Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների օրը Հայաստանում

Դեկտեմբեր 11,2008 00:00

Գենդերային տրամադրությամբ

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը տեղեկացրեց, որ ավարտվել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը»: Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նկատեց, որ կանանց իրավունքների խախտման ժամանակ տղամարդիկ պասիվ են, ավելին. «Մշակույթ է դարձել նաեւ, որ խախտումների վերաբերյալ կանայք դիմում են հասարակական ինստիտուտներին, իսկ ազգային ինստիտուտներին չեն վստահում»: Ասուլիսին ներկա կանանց բազմանուն կազմակերպությունները հարց բարձրացրին, որպեսզի բռնությունների զոհ դարձածների հետ աշխատեն օմբուդսմենի գրասենյակի հոգեբանները: Պարզվեց, որ գրասենյակն ունի «արտահաստիքային հոգեբաններ»՝ որոնց դիմումատուները վերաբերվում են թերահավատորեն: Այն հարցին, թե Հայաստանում հատկապես ո՞ր իրավունքներն են խախտվում, օմբուդսմենն ասաց. «Երկրում իրավունքների խախտման մակարդակը նույնն է, այնպես չի, որ մի իրավունքն ավելի է խախտվում, մեկ ուրիշը՝ նվազ»: Ա. Հարությունյանի կարծիքով, մեզանում շատուշատ բռնությունների մասին չի խոսվում, ինչը, սակայն, չի նշանակում, թե խախտումներ չկան: «Առավոտի» հարցին, թե այս տարի որքա՞ն դիմումներ են եղել՝ կապված ընտանեկան բռնությունների հետ, իրավապաշտպանը պատասխանեց. «3 տասնյակից ավելի: Պարզապես, զոհերը չեն ցանկացել դրանք գրանցել»:

Ռ. Մ.

Քաղբանտարկյալը՝ «ոգու աղքատության բանտից»

Երեկ բազմաթիվ քաղաքացիներ էին եկել արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ՝ դիմավորելու ազատամարտիկ, քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանին, որն ապօրինի զենք-զինամթերք ունենալու համար դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման եւ հենց Մարդու իրավունքների միջազգային օրը համընկավ նրա ազատազրկման ժամկետի ավարտին:

Վ. Մալխասյանին դիմավորելու էին եկել Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Երվանդ Մանարյանը, օրերս պայմանականով ազատություն ստացած Հուսիկ Բաղդասարյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ այլք:

Տեսնելով քրեակատարողական հիմնարկը լքող Վ. Մալխասյանին, որի ձեռքին կար եկեղեցու փայտե մանրաքանդակ, խմբված մարդիկ վանկարկեցին. «Ազա՜տ, անկա՜խ Հայաստա՜ն»: Վ. Մալխասյանը, դիմելով ներկաներին, ասաց. «Ես նորից ձեզ հետ եմ, շուտով կհաղթենք բռնապետությանը, ո՛չ միայն մեր քաղբանտարկյալներին, այլեւ ողջ հայ ժողովրդին կնվիրենք մեր բաղձալի ազատությունը, մեր երկրում արժանապատիվ ապրելու իրավունքը: Նիկոլի բառերով ասած՝ «պայքա՜ր, պայքա՜ր մինչեւ վերջ, հիմա՛-հիմա՛-հիմա՛»: Ցույց տալով եկեղեցու մանրակերտը՝ Վ. Մալխասյանն ասաց. «Այս եկեղեցին կոչվում է «Սուրբ Ազատության եկեղեցի»: Այն պատրաստել են քաղբանտարկյալները՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանին նվիրելու համար: 2008 թ. մարտի 1-ին Գարեգին վեհափառի լուռ համաձայնությամբ Ազատության հրապարակում թափվեց հայ ժողովրդի արյունը: Մեր հովվապետը ոչ միայն չկանգնեց հալածյալների կողքին, այլեւ հալածողներին աջակցեց՝ շտապելով օր առաջ շնորհավորել չընտրված բռնապետին: Եկեղեցին իր վրա վերցրեց անմեղ զոհերի արյան պատասխանատվությունն այնպես, ինչպես արյուն թափողներն են պատասխանատու: Բայց համոզված ենք, որ շուտով մեր վճռականությամբ, ազատատենչությամբ, հանդգնությամբ եւ անզիջում պայքարով կմաքրենք այդ խարանն ինչպես եկեղեցուց, այնպես էլ ժողովրդից: Սա ասում եմ ցավով, քանի որ ինչ-որ մարդիկ, որոնք որեւէ կապ չունեն այս երկրի ու ժողովրդի հետ, այս երկիրը դարձրին ոգու աղքատության բանտ»:

Պատասխանելով «Առավոտի» հարցին, Վ. Մալխասյանը հայտնեց, որ ինքը հետայսու զբաղվելու է քաղաքականությամբ, իսկ թե ինչպե՞ս է շարունակելու պայքարն ու ինչպե՞ս է սատարելու քաղբանտարկյալներին՝ ազատամարտիկն ասաց. «Լինելու եմ ժողովրդի հետ, նվիրումով աջակցելու եմ Համաժողովրդական շարժման գործերին»: Ըստ Վ. Մալխասյանի՝ կրկին հետապնդվելուց մտավախություն չունի, քանի որ իրացնելու է իր սահմանադրական իրավունքը. «Ոչ թե մե՛նք ենք սահմանադրական կարգը տապալում, այլ՝ այս ինքնակոչ իշխանությունները, որոնք պղծել են այս երկիրը, խլել են մեզնից խոսելու, մտածելու, ազատ ապրելու իրավունքը»: Հանրահավաքների դադարեցմանն առնչվող հարցին էլ պատասխանեց. «Ընդդիմության առաջնորդը իմաստուն է, չի կարող պատահի, որ իրավիճակը ճիշտ չգնահատի: Ինչպիսի որոշում Լեւոն Տեր-Պետրոսյանը կկայացնի՝ կենթարկվենք նրա որոշմանը: Մենք հաղթելու ենք, արդեն իսկ հաղթած ենք: Չպետք է հոգնենք պայքարից, քանի որ այն հարատեւ է: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ գա իշխանության՝ պայքարը շարունակվելու է, հարատեւ է»: «Առավոտի» դիտարկմանը, թե ի՞նչ նկատի ունի «պայքարը հարատեւ է» ասելով, ազատամարտիկը պատասխանեց. «Բոլոր ժամանակներում էլ վատ բաներ լինում են, չկա իդեալական իշխանություն: Ես բոլոր ժամանակներում իշխանություններին քննադատել եմ: Առաջին նախագահի իշխանության օրոք էլ եմ իրեն քննադատել: Այն ժամանակ էլ սխալներ կային, բայց համոզված եմ, որ եթե հիմա գան՝ այդ սխալները չեն լինի կամ գոնե քիչ կլինեն»: Վ. Մալխասյանը կանխատեսեց նաեւ, որ հաճախակի կդառնան պատժամիջոցները Հայաստանի նկատմամբ. «Եվրոդատարանը չի դատելու Աղվան Հովսեփյանին, Ժորա Վարդանյանին, մի սիրունիկ աղջիկ կա՝ Նաիրա Զոհրաբյանին, Գալուստ Սահակյանին, Շարմազանովներին, այլ դատելու է Հայաստանի Հանրապետությանը»: «Վարդաշեն» ՔԿՀ-ի բակում քաղբանտարկյալների երեխաները ոչ միայն աղ ու հացով դիմավորեցին ազատամարտիկին, այլեւ, որպես ակցիա, ծառ տնկեցին, փուչիկներպարիկներ պայթեցրին:

Գ. Մ.

Շրջիկ դատարանում

Երեկ Երեւանի քրեական դատարանը որոշել է «7-ի գործով» դատական նիստ նշանակելու մասին: Դեկտեմբերի 19-ին, ժ.12-ին, Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի Ալեքսանդր Արզումանյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի եւ Շանթ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Դատարանի տեղը որոշելիս հավանաբար հաշվի է առնվել Երեւանի քրեական դատարանի փոքր դահլիճների աննպատակահարմարությունը, փոխարենը հիշվել է, որ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում կա նաեւ ապակեպատ դահլիճ, միակը, թերեւս, հանրապետությունում, որի ետեւից հնարավոր է անգամ տեսնել դռնփակ նիստերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել