Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մենակ. իմ արվեստով եւ ինքս ինձ հետ»

Դեկտեմբեր 10,2008 00:00

\"\"Երբեւէ որոնե՞լ եք սիրո երաժշտությունը կամ փորձել նկարել այն: Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» այդ երաժշտությունը գտել եւ Զարուհի Թովմասյանի «Սիրո երաժշտության որոնումներ» նկարի մուսան է դարձել:

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում նկարչուհի Զարուհի Թովմասյանի առաջին անհատական ցուցահանդեսն է բացվել՝ նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան:

«Հոգով նկարչուհի եմ»,- ասում է Զարուհին՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գրադարանավարը: Երեք տարեկանից նկարում է, բայց հանգամանքների բերումով մասնագիտական կրթություն չի ստացել. «ստեղծագործություններս երեւակայական փնտրտուքների արդյունք են, որ ներաշխարհս է թելադրում»: Նկարչուհին տասնութ տարվա աշխատանք է ներկայացնում. յուղաներկերով եւ գրաֆիկայով 37 գեղանկար՝ վառ, ճոխացված գույներով եւ կոլաժային արվեստին բնորոշ զանազան ատրիբուտներով՝ ուլունք, ամրակ:

«Մենակ եմ ապրում, դժվար է,- անկեղծանում է Զարուհի Թովմասյանը,- նկարում եմ շաբաթ-կիրակի, աշխատանքային օրերին երեկոյան էլեկտրական լույսի տակ պետք է նկարեմ, չնայած նկարելու համար բնական լույսն է կարեւոր: Գրադարանում աշխատավարձս քիչ է, իսկ ներկերը, նկարչական պարագաները թանկ արժեն»:

Զարուհին լավատես է, անկախ ամեն ինչից ստեղծագործում է ու նոր ավարտած երկու նկար ունի. «Դեռ խոնավ էին, դրա համար չբերեցի»: Ասում է՝ պետք է միշտ սիրահարված լինել կյանքին, երաժշտությանը, աշխատանքիդ. «Եթե սեր չունես՝ ապրելու ոգեւորություն չես ունենա»:

Ցուցահանդեսի այցելուներից Ջեմմա Հակոբյանը նկարներից դրական լիցքեր է ստանում. «Պայծառ է, հոգու ճիչ կա, ջերմագին վերաբերմունք՝ անցյալին: Զառան կորցրել է ծնողներին, ես նկարների մեջ տեսնում եմ նրանց հանդեպ սերը: Գույների խաղը հիանալի է»:

Զարուհու «Պայքար եւ ելք» նկարը նվիրված է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերին: Իսկ ելքը, իր կարծիքով, լույսն է: Նրան հուզող հարցերից ամենացավոտը Հայաստանի ապագան է: Նժդեհի գաղափարախոսության համակրի՝ մեր ապագայի վերաբերյալ ունեցած լավատեսությունը երեւում է նաեւ «Թռիչք դեպի ապագա» նկարում:

«Իզուր չէ, որ ճապոնացիները հայտարարել են. «Աշխարհը սկսվել է Հայաստանով եւ կվերջանա Հայաստանով, ձեռք մի՛ տվեք հայերին, մի՛ վերացրեք հայերին»,- մեջբերում է Զարուհին: Նա նկարները չի վաճառել, հաճախ նվիրել է, թեեւ դժվար է բաժանվում դրանցից, որ իր հոգու մի կտորն են: Բայց եթե նկարելու պատվեր ունենա՝ չի մերժի. «Ցուցահանդեսն ինձ համար թանկ նվեր է. դեկտեմբերի 7-ին ծննդյանս օրն է, բացի այդ, մայրս երազում էր, որ անհատական ցուցահանդես ունենամ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել