Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԵՐԸ ԿՀԱՍՆԵՆ ԵԴ

Դեկտեմբեր 11,2008 00:00

Իսկ առայժմ մեր երկրում կա 67 քաղբանտարկյալ

Երեկ Մարդու իրավունքների միջազգային օրվա 60-ամյակն էր: Հայաստանում այդ տարեդարձը տոնվեց թվով 67 քաղբանտարկյալների առկայության պայմաններում: «Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի» համակարգող Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, այսօր մեր երկրում կան հենց այդքան քաղբանտարկյալներ, որոնցից 54-ն արդեն դատապարտվել են: Հիշյալ բոլոր անձինք բանտերում են հայտնվել նախագահական ընտրություններից հետո հետընտրական զարգացումների, իսկ հիմնականում՝ մարտիմեկյան դեպքերից հետո: Մենք աշխատում ենք պարբերաբար անդրադառնալ այս գործերով ընթացող դատավարություններին եւ քաղբանտարկյալների խնդիրներին, բայց ստացվում է այնպես, որ հիմնականում բարձրաձայնում ենք ընդդիմության առաջնորդների գործերի մասին: Սակայն կան նաեւ մի քանի տասնյակ շարքային քաղաքացիներ, ովքեր եւս դատապարտվել են միայն այն բանի համար, որ համարձակվել են չհամակերպվել ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կեղծիքների հետ ու դուրս են եկել փողոց՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար: Այդ մարտի 1-ից հետո էր, որ նրանցից շատերին մեղադրանքներ առաջադրվեցին, իբր, «զանգվածային անկարգություններին» մասնակցելու կամ դրանք կազմակերպելու, ոստիկաններին դիմադրելու համար:

Այսօր հարկ ենք համարում հիշել եւ խոսել նաեւ այն քաղբանտարկյալների մասին, որոնք հայտնի քաղաքական գործիչներ չեն: Նրանց թիվը շատ է, բայց այսօր անդրադառնանք միայն չորսին:

Կարեն Թարխանյան. ձերբակալվել է մարտի 4-ին, ՀՀ ՔՕ 225/2 հոդվածով նախատեսված՝ «զանգվածային անկարգություններին մասնակցելու» մեղադրանքով միայն երկու ոստիկանի տված ցուցմունքի հիման վրա, ենթարկվել է խոշտանգման, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Նրա առողջական վիճակը շարունակում է վտանգված մնալ. նա հաշմանդամ է, մինչեւ ձերբակալությունը ենթարկվել է աչքի վիրահատության, իսկ մեկուսարանում նրա նկատմամբ կիրառված խոշտանգման՝ բուժօգնություն չտրամադրելու արդյունքում վիրահատված աչքը սկսել է չտեսնել: Ունի անչափահաս երեխա, ընտանիքի միակ կերակրողն է: Նախաքննության ընթացքում նրան ստիպել են Շարժման առաջնորդների դեմ ցուցմունք տալ, ինչից նա հրաժարվել է: Դատարանում հարցաքննվել են միայն նրա դեմ ցուցմունք տված վկա ոստիկանները, իսկ ամբաստանյալի օգտին ցուցմունք տվող որեւէ վկայի դատարանն այդպես էլ չէր ցանկացել լսել:

Վարդան Ղավալբաբունց. եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վարորդն է: Երկու անչափահաս երեխաների հայրը ձերբակալվել է մարտի 16-ին եւ մեղադրվել նույն՝ ՀՀ Քր.օր. 225/2 հոդվածով եւ բացառապես ոստիկանների տված ցուցմունքների եւ մի տեսաերիզի հիման վրա, որտեղ կան կադրեր, երբ նա որոշակի հեռավորության վրա գտնվում է Ն. Փաշինյանի, Ս. Սիրունյանի կողքին: Դատարանը դա արդեն համարել է քրեորեն հետապնդելի արարք: Ընդ որում, նրա դեմ ցուցմունք տված ոստիկաններից մեկին Ղավալբաբունցը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ցերեկը ծավալված իրադարձությունների ժամանակ փրկել էր, որ զայրացած ամբոխը ծեծի չենթարկի: Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, վճիռը առաջիկայում կբողոքարկվի Վճռաբեկում:

Ռոման Մնացականյան. նա ծնողներ չունի, ամուսնացած չէ, բայց խնամքի տակ անչափահաս քույր ունի: Մեղադրվում է ՀՀ ՔՕ 225/2 հոդվածի հատկանիշներով՝ բացառապես ոստիկանների տված ցուցմունքի հիման վրա: Ձերբակալվել է պատահականորեն, երբ ոստիկանները նրա եղբոր ետեւից գնալով՝ բաժին բերման են ենթարկել նաեւ իրեն՝ Ռոմանին: Ոստիկանության բաժնում դաժան ծեծի է ենթարկվել, որից հետո նրան ստիպված են եղել ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց: Թերեւս հենց դրա համար դատարանի վճռով Ռոմանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:

Դավիթ Աղայան. նրան Վերաքննիչ դատարանի մոտից, որտեղ մասնակցել է քաղկալանավոր Հուսիկ Բաղդասարյանի դատավարությանը, առեւանգել էին քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ: Ավելի ուշ պարզվել էր, որ նա տարվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ հարցաքննվել է որպես «Մարտի 1»-ի գործով վկա, այնուհետեւ՝ որպես կասկածյալ: Ձերբակալվել է մայիսի 5-ին՝ ՀՀ ՔՕ 225/2 եւ 316/1՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներով: Դատապարտվել է 5 տարվա ազատազրկման բացառապես ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա: Խնամքի տակ ունի մեկ անչափահաս զավակ: Նա վատառողջ է՝ սրտի եւ նյարդային համակարգի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Ու թեեւ նրա հարազատները պատկան մարմիններին ահազանգել են նրան մասնագիտացված բուժօգնություն տրամադրելու մասին, բայց ՀՀ-ում այդպես էլ չի գտնվել մի բժիշկ, որը կհամարձակվեր նրան մեկուսարանում այցելել: Նրա գործով կայացված վճիռը եւս բողոքարկվելու է Վերաքննիչում:

Կան էլի՝ տասնյակից ավելի «շարքային» քաղբանտարկյալներ, որոնք եւս դատապարտվել են բացառապես ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա, ինչը անթույլատրելի է համարվել ոչ մեկ անգամ ու ոչ միայն ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի կողմից: Բայց այդ մարդիկ շարունակում են ազատազրկված մնալ, իսկ իշխանությունների հույսը, թերեւս, այն է, որ նրանցից էլ «ներման» հայցեր կկորզեն եւ դրանով «կթեթեւացնեն» քաղբանտարկյալների թվաքանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել