերահսկվում է ոչ միայն տեղական ավիացիոն իշխանությունների, այլ նաեւ միջազգային ավիացիոն կազմակերպությունների կողմից: Կատարվող տեխնիկական սպասարկման բոլոր աշխատանքները անպայմանորեն գրանցվում են համապատասխան փաստաթղթերում: Բացի այդ, «Արմավիա» ավիաընկերության օդանավերի տեխնիկական սպասարկումը իրականացվում է «SABENA TECHNICS» ընկերության «Quality System» համակարգի հսկողության ներքո, որը համարվում է աշխարհի տեխնիկական սպասարկում իրականացնող առաջատար ընկերություններից մեկը:

«Արմավիա» ավիաընկերության օդանավերի տեխնիկական վիճակը մշտապես գտնվում է «սեւ արկղերի» հսկողության ներքո, որոնց վերծանումը կատարվում է «Արմավիա» ավիաընկերության բոլոր չվերթներից հետո: Նման բան կատարվում է աշխարհի քիչ թվով ավիաընկերություններում: Ինչ վերաբերում է տեխնիկական զննման հետաձգմանը, դա պարզապես անհնար է: Տեխնիկական սպասարկման որակը գնահատվում է օդանավի՝ անսարք վիճակում կանգնելու ժամանակահատվածի կարճության ցուցանիշով»՝ ակսինքն՝ որքան կարճ ժամանակով է ինքնաթիռը կագնում վերանորոգման, այնքան բարձր է սպասարկման որակը:

Անդրադառնալով այն հարցին, թե ով է ավիաընկերության համար ինքնաթիռներ գնում, մամուլի քարտուղարն ասաց, որ ընկերության ռազմավարական հարցերով զբաղվում է ավիաընկերության ղեկավարությունը՝ նախագահ Միխայիլ Բաղդասարովի գլխավորությամբ. «Ներկայումս մեր ընկերությունում միայն նոր ինքնաթիռներ են: «Արմավիայի» պարկում ընդգրկված բոլոր ինքնաթիռներն ունեն համապատասխան ռեսուրսներ, իսկ հիմնական կորիզը բաղկացած է 7 ամսականից մինչեւ 5 տարեկան ինքնաթիռներից: Սա ինքնաթիռների համար համարվում է «մանկական» տարիք: Բնականաբար, երբ բանը հասնում է օդանավի տեխնիկական վիճակի գնահատմանը, այդ հարցով զբաղվում են ոչ թե գլխավոր տնօրենը կամ նախագահը, այլ տեխնիկական ծառայությունը: Գնահատումը կատարվում է հատուկ ծրագրերի միջոցով, որտեղ հաշվի է առնվում յուրաքանչյուր մանրուք»: Մեր այն հարցին էլ, թե ինչի՞ հետ է կապված թռիչքների ժամանակ ստեղծվող աղմուկը, Ն.Ավետիսովան պատասխանեց, որ իրենց օդանավերում կողմնակի աղմուկի առկայությունը բացառվում է. «Ինքնաթիռի թռիչքի ժամանակ տարբեր փուլերում առաջանում են բնորոշ աղմուկներ՝ կապված շարժիչների աշխատանքային ռեժիմների փոփոխման հետ: Այս աղմուկները բնորոշ են բոլոր ինքնաթիռներին: Աղմուկի ուժգնությունը կախված է օդանավի տեսակից: Եթե ուղեւորին անհանգստացնում է աղմուկը, հարկավոր է մոտենալ բորտուղեկցորդին եւ հարցնել: Նա կբացատրի տվյալ պահի աղմուկի պատճառը: Օդանավի համար անբնական աղմուկը թռիչքից հետո անմիջապես արտացոլվում է համապատասխան փաստաթղթերում՝ հետագայում միջոցներ ձեռնարկելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել