Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԻՆ

Դեկտեմբեր 12,2008 00:00

\"\"Սակայն դա անում են ներմուծողների գրպանի հաշվին

Տեղական ոգելից խմիչքների արտադրանքին զարկ տալու եւ պետբյուջեի մուտքերն ավելացնելու նպատակով ԱԺ-ն ծրագրել է գործող «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ մտցնել, ըստ որի՝ ներկրված խմիչքների համար մաքսատանը որպես հարկ վճարվելու է 3 անգամ ավելի գումար, քան նախկինում էր: Այս օրենքը դեկտեմբերի 4-ին արդեն ընթերցվել է ԱԺ-ում: Նախատեսվում է, որ այն մոտ օրերս նույնպես տեղ կգտնի խորհրդարանի օրակարգում եւ անմիջապես կընդունվի: Օրենքը հիմնականում վերաբերում է արտերկրից ներկրվող օղուն, գինուն եւ գարեջրին: Ըստ օրենքում կատարվող փոփոխությունների՝ օղու ակցիզային հարկը 380 դրամից դառնալու է 1000 դրամ, գարեջրինը՝ 70 դրամից 200, իսկ գինունը՝ 500-ից 1500 դրամ:

Հաշվի առնելով այն, որ մեր երկրում սպառվում են մեծ մասամբ ռուսական արտադրության օղիները (քանի որ Ռուսաստանը հայտնի է որպես որակյալ օղի արտադրող), կտրուկ կթանկանան ներմուծված խմիչքները: Միջին որակի ռուսական արտադրության օղու կես լիտրը ներկայումս արժե 1000-1500 դրամ: Ըստ մասնագետների՝ այդ փոփոխությունների արդյունքում նույն օղիները կարժենան 2000-2500 դրամ, որը, այսպես ասած, կհարվածի միջին խավի գրպանին: Վերջիններս էլ ստիպված կլինեն գնել ավելի էժան օղիներ, այսինքն՝ տեղական արտադրության: Նույնը կլինի նաեւ այլ խմիչքների շուկայում:

Ամենայն հավանականությամբ՝ օրենքի փոփոխությունները կյանքի կկոչվեն 2009-ի հունվարի 1-ից: Այսինքն՝ խորհրդարանականներն ամեն ինչ անում են, որպեսզի Նոր տարվա միջոցառումների ժամանակ սպառողներն ավելի շատ գնեն տեղական արտադրության խմիչք: ԱԺ-ն իր այդ որոշմամբ ակնհայտորեն շահույթ է բերելու խմիչքների տեղական արտադրությամբ զբաղվող որոշ անհատների, իսկ պետությունը դրանից տուժելու է, քանի որ ներմուծողները՝ հարկի եւ իրենց ապրանքների արժեքի բարձրացման պատճառով, կսկսեն ավելի քիչ ապրանք ներկրել ու վաճառել, ինչի պատճառով էլ նրանց կողմից վճարվող հարկերը կնվազեն: Բացի այդ, քանի որ տեղական արտադրողներն էլ են իրենց հումքը արտերկրից բերում, ըստ երեւույթին, հայաստանյան օղիներն էլ կթանկանան:

«Վեդա» եւ մի շարք այլ օղիներ ներմուծող «AXR ALCO» ընկերության հիմնադիր Ալեն Չիտեչյանի տվյալներով՝ Հայաստանում տարեկան միջինը սպառվում է 20 միլիոն լիտր օղի. «Հիմա մեր երկրում սպառվում է ավելի շատ ներմուծված օղի: Տարեկան սպառվող օղու քանակի 60%-ը կազմում է դրսից ներկրված արտադրանքը՝ 12 միլիոն լիտր: Օրենքի փոփոխության դեպքում, այս տվյալները կփոխվեն՝ 16 միլիոն լիտր օղին կարտադրվի Հայաստանում, կներկրվի ընդամենը 4 միլիոն լիտր օղի, քանի որ մարդիկ արդեն ստիպված կլինեն խմել էժան օղի: Դա էլ իր հերթին կբերի նրան, որ կվերաբացվեն նախկին ընդհատակյա օղու արտադրամասերը, սակայն այժմ այդ արտադրողները լիցենզիաների համար պահանջվող գումարների տակից արդեն կկարողանան դուրս գալ՝ իրենց մեծ վաճառքների շնորհիվ: Մեր ընկերությունն անցած տարի վաճառել է մոտ 2 միլիոն լիտր օղի, իսկ այս տարի՝ 1,5 միլիոն լիտր, մյուս տարի այս թիվն անհամեմատ փոքր կլինի»: Պարոն Չիտեչյանին նաեւ անհանգստացնում էր այն, որ մաքսատանը ակցիզային ապրանքների մեծ խմբաքանակի համար կանխավճար է թողնվում՝ ամեն ակցիզի համար 100 դրամ. «Կանխավճարից հետո պայմանագիր ես ստանում, ըստ որի՝ արդեն կարող ես ապրանքի ներկրմամբ զբաղվել: Եթե ես, օրինակ, 500 հազար շիշ օղի եմ ցանկանում բերել, 5 միլիոն դրամ եմ վճարում պետեկամուտների կոմիտե, որպեսզի ստանամ այդ քանակի ակցիզ, դա էլ հանդիսանում է կանխավճար, երբ ապրանքները գալիս են, մնացած գումարն այդ ժամանակ ենք վճարում: Ամեն խմբաքանակ այդպես ենք բերում: Հիմա եթե այս օրենքը կիրառվի հունվարի 1-ից, ստացվում է, որ ես կանխավճար եմ տվել 380 դրամ ակցիզային հարկի ժամանակ, բայց իմ ապրանքը ստանում եմ, երբ այդ հարկն արդեն 1000 դրամ է: Ես տարբեր տեղերից եմ ապրանք ներմուծում, ուստի չեմ կարող հստակ իմանալ՝ ե՞րբ է այն տեղ հասնելու, իմ կարծիքով, սա կոռեկտ չէ: Եթե դա իրականում բերեր նրան, որ բյուջեի մուտքերն ավելանար, մենք ոչինչ էլ չէինք ասի, բայց սա խոչընդոտում է արդար մրցակցությանը: Ի վերջո, օղին տրադիցիոն ռուսական խմիչք է, եւ սպառողը փաստորեն ընտրում է ներկրված ապրանքը»:

Ըստ Ա. Չիտեչյանի՝ օրենքի փոփոխության դեպքում ներկրողները ստիպված են լինելու կրճատել նաեւ իրենց աշխատակիցներին. «Մոտ 70 աշխատող ունենք, որի կեսից ավելիին կրճատելու ենք: Մենեջերները, վարորդները, առաքիչները, օֆիսային աշխատողներն ավելորդ են դառնում: Եթե որպես արդարացում ասվի, որ դրա փոխարեն տեղական արտադրողների արտադրամասերում են աշխատատեղեր բացվելու, ասեմ, որ օղու արտադրության համար պրակտիկորեն աշխատող պետք չէ, քանի որ ապրանքի արտադրությունը ավտոմատացված է»:

Հայաստանում օղու արտադրությամբ զբաղվող «Մերձավան» ոգելից խմիչքների գործարանի մենեջեր Նելլի Գեւորգյանի կարծիքով էլ՝ իրենց ապրանքների գները չեն աճի. «Ինչ վերաբերում է արտադրանքի ավելացմանը, ասեմ, որ դա կախված է պահանջարկից: Հիմա մենք տարեկան արտադրում ենք 25000 լիտր օղի: Եթե ներմուծված ապրանքների գները բարձրանան, բնական է, որ մարդիկ կգնեն ավելի էժանը՝ հայաստանյան արտադրությանը: Սա մեզ համար ձեռնտու է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել