Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՓԱԿ ՆԻՍՏ ԷՐ ՈՒԶԵԼ

Դեկտեմբեր 13,2008 00:00

Երեկ «Մարտի 1»-ի հանձնաժողովը փակ նիստ էր հրավիրել՝ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի խնդրանքով: Նիստի ավարտից հետո հանձնաժողովականները եւ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը լրագրողներին փոխանցեցին նրա տրամադրած տեղեկությունները: Գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը տեղեկացրել է, որ բացի ներքին զորքերի երկու ծառայողներից, զոհվածներից 3-ը «Չերյոմուխա 7»-ից են մահացել, 1-ը՝ բութ գործիքի հարվածից, մյուսները՝ հրազենային վնասվածքից: «Չերյոմուխա 7» օգտագործել են ներքին զորքերը: Ներքին զորքերի տրամադրության տակ զենքերից մահացու դեպք եղե՞լ է՝ հարցին Գ. Գրիգորյանը պատասխանել է, որ զենքերը ներկայացվել են նախաքննական մարմին, ձգաբանական փորձաքննություն է իրականացվել, սակայն դեռեւս մահացու դեպքերը հաստատող եզրակացություն չկա: Նրա տպավորությամբ՝ զանգվածային անկարգությունները կազմակերպված են եղել, ոստիկանների դեմ կիրառվել է մարտական նռնակ, հրազեն, որի նպատակն է եղել վախեցնել, ոչ թե սպանել զինծառայողներին: Ցուցարարներն օգտագործել են նաեւ «Զարյա» տեսակի ձայնալուսային ազդեցության հատուկ միջոցներ, նռնակներ, «ոզնի», քարեր եւ հեղուկով շշեր: Գեներալ-լեյտենանտը տեղեկացրել է նաեւ, որ երբ ցուցարարների հրազենային փամփուշտից վիրավորվել է Տիգրան Աբգարյանը, ինքը հանձնարարել է հատուկ նշանակության ջոկատի դիպուկահարին վնասազերծել զենք օգտագործող ցուցարարին: Դիպուկահարը ոտքից վիրավորել է ցուցարարին: Գ. Գրիգորյանը 4 զինվոր է ուղարկել, սակայն ցուցարարը փախել է, եւ նրա ինքնությունը չի պարզվել: Գ. Գրիգորյանը նշել է, որ ինքը մինչ մարտիմեկյան դեպքերը ոչ հավաստի տեղեկություններ է ունեցել, որ ցուցարարները Վրաստանից հատուկ միջոցներ են ներկրում ՀՀ՝ ոստիկանների դեմ կիրառելու համար, սակայն դա Վրաստանի իշխանությունների հետ չի ճշտվել՝ ոչ հավաստի լինելու պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել