Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խնդիրների մասին՝ հոբելյանի առիթով

Դեկտեմբեր 11,2008 00:00

10-ամյա «Ռադիո Վանը» դժգոհ է ՀՀ օրենսդրական դաշտից

\"\"103.0 հաճախականությամբ հեռարձակվող «Ռադիո Վան» ռադիոկայանը երեկ դարձավ 10 տարեկան: Լրատվամիջոցի ներկայացուցիչները «Նովոստի Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում տարեդարձը նշեցին՝ ռադիոհեռարձակման հայաստանյան խնդիրներից խոսելով: «Վանեցիները» կարճ հոլովակով տեղեկացրին, որ իրենք մինչ այժմ նվաճել են 52 լավագույն մրցանակ, պատրաստել 500-ից ավելի հեղինակային հաղորդում, հասցրել են նույնիսկ 13 երեխա ունենալ:

Ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը նախ ներկայացրեց, թե ինչպես է հայաստանյան օրենսդրական դաշտը արգելակում ռադիոհեռարձակման քաղաքականությանը: Նախ անդրադարձավ «Գովազդի մասին» ՀՀ օրենքին. «Այդ օրենքը մեզ պարզապես թույլ չի տալիս աշխատել եւ եկամուտ ստանալ: Այն անընդհատ փոփոխվում է եւ այդպես էլ մարդկային կերպարանք չի ստանում: Օրինակ, անհասկանալի է, թե ինչու պիտի առողջապահության նախարարությունը որոշի, թե դեղորայքի գովազդային ո՛ր հոլովակները պիտի եթեր հեռարձակվեն: «Գովազդի մասին» օրենքի թերությունների պատճառով մենք կորցնում ենք եկամտի 40%-ը, ինչը նշանակում է՝ այդքան տոկոսով պակաս ենք վճարում հարկերը: Կամ արգելվում է ալկոհոլային խմիչքների, ծխախոտի գովազդ հեռարձակել, այնինչ՝ դրանք տեղ են գտնում գովազդային վահանակների վրա, ամսագրերում»:

Դառնալով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքին, Շ. Արեւշատյանը նեղսրտեց. «Մեզ ստիպում են 2011 թվականից անցնել թվային հեռարձակման, բայց չգիտենք ինչպե՞ս, ի՞նչ ձեւաչափով: Օրենք են ընդունում եւ ռադիո անունը մոռանում են գրել՝ պատճառաբանելով, թե վրիպակ է»: «Ռադիո Վանի» տնօրենը նաեւ դժգոհեց պետական աջակցությունից. «Մեզ նրանցից փող պետք չէ, պարզապես զգանք, որ իրենք ունեն մեր կարիքը: Օրինակ՝ առողջապահության նախարարությունը ինչո՞ւ մեզ չի պատվիրում հոլովակներ պատրաստել աբորտների, ծխախոտի բացասական ազդեցության մասին»: Շարունակելով տիկին Արեւշատյանի խոսքը՝ «Ռադիո Վանի» ծրագրերի ղեկավար Գոռ Գրիգորյանը (Գլումով) կես կատակ-կես լուրջ ասաց. «Լավ է, որ պետական մարմինները գոնե մեզ չեն խանգարում: Երկրից դուրս մեզ ավելի լավ գիտեն, քան Հայաստանում: Մի կողմից ուզում ենք անցնել թվային հեռարձակման, բայց մյուս կողմից՝ դեռ փողոցը կարմիր լույսի տակ ենք անցնում: Ցավոք, պետական մարմիններն ունեն իրենց, այսպես կոչված, լրատվական օջախները, հեռուստառադիոընկերությունները, լրագրողները: Այս տարի նշվում են Վազգեն Առաջինի, Վիլյամ Սարոյանի հոբելյանները: Օրինակ՝ Սարոյանը ունի կարճ պատմվածքներ, որոնք կարելի էր հոլովակների ձեւով ներկայացնել եթերից, կամ Վազգեն Առաջինի մասին հաղորդում պատրաստել: Ուղղակի պետական աջակցություն էր պետք, թե չէ՝ եթե ես սեփական նախաձեռնությամբ փորձեի գնալ Էջմիածին եւ նյութեր հավաքել, դա ինձնից կես տարի կխլեր»:

«Ռադիո Վանի» երաժշտական ծրագրերի ղեկավար Շուշան Պետրոսյանն էլ անդրադարձավ ՀՀ մշակույթի նախարարությանը. «Ուզում եմ, որ մշակույթի նախարարությունը վերջապես զբաղվի մշակույթով: Այժմ ցանկանում եմ դասական երաժշտությանը նվիրված հաղորդում պատրաստել, բայց ո՞ր մի գովազդատուն այդպիսի հաղորդման ժամանակ գովազդ կպատվիրի, իսկ այդ նախագիծը կարելի է իրագործել միայն պետական աջակցությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել