Այս մարզի համար պատասխանատուները պետբյուջեի հաշվին «կլորիկ» գումարներ են գրպանել
Վերահսկիչ պալատի այս անգամվա բացահայտումներն առնչվում էին Գեղարքունիքի մարզին: Այդ պատճառով պալատը երեկ խորհրդի հերթական նիստն ու մամուլի ասուլիսը կազմակերպել էր հենց Գեղարքունիքի մարզպետարանում, որպեսզի մարզի իշխանություններին էլ հնարավորություն ընձեռվեր տեղում պատասխաններ տալ պալատի հայտնաբերած խախտումներին: Վերահսկիչ պալատը ուսումնասիրել էր Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան, Վարդենիս քաղաքների, ինչպես նաեւ Գեղանիստ, Արտանիշ, Սարուխան, Լճաշեն եւ այլ գյուղերի 2006-07 թթ. գործունեությունը: Այս մարզում պալատն ընդհանուր առմամբ հայտնաբերել է 597 միլիոն դրամի խախտում, որից մոտ 151 միլիոնը պետական գնումներ կատարելու ընթացքում է տեղի ունեցել: Խորհրդի նիստից հետո Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողներին ներկայացրեց խախտումները:
Նշենք, որ այն ժամանակ, երբ պարոն Զաքարյանը ասուլիս էր տալիս, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հարակից ցուրտ դահլիճում հավաքել էր մարզի համայնքների ղեկավարներին եւ խրատներ էր տալիս: Պալատի բացահայտումներից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ այս մարզի համար պատասխանատուները, որքան կարողացել են, թալանել են՝ սկսած հողատարածքներից, ջրագծերից, վերջացրած անշարժ գույքով: Իշխան Զաքարյանի խոսքերով՝ «Պետական գնումների մասին» օրենքը մեր երկրում ընդհանրապես չի գործում. «Իմ կարծիքով, մեր երկրում օգտագործվում են լավագույն եւ վատթարագույն բոլոր միջոցները, որպեսզի այդ օրենքը շրջանցեն»: Նախագահը հայտնեց, որ ստուգումների արդյունքում 3 գործ արդեն ուղարկվել է դատախազություն: Ըստ պարոն Զաքարյանի, հատկապես խոշոր խախտումներ են հայտնաբերել Սեւան քաղաքում: Քաղաքապետ Գեղամ Մալխասյանը վաճառել է քաղաքի մանկապարտեզի, հանրակրթական եւ գիշերօթիկ դպրոցների շենքերը: Մինչդեռ մանկապարտեզի եւ դպրոցի շենքերը կարելի է վաճառել միայն ԱԺ որոշմամբ, իսկ այս դեպքում ԱԺ թույլտվությունը չի եղել: «Իսկ եթե վաճառվում է դպրոցի շենք, ապա այն պետք է ծառայի նույնպես կրթական կամ գիտական նպատակների, ասենք՝ որեւէ գիտակրթական կենտրոնի մասնաճյուղը դառնա եւ այլն»,- ասաց Ի. Զաքարյանը: Թե ինչ ճակատագիր են ունեցել վաճառված կրթօջախները, պարոն Զաքարյանը հստակ չգիտեր, միայն նշեց, որ դրանք սովորաբար տոնավաճառներ են դառնում: Մեր տեղեկություններով, դպրոցներից մեկը վաճառելուց հետո հիմքից քանդել են եւ նախատեսում են ինչ-որ օբյեկտ կառուցել: Սեւանի քաղաքապետի մյուս «սխրագործություններից» է «Սեւան» ազգային պարկի տարածքում 47 հեկտար հող վարձակալության տալը «Լավանդա սիթիին», որի սեփականատերն է Արայիկ Հայրապետյանը, ընդ որում՝ 1 քմ-ն վարձով է տրվել տարեկան 14 դրամով, այսինքն՝ ամսական 1,2 դրամով: Նշենք, որ կառավարության 2004թ. որոշման համաձայն, «Սեւան» ազգային պարկի տարածքում մոտ 1907 մետր նիշից ցածր տարածքում չի կարելի կապիտալ շինարարություն իրականացնել, թույլատրվում է միայն շարժական տնակներ տեղադրել: Ի դեպ, այդ տարածքում չի թույլատրվում հողը վարձակալությամբ տալ 3-4 տարուց ավելի ժամկետով: Իսկ Սեւանի քաղաքապետը «Լավանդա սիթիին» այդ տարածքը բավական չէ վարձակալության է տվել 40-50 տարով, դեռ մի բան էլ կադաստրային փաստաթղթեր է ձեւակերպել, որոնց հիման վրա «Լավանդա սիթին» այդտեղ տնակներ է կառուցել եւ վաճառել $50-60 հազարով, իսկ հարկայինին ցույց է տվել անհամեմատ ցածր թվեր՝ 1-7 միլիոն դրամ: Պալատի նախագահի հավաստմամբ՝ գործն ուղարկվել է դատախազություն: Ընդհանրապես, հայտնաբերած խախտումների մեծ մասը, ըստ սահմանված ժամանակացույցի, օրինախախտները վերադարձնում են գումարի տեսքով: Իսկ ահա Վարդենիսի քաղաքապետարանը, որտեղ 42-45 միլիոն դրամի խախտումներ են հայտնաբերվել, գումարի վերադարձման ժամանակացույց չի ներկայացրել, ինչի պատճառով Վերահսկիչը գործը եւս ուղարկել է դատախազություն: Իշխան Զաքարյանին շատ էր զարմացրել մարզի դատավորներից մեկի որոշումը, որի վերաբերյալ գործերը եւս ուղարկվել են դատախազություն: Գեղամասար գյուղում անցկացվող խմելու ջրագիծը, որը պետք է պետբյուջեի հաշվին արվր, պարզվել է, որ կիսատ է արված: Այսինքն՝ 3 ջրատար անցկացվել է, սակայն ուսումնասիրությունը պարզել է, որ մայր խողովակը չկա, որին պետք է միանային մյուս 3-ը: Դատարանը որոշում է կայացրել, որ գյուղապետարանը պետք է վաճառի այդ խողովակը, որպեսզի մարի սոցապ հիմնադրամին ունեցած պարտքը: Ընդ որում, դատարանը այդ խողովակների 1 գծամետրի գինը սահմանել է 276 դրամ, այն դեպքում, երբ դրանց շուկայական արժեքը 7-10 հազար դրամ է:
Ինչ վերաբերում է մանկատան երեխաներին հատկացվող բնակարանների պետգնումներին, որին մասնակցել էր «Սոկոլ» ընկերությունը եւ մեծ չարաշահումներ էր թույլ տվել, այս անգամ «Սոկոլին» միացան նաեւ «Արիաց գրուպ» եւ «Կարեն Զեթ» ընկերությունները, որոնք նույնպես որբերին հասանելիք բնակարանները գնել էին շատ էժան, բայց հաշվետվություններում ցույց տվել մի քանի հազար դոլարով թանկ, ընդ որում՝ երեխաներին բնակարանները հասել են բնակվելու համար ոչ պիտանի պայմաններով: