Հելսինկյան հանդիպումներն ամրապնդել են ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի այս համոզմունքը
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով վերջերս Հելսինկիում կայացած ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որտեղ քննարկման առարկա դարձավ նաեւ ԼՂՀ հարցը, մի քանի արձանագրումներ արեց. «Կրկին ադրբեջանական կողմը հանդես եկավ որոշակի նախաձեռնությամբ, եւ այնտեղ աշխատանքային փաստաթուղթ տարածվեց, որում ադրբեջանական կողմը, ըստ էության, իր կողմից առաջադրված պայմաններն էր ներկայացնում՝ բավականին լավ ոճի քարոզչական ձեւով: Իսկ դրանք, բնականաբար, վերաբերում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանը, հայկական զինված ուժերի՝ «օկուպացված» տարածքներից դուրսբերմանը, ադրբեջանցի փախստականների, ներքին տեղաշարժվածների վերադարձին: Այս ամենին, ըստ էության, հայկական կողմը որեւէ համարժեք պատասխան չտվեց կամ համարժեք գործողություն չկատարեց: Ինչ-որ առումով ես դա օրինաչափ եմ համարում, քանի որ մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանն առայժմ, ցավոք, չունի արտաքին քաղաքականություն: Ունենք ընդամենն արտաքին հարաբերություններ, եւ այդ է պատճառը, որ դրսից եկող նախաձեռնություններին հակազդելու կամ անմիջապես արձագանքելու պոտենցիալը շատ ցածր է: Անգամ այն դեպքերում, երբ արձագանք է լինում, միշտ չէ, որ համարժեք է իրավիճակին»: Հաշվի առնելով ԼՂՀ հարցում ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Թուրքիայի ակտիվացումը, մեր զրուցակիցն ընդգծում է, որ մեծ հաշվով «մենք դեռեւս մնում ենք ուրիշների քաղաքականության օբյեկտի կարգավիճակում: Այդ վիճակից դուրս գալու հնարավորությունները կան. դրանք սեփական պետության շահերին ու նպատակներին ծառայող, մտածված նախաձեռնողական քայլերն են, որոնք առայժմ գոնե մասնակիորեն չեն օգտագործվում, քանի որ մենք պատրաստակամ ենք օբյեկտ մնալուն»:
Ինչ վերաբերում է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ ՌԴ-ի դեմ ուղղված մեղադրանքներին՝ ԼՂՀ հարցում համաձայնությանը վերաբերող փաստաթղթի ստորագրմանը խոչընդոտելուն, Արման Մելիքյանն ասում է. «Ես չեմ բացառում, որ դա իրականություն է: Մանավանդ, որ մի շարք կարեւոր խնդիրներում լուրջ տարաձայնություններ կան ՌԴ-ի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ: Ռուսաստանն այսօր ստանձնել է ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացը միանձնյա ուղղորդելու առաքելությունը եւ փորձելու է ինչ-որ բաներ թելադրել թե՛ բանակցող կողմերին, թե՛ միջազգային հանրությանը»:
Ի վերջո, մենք մո՞տ ենք ղարաբաղյան հարցի լուծմանը, թե՞ այն դեռ «յոթ սարերի ետեւում է», ինչպես պնդում են որոշ գործիչներ: «Այսօր առկա բանակցային օրակարգով այդ լուծումը չի էլ նախատեսվում: Ներկայիս բանակցությունների օրակարգում ներգրավված հարցերի շրջանակը որեւէ կերպ որեւէ լուծման չի հանգեցնելու: Ուստի, իրականում հարցի լուծումը մեծապես կախված է հայկական կողմերի ե՛ւ կամքից, ե՛ւ իրավիճակը վերլուծելու ու գնահատելու ընդունակությունից, դրա հիման վրա համապատասխան քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու ունակությունից: Առայժմ, մեր մասով, նախաձեռնողականությունը զրոյական մակարդակում է, եւ այդ տեսանկյունից ես ակնկալիքներ չունեմ: Սակայն հայկական կողմերի սկսած ակտիվ եւ հետեւողական գործողությունները ցանկացած պահի կարող են առաջընթացի հանգեցնել ողջ բանակցային գործընթացում եւ նոր տրամաբանություն ու լիցք տալ բանակցություններին, ընդ որում՝ այնպիսի դիրքերից, որոնք նպաստավոր կլինեն թե՛ խնդրի արդարացի լուծմանը, թե՛ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից իրավազոր կլինեն»: Հիշեցնենք, որ մեր զրուցակիցն ամիսներ առաջ ԼՂՀ հարցի լուծման սեփական մոտեցումները, որոնք, նրա հավաստմամբ, վերոնշյալ տրամաբանության մեջ են տեղավորվում, առաջարկել էր ՀՀ նախագահին: Մինչ օրս որեւէ արձագանք դեռ չկա: «Իշխանության խնդիրն է. դրանք կոնկրետ առաջարկներ են»,- ի պատասխան «Առավոտի» հարցին՝ հույս ունե՞ք, որ առաջիկայում արձագանքներ կլինեն, ասաց Արման Մելիքյանը: