Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ «ԱՐԵՆԱ»

Դեկտեմբեր 10,2008 00:00

«Արենա». այսպես է կոչվում գիտահետազոտական եւ կրթական այն ցանցը, որի բացումը տեղի ունեցավ երեկ՝ Սլավոնական համալսարանում: Ցանցի ստեղծումը նախաձեռնել են ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտը, Երեւանի պետական ճարտարագիտական, Բժշկական համալսարանները, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ու Բաց հասարակության ինստիտուտը: «Արենային» միացել է հայաստանյան 48 գիտահետազոտական ինստիտուտ եւ 31 պետական եւ մասնավոր բուհ: Միջբուհական ցանց մուտք գործած յուրաքանչյուր հաստատության ուսանող այսուհետեւ հնարավորություն ունի օգտվել ինտերնետային ցանցից եւ ստանալ ցանկացած ինֆորմացիա, մասնակցել օն-լայն դասընթացների, ֆորումների եւ վիդեոքննարկումների: «Առավոտը» զրուցեց ցանցի կոորդինատոր Վահագն Մխիթարյանի հետ: «Սա բուհերին հնարավորություն է տալիս լուծել արտասահմանից դասախոս հրավիրելու խնդիրը: Այժմ նրանք հարյուրավոր դոլարներ չեն ծախսի դա անելու համար, այլ անվճար կերպով կմիանան այդ մասնագետների դասախոսություններին»,- ասաց նա: Մեր այն դիտարկմանը, թե ցանցն ինչպե՞ս կարող է արդյունավետ գործել, եթե Հայաստանում ոչ ինտերնետ կապն է արագ եւ որակյալ, ոչ էլ բուհերն են «զինված» լավագույն տեխնոլոգիաներով, Վ. Մխիթարյանը պատասխանեց. «Սա համաշխարհային ծրագիր է, որին միացել են նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը: Այս ցանցի շնորհիվ հայաստանյան համալսարանները կարող են կապվել եվրոպական բուհերը սպասարկող ինտերնետային մալուխներին»: «Առավոտի» հարցին, թե ի՞նչ երաշխիքներ, որ այս ցանցը կծառայի կրթական նպատակներին, այլ ոչ թե որոշ մասնավոր անձերի շահերին, Վ. Մխիթարյանն այսպես պատասխանեց. «Այստեղ չկան այնպիսի ծառայություններ, որոնք հնարավոր լինեն վերավաճառել: Հակառակ դեպքում՝ դրանցից ինչ-որ մարդիկ անպայման կփորձեին օգտվել»: «Առավոտը» «Արենա» ցանցի արդյունավետության մասին զրուցեց բուհերի ներկայացուցիչների եւ ուսանողների հետ: Օրինակ՝ Սլավոնական համալսարանի ուսանողուհի Տաթեւն ասաց. «Առանց այն էլ դասերով շատ ենք ծանրաբեռնված, այդ պատճառով դժվար թե օգտվենք այդ ցանցի ծառայություններից»: Երեւանի մենեջմենթի համալսարանի ռեկտոր Ռուբեն Առուշանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս պիտի անեն, որ ուսանողները ինտերնետն օգտագործեն ոչ թե ժամանցի համար, այլ կրթական նպատակներով: «Դա պիտի արվի ժամանակի ընթացքում: Բայց այս ծրագիրը հատկապես արդյունավետ կգործի բուհերի՝ Հայաստանի շրջաններում ունեցած մասնաճյուղերի համար: Անընդհատ թեստեր ենք անցկացնում, այլ փաստաթղթեր ուղարկում, ուստի ինտերնետը ժամանակ կխնայի»,- ասաց ռեկտորը: «Մովսես Խորենացի» համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանն էլ ամեն ինչ կապեց անցումային շրջանի հետ եւ նշեց. «Չեմ կարծում, որ սարքավորումների առումով «Արենա» ցանցին միացած բուհերը լուրջ խնդիրներ կունենան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել