Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվեսը պոչին վկա է բերում

Դեկտեմբեր 13,2008 00:00

ՀՔԾ քննիչը «ջրում» է մարդուն ապօրինի բերման ենթարկելու գործը, որովհետեւ ոստիկանությունը ժխտում է այդ փաստը:

Ավելի քան երեք ամիս է անցել այն բանից, երբ ՀՀ ոստիկանության աշխատակիցները սեպտեմբերի 9-ին քաշքշել, վիրավորել, ապա նաեւ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկել Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» մասնակից ՀՀ ԱԳ նախարարի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին: Դեռ սեպտեմբերի 23-ին Վլ. Կարապետյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ Կենտրոնի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի, նրա տեղակալ Գրիշա Ամիրխանյանի եւ Հյուսիսային պողոտայում հերթապահություն իրականացնող ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանի կողմից իրեն ապօրինաբար բերման ենթարկելու փաստին իրավական գնահատական տալու համար, սակայն առ այսօր Վլ. Կարապետյանի՝ որպես սահմանադրական իր իրավունքը իրացրած ՀՀ քաղաքացու նկատմամբ ապօրինի գործողությունները պատշաճ գնահատականի չեն արժանացել:

Սեպտեմբերի 23-ից հետո ԱԳՆ նախկին խոսնակը ՀՀ Հատուկ քննչական ծառայություն փոխանցված այս գործով հինգ անգամ հրավիրվել է քննիչի մոտ, բազմաթիվ բացատրություններ է տվել եւ լսել ՀՔԾ քննիչ Հ. Սարդարյանի դժգոհությունները՝ ոստիկանների ապօրինի գործողությունների վերաբերյալ: «Ծանոթացել եմ նաեւ ոստիկաններից երկուսի անգրագետ բացատրություններին եւ ամենակարեւորը՝ անհերքելի փաստերի հերքմանը»,- երեկ մեզ հետ զրույցում մանրամասնեց Վլ. Կարապետյանը, որը ոչ մի կերպ չէր կարողանում «մարսել» այն փաստը, թե ինչպես ոստիկանները կարող են սուտ ցուցմունքներ գրել: Բնական է, որ այդ ցուցմունքներով ոստիկանության սույն բարձրաստիճան սպաները հերքել էին Վլ. Կարապետյանին բերման ենթարկելու փաստը, այն դեպքում, երբ նույն օրը, ի պատասխան «Panorama.am»-ի թղթակցի հարցին, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը պատասխանել էր, թե՝ «Վլ. Կարապետյանին տարել են բաժին՝ անձը ճշտելու համար»:

Ու թեեւ, Վլ. Կարապետյանի ասելով, երեք հոգի վկայություն է տվել սույն գործով, «սակայն ՀՀ-ում ընդունված տխուր ավանդույթի օրինակով՝ իմ դիմումն ապօրինաբար մերժվեց: Ավելի շուտ, ես փաստորեն չեմ ստացել իմ դիմումը մերժելու մասին որոշում: ՀՔԾ քննիչ Հ. Սարդարյանը, որի վարույթում է այդ գործը, մի նամակ է ուղարկել ինձ, որը հեռու է օրինական, պաշտոնական փաստաթուղթ կոչվելուց, որովհետեւ նա պարտավոր էր ինձ ոչ թե նամակ ուղարկել, այլ որոշում՝ քրգործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին: Կարծում եմ, սա ապօրինության աղաղակող, քաղաքացու նկատմամբ հարգանքի բացակայության ու հանցագործության պարտակման փորձի խոսուն փաստ է»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը: ՀՔԾ քննիչը վերջինիս հասցեագրած նամակում ուղղակի կրկնել է վերը մատնանշված ոստիկանների ցուցմունքները, թե՝ իբր, նրանք տեղեկություններ ունեին ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից «չարտոնված հանրահավաք կազմակերպելու մտադրության մասին», ուստի՝ եղել են այդ վայրում եւ իրականացրել են «պրոֆիլակտիկ աշխատանքներ», մասնավորապես՝ «զրույցներ վարել ակտիվ վարքագիծ հանդես բերող» առանձին անձանց հետ չարտոնված հավաքի անթույլատրելիության մասին: «Եթե անգամ կատարվել է պրոֆիլակտիկ աշխատանք, ապա՝ քաշքշելով եւ գոռգոռալով, մարդկանց ազատ տեղաշարժը խափանելով: Մյուս կողմից՝ ի՞նչ է նշանակում «չարտոնված հանրահավաք կազմակերպելու մտադրություն» ձեւակերպումը: Ես չգիտեի, որ ոստիկանի մտքի թռիչքը հասել է այն աստիճանի, որ կարողանում է իմ մտադրությունների մասին տեղեկանալ. դա, իսկապես, նորություն է: Եվ հետո՝ հանրահավաք կամ՝ կա, կամ՝ չկա»,- տարակուսեց ԱԳՆ նախկին խոսնակը: Նրա ասելով՝ քննիչի նամակում չի հերքվում իրեն քաշքշելու, իր նկատմամբ ուժ գործադրելու փաստը. «Հետեւաբար անհասկանալի է, թե ինչո՞ւ այդ իրավախախտումը մնում է անարձագանք: Սա այլ կերպ, քան՝ հանցագործության պարտակում, չի կարելի անվանել: Ես ուզում էի, որ օրենքի շրջանակներում պատասխանատվության կանչվեն այն ոստիկանները, որոնք իրենց դիրքը եւ լիազորությունները գերազանցելով՝ վիրավորել եւ քաշքշել են ինձ: Այն պարագայում, երբ մեր ընկերներից շատերն ազատազրկվել են նույն այդ ոստիկաններին, իբր, քաշքշելու կամ ձեռքը հրելու, կամ՝ ինչպես քրգործերից մեկում է նշվում, ոստիկանի ուղղությամբ ձեռքերը անկանոն թափահարելու համար, ապա՝ ինձ իսկապես քաշքշել են, վիրավորել, ու ես պահանջել եմ ու շարունակելու եմ պահանջել, որ դրա համար այդ ոստիկանները անպայման պատասխանատվության ենթարկվեն»: Վլ. Կարապետյանը ասաց, թե մտադիր է քննիչ Հ. Սարդարյանի ապօրինի գործողությունների մասին բողոք ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազությանը, ապա իր պատիվը պաշտպանել նաեւ դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել