Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

Դեկտեմբեր 13,2008 00:00

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը իրականացրել է ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգ, որի արդյունքները հրապարակվեցին երեկ: Ըստ այդմ՝ պարզվել է, որ նրանց մեծ մասը զգալիորեն շեղվել է իրենց նախընտրական ծրագրային դրույթներից եւ հռչակած սկզբունքներից:

Փորձագետներն ուսումնասիրել են տարբեր ոլորտներին վերաբերող 10 օրենքներ եւ համեմատել խմբակցությունների նախընտրական ծրագրերի հետ:

Տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանն ուսումնասիրել է տնտեսությանը վերաբերող օրենքները: Եվ մասնավորապես «Պարզեցված հարկի մասին» օրենքի վերաբերյալ խոսելիս՝ նա ընդգծեց, որ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկել դրան, սակայն իր նախընտրական ծրագրում գրել է. «Էապես պարզեցնել հարկային համակարգը, խմբավորել հարկատեսակները՝ կրճատելով հարկերի քանակը»: Մինչդեռ ըստ պրն Թեւանյանի՝ այդ օրենքով «կրճատվում էր պարզեցված հարկից օգտվողների քանակը, եւ այդ մարդիկ տեղափոխվում էին ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի դաշտ»:

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցում նույնպես տարբերվել են խմբակցությունների նախընտրական խոստումներն ու արած քայլերը: Մոնիտորինգի համաձայն՝ ասենք, ԲՀԿ-ն կողմ է քվեարկել նախագծին, թեեւ իր նախընտրական ծրագրում հայտարարել էր խաղաղ երթեր ու ցույցեր անցկացնելու իրավունքներին օժանդակելու մասին:

Տեղեկատվական դաշտին առնչվող օրենքների վերաբերյալ մոնիտորինգ իրականացնելիս Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը զարմացել է ՕԵԿ պահվածքի զգալի փոփոխությունից. «2007-ի հուլիսին, երբ քվեարկության էր դրվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը՝ ՕԵԿ-ը «Ժառանգության» հետ միասին չմասնակցեց քվեարկությանը եւ տապալեց այն: Դրանով սահմանափակվում էր «Ազատություն» ռ/կ-ի հեռարձակումը: Սակայն այս տարվա սեպտեմբերի 10-ին նույն օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, որով 2 տարի դադարեցվեց հաճախականությունների մրցույթ անցկացնելը՝ ՕԵԿ-ը կողմ է քվեարկել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել