«Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը համոզված է, որ Թուրքիան, ի վերջո, կբացի սահմանները եւ կընդունի Հայոց ցեղասպանությունը:
«Մինչ Հրանտ Դինքի մահը՝ «Ակոսի» տպաքանակը 3500 օրինակ էր, նրա մահվանից հետո հասարակության հետաքրքրությունն «Ակոսի» հանդեպ բարձրացել է ու այն արդեն լույս է տեսնում տասնապատիկ ավելի: Այժմ Թուրքիայի բոլոր քաղաքներում ու անկյուններում հնարավոր է «Ակոս» ձեռք բերել: Այն ընդդիմադիր թերթ է, որտեղ գրում են ոչ միայն հայ, այլեւ մի շարք թուրք մտավորականներ»,- երեկ «Հայելի» ակումբում ասաց «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
Նա, անդրադառնալով «Ակոսի» նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանն, ասաց. «Գործընթացը ձգձգվում է, դատական պրոցեսն այնպես է ընթանում, որ հարցը շուտ չի լուծվի ու ամեն ինչ մինչեւ այժմ հայտնաբերվածներով սահմանափակվի: Սպանողն արդեն հայտնի է: Կա ոճրագործ, որը խոստովանել է: Բոլորն էլ համոզված են, որ Դինքին սպանել են հայ լինելու համար: Նա գիտեր, որ իրեն վտանգ է սպառնում: Հրանտը հնարավորություն ուներ տեղափոխվել Բելգիա, որտեղ հարազատներ ուներ, բայց նրա համար շատ դժվար էր թողնել իր պայքարը, համոզմունքները, առաքելությունը եւ հեռանալ: Այսօր էլ նրա սկզբունքներով շարժվում է նաեւ իր ընտանիքը»:
Պարոն Էստուկյանը, խոսելով Հ. Դինքի ընտանիքի ու «Ակոսի» աշխատակիցների հասցեին հնչող սպառնալիքների մասին, ասաց, որ դրանք մինչեւ հիմա շարունակվում են. «Թերթի աշխատակիցների անվտանգությունն ապահովում են ոստիկանները, որոնք կանգնում են շենքի մուտքի առջեւ, բայց նրանց մոտով անցնելն այնքան էլ դժվար չէ… Մյուս կողմից էլ՝ ավելի անվտանգությունը մեզ կճնշեր»:
Ինչ վերաբերում է Ստամբուլում ապրող հայերին, «Ակոսի» խմբագրի խոսքով՝ կան կրոնափոխ եղած ազգուրաց հայեր, որոնք իրենց նոր ինքնությունը հավաստելու համար դարձել են մոլեռանդ թուրք ազգայնամոլներ. «Կան նաեւ այնպիսիք, որոնք թեկուզ մահմեդականացած են, բայց գաղտնի պահպանում են մեր ազգային ավանդույթները, օրինակ՝ մերժում են այլազգի ամուսնություններն ու իրենց զավակներին հայեցի դաստիարակում»:
Հայոց ցեղասպանության համար վերջերս ներողություն խնդրած թուրք մտավորականների «մասով» էլ բանախոսն ասաց. «Այդ որոշումը տարածողները մի հայտարարոթյուն եւս տարածեցին, ասելով, որ իրենց կոչը սխալմամբ վաղ են տարածել: Այդ մասին իրենք պիտի հայտնեին 2009 թ. հունվարի 1-ին եւ այդ հայտարարության տակ էլ պիտի լիներ ոչ թե 4-5, այլ ավելի մեծ թվով ստորագրություններ: Ստորագրողների մի մասը մեզ ծանոթ են, իրենց հստակ դիրքորոշումով, «Ակոսի» քրոնիկագիրներ են, շատ կարեւոր մտավորականներ: Նրանց փոխանցմամբ, ստորագրահավաքը շարունակվելու է մեկ տարի ու տարվա վերջում նորից պետք է հայտարարվի: Թուրք մտավորականները այդ քայլին գնացել են յուրաքանչյուրն իր խղճի ձայնը լսելով: Ասում են՝ իրենց ոչ ոք չի պարտադրել: Այդ մտավորականները համոզված են, որ մեծ մեղք է գործվել, 100 տարի առաջ հայ ժողովուրդը իրենց կողմից տանջանքների է ենթարկվել ու իրենք ուզում են հայերի ցավը կիսել: Հավելեմ, որ այդ մտավորականներին այժմ վտանգ է սպառնում, իրենց հայտարարությունից հետո նրանք անմիջապես ենթարկվեցին հալածանքների, հայհոյանքների ու սպառնալիքների»:
Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ էլ խմբագիրը ասում է. «Սահմանի փակ լինելը մի աննորմալ բան է ու եթե պատերազմ չկա, ի՞նչ իմաստ ունի այն փակ պահել: Տվյալ դեպքում Թուրքիայի իշխանությունը սահմանը փակ պահելով՝ ուրախ է պահում ադրբեջանցիներին… Համոզված եմ՝ այդ հարցն էլ շուտով կլուծվի, Ցեղասպանությունն էլ կճանաչվի առաջիկա 5-10 տարում»:
Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալվել էին նաեւ Թուրքիայի «Քարդաշ Թուրքլեր» մշակութային կազմակերպության եւ տեղի «Սայաթ-Նովա» երգչախմբի ղեկավարներ Ուլկլեր Ումլուն ու Գայուշ Գալկման-Գավրիլովը: Նրանք տեղեկացրին, որ դեկտեմբերի 12-ին «Քարդաշ Թուրքլերի» նվագախումբն ու երգչախումբը, ինչպես նաեւ «Սայաթ-Նովան» հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ դեկտեմբերի 13-ին՝ Վանաձորում: Կկատարեն հայկական, թուրքական եւ քրդական ժողովրդական ստեղծագործություններ: Իրենց նպատակը երաժշտության միջոցով երկխոսությունն է: