Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

Դեկտեմբեր 11,2008 00:00

\"\"Դպրոցներ են ուղարկվում 2009թ.-ի միասնական քննությունների ուղեցույցները՝ բոլոր քննական առարկաների համար

Քննական նոր համակարգը, որ ներդրվեց 2007-ին, եւ ինչպես ամեն նոր բան, սկզբում ընդունվեց եթե ոչ թրերով, ապա գոնե մեծ զգուշավորությամբ, կամաց-կամաց սկսում է ընկալվել հասարակության կողմից, ձեռք բերել համակիրներ: Մարդիկ ընդունում են, որ այս համակարգն ապահովում է գիտելիքների քիչ թե շատ օբյեկտիվ ստուգում ու գնահատում, եւ գոհ են այն փաստից, որ շրջանավարտն այլեւս ստիպված չէ նույն առարկայից երկու ամսվա ընթացքում երկու քննություն հանձնել՝ մեկը դպրոցն ավարտելիս, մյուսը՝ բուհ ընդունվելու համար: Իսկ դժգոհությունները հիմնականում երկու տեսակի են. մի դեպքում ընդհանրապես չեն ընդունում թեստերով գիտելիքների ստուգման ձեւը, համարելով, որ դա դրդում է երեխային ձգտել ոչ թե խորը գիտելիքների, այլ զուտ վարժանքներ անել՝ թեստերը ճիշտ լրացնելու համար, եւ երկրորդ՝ դժգոհում են թեստերի բովանդակությունից: Ասենք, համարում են, որ տրված հարցի համար առաջադրված 4 տարբերակների մեջ առնվազն երկուսը կարող են ճիշտ լինել, եւ այլն… Եվ այդուհանդերձ, միասնական քննական համակարգը կամաց-կամաց կայանում է: Եթե 2007-ին շրջանավարտները նոր համակարգով հանձնում էին միայն «հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննությունը, ապա 2008-ին միասնական համակարգով հանձնեցին նաեւ օտար լեզուներն ու մաթեմատիկան: Իսկ ահա 2009-ին նրանք նույն համակարգով քննություն կհանձնեն նաեւ «աշխարհագրություն», «ֆիզիկա», «քիմիա», «կենսաբանություն», «հայոց պատմություն», «ընդհանուր պատմություն» առարկաներից: Համակարգի պատասխանատուները, մասնավորապես՝ կրթության եւ գիտության նախարարության Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ), խոստացել էին, որ այս առարկաների համար նախատեսված ուղեցույցները, այսինքն՝ քննության ժամանակ առաջադրվելիք թեստերի նմուշները, դեռեւս սեպտեմբերին կլինեն դպրոցներում, կբաժանվեն ավարտական դասարանների աշակերտներին, որպեսզի երեխաները ժամանակ ունենան ծանոթանալու դրանց, իմանան, թե ինչ է սպասվում իրենց տարեվերջին: Սակայն արդեն դեկտեմբերի կեսն է, եւ այդ ուղեցույցները հնարավոր չէ գտնել: «Առավոտն» այս առնչությամբ բազմաթիվ ահազանգեր է ստացել հատկապես ավարտական դասարանում սովորողների ծնողներից: Նրանց մտահոգությունները փոխանցեցինք ԳԹԿ: Կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը տեղեկացրեց, որ ուղեցույցներն արդեն պատրաստ են եւ ուղարկվում են դպրոցներ: Ուշացման պատճառները մի քանիսն են, սակայն հիմնական պատճառը տեխնիկական է՝ տպարանում չեն հասցրել գործն ավարտել: Ի դեպ, ԳԹԿ մեր այցելության ժամանակ ականատես եղանք, որ ԳԹԿ-ի առարկայական մասնագետները, իրենց հիմնական գործից զատ, նոր տպագրված ուղեցույցներն էին ձեռքով ծալում:

Գիտելիքների թեստավորման կենտրոնի քննական առաջադրանքների մշակման եւ մեթոդական օժանդակության բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ ուղեցույցների կազմման համար դեռ հունվարին ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնցում ընդգրկված են եղել ինչպես բուհերի դասախոսներ եւ ԳԹԿ-ի մասնագետներ, այնպես էլ՝ դպրոցների ուսուցիչներ: «100%-ով բոլոր առաջադրանքները բոլոր առարկաներից դպրոցական ծրագրից են, դասագրքերի հիման վրա: Դա թեստերի կազմման գլխավոր սկզբունքն է: Ճիշտ է, առաջադրանքները նույնությամբ չեն կրկնում դասագրքերում եղած առաջադրանքները, դա հնարավոր էլ չի անել, սակայն դասագրքից դուրս ոչինչ չկա: Մենք այս տարվա մայիս ամսին փորձարկեցինք ստացված թեստերը, բացի այդ՝ ուղեցույցները մինչեւ տպագրելն ուղարկեցինք բուհեր, հեղինակավոր վարժարաններ, եւ այնտեղից ստացանք կարծիքներ, դիտողություններ: Այդ ամենը հաշվի առնելով, որոշակի փոփոխություններ, շտկումներ արեցինք, եւ հիմա արդեն բոլոր ուղեցույցները պատրաստ են: Այո, մենք խոստացել էինք, որ սեպտեմբերին դրանք պատրաստ կլինեն, սակայն ուշացրեցինք: Ուշացման պատճառներից մեկն այն էր, որ սկզբում մի քանի առարկաների աշխատանքային խմբերի ղեկավարներ համարում էին, որ իրենց առարկաներին ավելի բնորոշ է ոչ թե 80 միավորանոց, այլ, ասենք, 60 միավորանոց համակարգը, բայց հետո կազմակերպչական հարցեր ծագեցին, եւ որոշում ընդունվեց, որ բոլորը միասնական կանենք՝ 80 միավորանոց համակարգով: Բնականաբար, դա լրացուցիչ աշխատանք եւ ժամանակ խլեց: Բայց հիմնականում ուշացրել ենք տպագրության հետ կապված որոշ խնդիրների պատճառով: Սակայն արդեն ուղեցույցները պատրաստ են, եւ սկսել ենք ուղարկել դպրոցներ: Մնացել են միայն հայոց լեզվի եւ գրականության, օտար լեզուների, եւ մասամբ՝ մաթեմատիկայի ուղեցույցները (այսինքն՝ այն առարկաների, որոնք միասնական համակարգում «նորեկ» չեն), որոնք էլ շատ շուտով պատրաստ կլինեն եւ մինչեւ դեկտեմբերի վերջ կուղարկվեն: Բայց քանի որ այդ առարկաների ուղեցույցներում բովանդակային մեծ տարբերություններ չկան, մինչեւ նոր ուղեցույցների ստանալը աշակերտները կարող են պարապել նախորդ տարվա ուղեցույցներով»,- տեղեկացրեց պարոն Խաչատրյանը:

Օգտվելով առիթից՝ զրուցեցինք ուղեցույցները կազմող առարկայական հանձնաժողովների անդամ ԳԹԿ-ական մասնագետների հետ, տեղեկանալու համար, թե կոնկրետ առարկաների թեստերն ինչ սկզբունքներով են կազմվել: Այդ մասին ավելի մանրամասն կարդացեք «Առավոտի» շաբաթ օրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել