Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՐԹ, ՈՐՆ ԱՐԳԵԼՎԵՑ ԿԱՅԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ

Դեկտեմբեր 11,2008 00:00

Հայաստանի քաղբանտարկյալների ու հալածյալների պաշտպանության կոմիտեն երեկ՝ մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, անցկացրեց մի շարք միջոցառումներ

\"\"Նախ՝ ՀԺԿ կենտրոնական գրասենյակում բացվեց մարտի 1-ի դեպքերի լուսանկարների ցուցահանդես: «Այս ցուցադրությամբ ոչ թե ինչ-որ սարսափելի տեսարաններ ներկայացնելու նպատակ ենք ունեցել, այլ յուրաքանչյուր գիտակից մարդու հերթական անգամ ահազանգելու մարտի 1-ի խորհրդի մասին, երբ համատարած ոտնահարվում էին մարդու իրավունքները»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը։

\"\"Նախկին քաղկալանավորներն էլ նույն ընթացքում ցույց անցկացրին գլխավոր դատախազության շենքի առջեւ՝ «Ազատ, թե անազատ, միասին ենք» կարգախոսով: «Սրանով ուզում են իշխանություններին ցույց տալ, որ թեեւ իրենք ազատության մեջ են, սակայն դա չի նշանակում, որ հետ են կանգնելու պայքարից»,- ասաց Արամ Մանուկյանը:

\"\"Հետո Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դրվեցին՝ մարտի 1-ի զոհերի հիշատակին: Այստեղ եկավ նաեւ մի ժամ առաջ ազատ արձակված քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը։

\"\"Բոլոր այս միջոցառումներին քիչ մարդիկ էին մասնակցում, սակայն հիմնական ակցիան՝ երթը, որ սկսվեց Հյուսիսային պողոտայից, արդեն բազմամարդ էր: Երթի մասնակիցները տանում էին պաստառներ, որոնք մեջբերումներ էին 60 տարի առաջ դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից: Մարդիկ քայլում էին մայթերով, երթեւեկությանը չէին խանգարում։

\"\"Պտույտ գործելով Հանրապետության հրապարակում եւ վանկարկելով շարժման կարգախոսները՝ երթի մասնակիցները վերադարձան Հյուսիսային պողոտա, որտեղ ազդարարվեց միջոցառումների ավարտի մասին:

\"\"Հաջորդ միջոցառումը քաղբանտարկյալների կանանց նստացույցն էր Անդրեյ Սախարովի արձանի մոտ: Նրանք այնտեղ անձրեւի տակ անցկացրին մոտ 2 ժամ:

\"\"Մինչեւ գլխավոր դատախազության մոտ հասնելը՝ ոստիկանները երթը խոչընդոտելու փորձ անգամ չարեցին, թեեւ ուղեկցում էին ցուցարարներին ինչպես այս, այնպես էլ մյուս միջոցառումների ժամանակ: Սակայն երբ դատախազության մոտ երթը փակեց փողոցը եւ երթեւեկությունը կանգ առավ՝ ոստիկանները սկսեցին երթի մասնակիցներին հրել դեպի մայթ։ Հրմշտոցի ժամանակ մի կին հայտնվեց գետնին եւ ուշաթափվեց:

Հ. Գ. Քաղբանտարկյալների ու հալածյալների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Վարդան Հարությունյանն «Առավոտին» հայտնեց, որ երթի ավարտից 3 ժամ հետո իրենց տուն է բերվել քաղաքապետարանի պատասխան նամակը՝ երթի մասին իրազեկելու դեկտեմբերի 4-ին ներկայացրած իրենց դիմումին: Քաղաքապետարանը նշել է, թե այդ դիմումը ենթակա չէ քննարկման: «Ամեն դեպքում, ես համարում եմ, որ մեր միջոցառումը կայացավ այնպես, ինչպես պետք է լիներ՝ ե՛ւ ոստիկանությունն իրեն շատ նորմալ պահեց, ե՛ւ իշխանությունը»,- ասաց պրն Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել