Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԵՏԱՔՐՔԻՐ

Դեկտեմբեր 13,2008 00:00

\"\"Հետազոտությունը ցույց է տալիս, որ նախկին ԽՍՀՄ պետությունները գնալով անհետաքրքիր են դառնում միմյանց համար:

«Եվրասիական մոնիտոր» միջազգային հետազոտական գործակալությունը 2008 թվականի ապրիլ-հունիս ամիսներին հետազոտություն է անցկացրել՝ «Նորանկախ պետությունների քաղաքացիների հումանիտար հետաքրքրությունները՝ որպես ինտեգրացիայի հիմք. ի՞նչն է մեզ մերձեցնում, ինչո՞վ ենք մենք հետաքրքիր միմյանց» թեմայով: Այն հրապարակված է https:// www. eurasiamonitor.org/wp-content

/uploads/2008/10/080915.pdf կայքէջում: Բնակչության հարցումներ են իրականացվել հետխորհրդային 13 երկրներում: Մենք մեջբերելու ենք այդ հետազոտության այն տվյալները, որոնք առնչվում են Հայաստանին:

Ռուսաստանն ամենագրավիչն է

Ըստ հետազոտության արդյունքների՝ հետխորհրդային երկրների մեծ մասի համար ամենահրապուրիչը Ռուսաստանն է, ուր այցելելու ցանկություն են հայտնել Տաջիկստանում հարցված քաղաքացիների 65%-ը, Ուզբեկստանի՝ 62%-ը, Ղրղըզստանի՝ 59%-ը եւ Հայաստանի՝ 54%-ը: Այս առնչությամբ ընդգծվել է ՌԴ-ից Ադրբեջանի ակնհայտ մեկուսանալը, որի հարցված բնակիչների միայն 30%-ն է ցանկություն հայտնել լինել Ռուսաստանում: Ադրբեջանցիների մոտ հարցման այդ արդյունքը նույն մակարդակին է, ինչ ռուսական ազդեցության գոտուց վաղո՜ւց դուրս եկած եւ «եվրոպական ընտրություն» կատարած Լիտվայում (38%) եւ Լատվիայում (33%):

Աշխատատեղ գտնելու համար հետխո րհրդային տարածքում ամենագրավիչ երկիրն էլի Ռուսաստանն է, որտեղ գործ գտնելու ցանկություն են հայտնել Տաջիկստանի հարցված քաղաքացիների 52%-ը, Ուզբեկստանի՝ 43%-ը, Ղրղըզստանի՝ 37%-ը, Մոլդովայի՝ 36%-ը եւ Հայաստանի՝ 34%-ը:

Չե՞ն ուզում հեռանալ

Նշենք, որ Հայաստանում այս հարցումները 1064 քաղաքացիների ընտրանքով մայիսի 7-16-ի ընթացքում իրականացրել է Մարկետինգի հայկական ասոցիացիան: Եվ հաշվի առնելով, որ մարտի 1-ի դեպքերից հետո շատ-շատերն էին մեր երկրից հեռանալու ցանկություն հայտնում՝ այս ասոցիացիան մի զարմանալի արդյունք է ստացել, ըստ որի՝ Հայաստանի բնակիչների 76%-ը ցանկություն չունի հեռանալ երկրից: Եվրամիության անդամ Լիտվայում երկրից հեռանալ ցանկացողները շատ ավելի շատ են՝ 92%, Վրաստանում՝ 88%, իսկ Ռուսաստանում՝ 86%:

Ընդ որում՝ էլի Ռուսաստանն է նշվում որպես այն երկիր, ուր կցանկանային տեղափոխվել հարցված քաղաքացիները. Հայաստանի դեպքում՝ 18%-ը, Տաջիկստանի՝ 26%-ը, Մոլդովայի՝ 24%-ը, Ադրբեջանի եւ Ուկրաինայի՝ 13%-ը: Իսկ վրացիների ընդամենը 5%-ը կցանկանար մշտական բնակության տեղափոխվել ՌԴ:

Հայկական սփյուռքն ամենամեծն է

Հետխորհրդային տարածքի գոնե մի երկրում ազգականներ ունենալու վերաբերյալ հարցման տվյալներով՝ առաջատարը Հայաստանի բնակիչներն են՝ 62%: Մեզ հաջորդում են Տաջիկստանը (61%), Ղրղըզստանը (59%) եւ Մոլդովան (57%): Հարցված հայերի 53%-ը պատասխանել է, թե իրենց ազգականները Ռուսաստանում են:

Ուզբեկներին հետաքրքիր է մեր կինոն

Հարցված քաղաքացիներին հարցեր են տվել, թե որքանո՞վ է իրենց համար հետաքրքիր տվյալ երկիրը, հատկապես ի՞նչն է գրավիչ այդ երկրում: Հետազոտության արդյունքներով՝ ներկայումս միմյանց նկատմամբ հետաքրքրությունը զրոյական մակարդակի վրա է: Եվ հարցվածների մեծ մասը չի կարողացել որոշակի պատասխան տալ այն հարցին, թե հատկապես ինչու է տվյալ երկիրը հետաքրքիր իր համար: Իսկ, այնուամենայնիվ, պատճառաբանողները նախընտրել են ընդհանրական պատասխաններ՝ ինչպես, օրինակ, «բնությունը», «հուշարձանները», «ազգային խոհանոցը»:

Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել հարցվածների՝ միջինը 36%-ը (Վրաստանի նկատմամբ՝ 50%-ը, իսկ Ռուսաստանի նկատմամբ՝ 83%-ը): Բացառությունն Ադրբեջանն է, որտեղ Հայաստանի նկատմամբ իրենց հետաքրքրությունը բացահայտել է հարցվածների միայն 3%-ը:

Հայաստանը հետաքրքիր են համարել էլի բնության, ազգային խոհանոցի, հուշարձանների պատճառով: Սակայն հարցվածների՝ միջինը 9%-ի համար մեր երկիրը հետաքրքիր է նաեւ իր ազգային մշակույթի, իսկ 4%-ի համար՝ կինոյի եւ երաժշտության պատճառով: Ընդ որում, Ուզբեկստանում հարցվածների 10%-ի համար է Հայաստանը հետաքրքիր կինոյի պատճառով: Թե երբ են նրանք վերջին անգամ հայկական ֆիլմ տեսել՝ հայտնի չէ:

Հայերը թատրոն չե՞ն գնում

Եթե հարցվածների 70-80%-ը հետաքրքրություն է ցուցաբերել արտերկրի արտիստների մասնակցությամբ համերգների, ներկայացումների եւ կինոնկարների նկատմամբ՝ Վրաստանում եւ Հայաստանում այդ ցուցանիշները մի քանի անգամ ցածր են. այս երկրներում նախկին ԽՍՀՄ տարածքից կինոյին եւ թատերական կոլեկտիվների ստեղծագործությանը հաղորդակից լինելու հնարավորություն են ունեցել համապատասխանաբար՝ 15%-ը եւ 13%-ը:

Ռուսական կինոն եւ թատրոնը հետաքրքիր են նախկին խորհրդային երկրների բնակիչների 50%-ից ավելիի համար. այս առումով բացառություն են Լատվիան, Լիտվան ու որքան էլ զարմանալի է՝ Հայաստանը:

Ովքե՞ր են մեր բարեկամները

Հետազոտության շրջանակներում հարցվողներին առաջարկել են ընտրել այն երկրները, որոնք, իրենց կարծիքով, բարեկամական են իրենց սեփական պետության համար: Բացի այդ՝ հարցրել են, թե իրենց կարծիքով՝ ո՞ր երկրի հետ ճիշտ կլիներ, եթե միանար իրենց պետությունը:

Ադրբեջանում ստացված արդյունքները հետազոտության մեջ որակված են իբրեւ «ֆենոմեն»՝ այս երկրում հարցված քաղաքացիների 39%-ը հայտարարել են, որ ո՛չ ԱՊՀ-ի, ո՛չ Բալթյան երկրներից որեւէ մեկը բարեկամական չէ Ադրբեջանի համար: Այս երեւույթը բացատրել են այսպես, թե Ադրբեջանի բնակչության մեծ մասը նախընտրում է բարեկամությունը եւ միավորումը ոչ թե հետխորհրդային երկրների, այլ Թուրքիայի (31%) կամ Եվրամիության հետ (25%):

Հայաստանում եւս արձանագրվել է բացառիկ միակամություն. մեր քաղաքացիների 82%-ը բարեկամ երկիր է համարում Ռուսաստանին: Մինչդեռ վերջինիս համար առաջին հերթին բարեկամական երկիր է Բելառուսը (48%), Ղազախստանը (33%), իսկ հետո Ուկրաինան (22%): Եվ հենց այդ երկրների հետ էլ կցանկանային միավորվել ՌԴ-ում հարցվածները: Հայաստանը չկա Ռուսաստանի համար բարեկամ երկրների առաջին եռյակում. ըստ այդմ, մենք ռուսներին սիրում ենք անպատասխան սիրով:

Հ. Գ. «Արեւմտյան» քաղաքական նախասիրություններ է ցուցադրել նաեւ Վրաստանը, որի բնակչության 37%-ը Եվրամիությանն անդամակցելու կողմնակից է: Այս առնչությամբ մի միջադեպ պատմենք վերջերս Բելգիայում հարավկովկասյան լրագրողների համար կազմակերպված սեմինարից: Քննարկումը վարողը նշեց, թե Բրյուսելի բնակիչների հազիվ 5%-ն իմանա, թե ինչ պաշտոն է զբաղեցնում Ժոզե Մանուել Բարոզոն: Մեր անգլիացի սեմինարավարն ասաց, թե Լոնդոնում էլ հազիվ 3%-ն իմանա: Իսկ վրացի լրագրողներից մեկը տեղից նկատեց, թե իրենց երկրում 50%-ը գիտե՝ ով է Բարոզոն, քանի որ եվրոպական կառույցներին անդամակցելն իրենց համար հիմնական նպատակներից է: «Դե, իհարկե, քրթմնջաց հայ գործընկերս,- Կախեթիում գինի սարքող վրացիները շա՜տ լավ գիտեն՝ ով է Բարոզոն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել