Թեեւ դա ոչ բոլորին է սպառնում
Բնությունը կանանց հետ ավելի դաժան է վարվում, քան տղամարդկանց: Որոշակի տարիքից հետո դադարում է գործել կանանց վերարտադրողական ֆունկցիան, օրգանիզմում տեղի են ունենում ինչ-ինչ փոփոխություններ, որոնք մեկ բառով անվանում են կլիմաքս: Իսկ տղամարդիկ ունե՞ն կլիմաքսի ժամանակաշրջան: Այս հարցը վերջին տարիներին բուռն քննարկումների տեղիք է տվել: Ընդ որում, տղամարդիկ ավելի ցավագին են ապրում հնարավոր կլիմաքսի «վտանգը», քանի որ վերջինս ասոցացվում է իրենց ծերանալու եւ առնականության կորստի հետ:
Որոշ գիտնականներ ապացուցում են, որ կա «տղամարդկային» կլիմաքս, թեեւ չեն ժխտում, որ արական սեռի ներկայացուցիչները սեռունակ կարող են լինել մինչեւ խոր ծերություն: Տեսակետներ էլ կան, որ այդպիսի կլիմաքս ընդհանրապես գոյություն չունի:
Գերմանացի պրոֆեսոր Էբերհարդ Հիալագին կարծում է. «Տղամարդկային կլիմաքսը հորինել են արհեստական հորմոններ արտադրողները: Նրանք տղամարդկանց վախեցնում են, որպեսզի վերջիններս գնեն իրենց արտադրանքը…»: Չնայած տարաբնույթ մեկնաբանություններին՝ մասնագետները փաստում են, որ իրենց դիմած ուժեղ սեռի ներկայացուցիչներից ոմանք 45-60 տարեկանում զգում են այն տհաճ ախտանիշները՝ ինչ կանայք կլիմաքսի շրջանում. դյուրագրգռություն, հուզական անկայունություն, ճնշվածություն, սեռական գործողությունների հակման նվազում, սրտխփոց, բուռն քրտնարտադրություն, ջերմելու զգացողություն եւ այլն:
«Առավոտը» այս թեմայով զրուցեց առաջին անգամ Բելգիայից հայրենիք ժամանած սեքսոլոգ Ավո Իզիրյանի հետ: «Ինչ խոսք, կենսաբանական տեսակետից կլիմաքսն անխուսափելի է: Տարիքային փոփոխությանը զուգահեռ, տարեկան միջինը 1%-ի չափով պակասում է տղամարդկանց գլխավոր հորմոնի՝ տեստոստերոնի արտադրությունը: Այդ ժամանակ օրգանիզմը ձեռք է բերում հարմարվողականություն: Ի տարբերություն կանանց, տղամարդիկ հիմնականում չեն ճաշակում տհաճ, սուր ախտանիշներ, սակայն լինում է նաեւ հակառակը, երբ ուժեղ սեռի 10-15%-ի մոտ հորմոնալ արտադրությունն արագորեն է ընդհատվում, ինչի արդյունքում մարումը անհավասարաչափ է ընթանում՝ առաջացնելով ոչ դուրեկան զգացողություններ»,- հայտնեց բժիշկ Իզիրյանը: Հետաքրքրությանը, թե՝ անհրաժե՞շտ է դիմել մասնագետի ու ընդունել հորմոնալ թերապիա, մեր զրուցակիցն ասաց. «Միայն վերջին տարիներին է բացահայտվել տղամարդկանց օրգանիզմում չբավականացնող տեստոստերոնի առաջացման մեթոդը: Բուժման սկզբնական շրջանում, երբ օրգանիզմը դեռ գերհագեցած է հորմոններով, կարող են առաջանալ տրամադրության կտրուկ անկում: Քանի դեռ տեստոստերոնային դեղահաբերը գտնվում են մարսողական համակարգում եւ լյարդում, քիչ ազդեցություն կարող է ունենալ, որի հետեւանքով հորմոնների 80%-ը տարրալուծվում է: Նշեմ նաեւ, որ առայժմ բժիշկների մեծամասնությունը տղամարդկային հորմոնալ թերապիային թերահավատորեն է վերաբերվում, պատճառաբանելով, որ դրանց չափազանց շատ օգտագործումը կարող է շագանակագեղձի քաղցկեղի, լյարդի հիվանդության եւ ինֆարկտի պատճառ դառնալ: Ես ինքս կիսում եմ այդ տեսակետը»:
Զրույցի ավարտին Ա. Իզիրյանը հայտնեց նաեւ, որ սեքսուալ չափազանց ակտիվությունը կամ երկարատեւ ժուժկալությունը վատ են անդրադառնում կլիմաքսի ընթացքի վրա. «Հետեւաբար, անհրաժեշտ է նորմալ սեռական կյանք վարել: Ի դեպ, ամուրիների շրջանում կլիմաքսն ավելի վաղ է սկսվում ու հաճախ ընթանում բարդություններով: Դրան նպաստում է ծխախոտի ու ալկոհոլի չարաշահումը: Ամուսնացած տղամարդկանց մոտ թեեւ կլիմաքսի հավանականությունը նվազում է, բայց չի բացառվում»: