Լրահոս
Օրվա լրահոսը

Արորդիներից մինչեւ «Գրեմմի»

Դեկտեմբեր 12,2008 00:00

Քուրմերի ասուլիսը

«Կգա մի ժամանակ, երբ հայերը, հասկանալով, կվերադառնան հեթանոսությանը»,- երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Արորդաց ուխտի» խորհրդի նախագահ, թեմապետ Զոհրաբ Պետրոսյանը:

Ըստ Զ. Պետրոսյանի՝ «Արորդաց ուխտը» ՀՀ-ում առաքելականից եւ կաթոլիկից հետո երրորդ կրոնական համայնքն է, որ պետականորեն գրանցվել է 1992թ.-ի մայիսին. «Իրականությունն այն է, որ չէինք ուզում գրանցվել որպես կրոնական համայնք, քանի որ մեր ուխտը կրոնական չէ, այլ ազգային: Քանի որ չկա օրենսդրական դաշտ, ստիպված գրանցվեցինք որպես այդպիսին»: 1989 թվականից «Արորդաց ուխտը» Հայաստանում ծավալում է ակտիվ գործունեություն, կատարում են բոլոր ազգային ծիսակատարությունները՝ պսակադրության, կնունքի, մահվան. «Միգուցե ծիսակատարությունները անուններով նույնն են, բայց ընթացակարգերն են տարբեր: Օրինակ, մահվան ծիսակարգը այսկերպ է՝ մենք հրկիզում ենք դին: Ասում ենք՝ հրից ես ծնվել, հուր էլ կդառնաս: Ամանորն էլ տոնում ենք մարտի 21-ին՝ որպես գարնան զարթոնքի եւ Վահագն Աստծո ծննդյան օր: Ծիսակատարությունները տեղի են ունենում Գառնի մայր տաճարում»: Ինչպես նշեց մամուլի ասուլիսին հրավիրված քուրմ Գագիկ Հայրապետյանը, «Արորդաց ուխտը» չի ընդունում «աստված» բառը. «Քրիստոնյա հայերը պաշտամունքի առարկա են դարձրել այդ բառը»: Թեմապետ Զ. Պետրոսյանն էլ հավելեց. «Դա ընդամենը բառ է՝ կազմված աստ եւ ված ածանցներից…»: Ըստ բանախոսների, «Արորդաց ուխտը» մերժում է քրիստոնեությունը եւ ընդունում հեթանոսություն: Զ. Պետրոսյանն անկեղծացավ. «Մենք միտում չունենք քանդել քրիստոնեությունը, պարզապես մեղադրում ենք այն բանում, որ չի թողնում՝ հայի գենը արտահայտվի այնպես՝ ինչպես ինքը կա: Դնում է ինչ-որ դոգմաներ, որոնցից շատերը մեզ խորթ են. ինձ ցույց տվեք մի հայ, որ կատարի 10 պատվիրանները, կամ ինչ է նշանակում՝ սիրիր հորդ ու մորդ, ախր ի սկզբանե մենք սիրում ենք…»:

ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Թոփչյանը «Գրեմմի» է ակնկալում

2009 թ. փետրվարի 8-ին Նյու Յորքում կայանալիք «Գրեմմիի» 51-րդ մրցանակաբաշխությանը կմասնակցի նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Այս մասին «Առավոտին» հայտնեց ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզան Սիրունյանը, մանրամասնելով. «Երկու տարի առաջ ամռանը կանադահայ ճանաչված երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը հայրենիքում էր՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ կոմիտասյան երգերի շարք ձայնագրելու նպատակով: Շուրջ 6 ամիս առաջ ամերիկյան հայտնի NONESUCH Records ֆիրման թողարկեց Երեւանում ձայնագրված կոմիտասյան երգերի CD-ն եւ օրերս ուրախալի լուր ստացվեց, որ այն ընդգրկված է «Գրեմմիի» 107 անվանակարգերից «Լավագույն դասական վոկալ կատարում» անվանակարգում: Հիշյալ անվանակարգում կմրցեն 5 CD, այդ թվում՝ աշխարհահռչակ երգչուհիներ Չեչիլիա Բարտոլիի եւ Սոֆի ֆոն Օթերիի կատարումներով»:

Ս. Դ.

Շարամբեյանի հիշատակին

\"\"Երեկ Ժողարվեստի թանգարանում կայացավ «Կերպար» նկարիչների ընկերակցության անդամների խմբակային ցուցահանդեսը, որ կտեւի մինչեւ դեկտեմբերի 18-ը: Տարին մեկ անգամ «կերպարականները» հանդես են գալիս նման յուրօրինակ հաշվետվությամբ: Ցուցահանդեսի մասնակիցներից Սերժ Մալցեւը «Առավոտին» հայտնեց. «Մենք միշտ ցուցահանդես ենք կազմակերպում մեր սիրելի Սարոյի մոտ (թանգարանի տնօրեն Սարո Սարուխանյանին նկատի ունի- Ե. Հ.): Նա սիրով է արձագանքում մեր բոլոր նախաձեռնություններին»: Այս անգամ ցուցահանդեսը նվիրված է թանգարանի հիմնադիր-տնօրեն Հ. Շարամբեյանի հիշատակին: Ներկայացված են Մինաս Զաքարյանի, Էդիկ Ռամազյանի, հայր եւ որդի Սերգեյ Մալցեւների, Տիգրան Ավագյանի, Կարեն Մկրտչյանի, Վարուժան Վարդանյանի եւ այլոց աշխատանքները:

Ե. Հ.

Երգեհոնահարուհին՝ Գյումրիում

Գյումրեցի երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանը 1991-ից բնակվում է Փարիզում ու համերգներ է տալիս աշխարհի ամենամեծ բեմերում: Նրա վերջին չորս ամիսների ելույթները նվիրված էին հարազատ քաղաքին, երկրաշարժի 20-րդ տարելիցին, որի զոհն է դարձել նաեւ Նարինեի միակ եղբայրը: Այսօր երգեհոնահարուհին մեծ համերգ կտա Գյումրիի Յոթվերք եկեղեցում, որտեղ Գագիկ Մալխասյանի դուդուկի նվագակցությամբ կհնչեն Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի ու Կուպեռենի երկերից: Ի դեպ, Գյումրիի Յոթվերք եկեղեցու երգեհոնը վերանորոգվել է վերջերս եւ աշխարհում առաջին անգամ է, որ երգեհոնը համակցվելու է դուդուկի հետ: «Ես 22 տարեկանից Հայֆիլհարմոնիայի մենակատար եմ եղել: Տեղափոխվելով Փարիզ, կատարելագործվել եմ աշխարհի լավագույն երգեհոնահարների մոտ: Չվերադարձա Հայաստան, ոչ թե որ չէի ուզում վերադառնալ, այլ այն պատճառով, որ միայն Փարիզի մեջ՝ արվարձաններից դուրս, 360 երգեհոն կա՝ մեկը մյուսից տարբեր: Երգեհոնը ինձ ավելի շատ սովորեցրեց, քան ես կարող էի տարիներ շարունակ էստեղ սովորել ու չհասնել իմացության նման մակարդակի: Բայց ես հայրենիքից երբեք չեմ կտրվել, ինձ համար հուզիչ էր, երբ 2001-ին դասընկերներս ու բարեկամներս համերգս կազմակերպեցին Գյումրիում՝ եկեղեցում ու երբ այլեւս կանգնելու տեղ չկար՝ համերգը տեղափոխեցինք Գյումրիի հրապարակ»,- ասաց Նարինե Սիմոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել