Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱՍԱ՝ ԻՆՉԻ՞ ՎՐԱ ԵՔ ՊԱՐՈՒՄ»

Դեկտեմբեր 10,2008 00:00

\"\"Ըստ գիտությունների թեկնածու Վլադիկ Աբրահամյանի ու նրա կոլեգաների, այսօր բոլորը երգող-պարող են, գիտությամբ հետաքրքրվող չկա:

Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնն այսօր ողբալի վիճակում է, մինչդեռ ժամանակին միջազգային հռչակ վայելող ու շուրջ 300 աշխատակից ունեցող գիտահետազոտական ինստիտուտ է եղել: Կենտրոնում, իբրեւ անցյալի բարի հուշ՝ ստենդի վրա սլաքներով դեռ նշված է, թե ինչ կապեր է ունեցել այն ժամանակին: Օրերս, երբ այցելեցինք կենտրոն, շենքը դափուդատարկ էր, լաբորատորիաները՝ փակ, գույքը՝ բակում թափթփված, ներսում էլ՝ պատկառելի տարիքի մի քանի աշխատակից: Վերջիններս հավանաբար եկել էին հերթական օրը մթնեցնելու՝ «ինչ էլ ստանանք՝ վատ չէ, թոշակի հետ մի բան կկազմի» մտայնությամբ:

Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնի նախկին ավագ գիտաշխատող, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Վլադիկ Աբրահամյանը «Առավոտի» հետ զրույցում նեղսրտեց. «Մեր ինստիտուտը ժամանակին ուներ հզոր լաբորատորիաներ, միկրոսկոպներ, որոնք միլիոնուկես անգամ մեծացնում էին մասնիկը… Հիմա ամեն ինչ քարուքանդ է արված, մասնաշենքերի մի մասն այլեւս ինստիտուտինը չէ: Միջազգային կոնգրեսներ ու սիմպոզիումներ անցկացրած երբեմնի հզոր ինստիտուտն այժմ մեռած է: Մեր ինստիտուտին բախտակից են Էջմիածնի երկրագործության ինստիտուտը, ԳԱԱ-ին կից Հիդրոպոնիկայի եւ ագրոքիմիական պրոբլեմների, Գինեգործության-այգեգործության, Անասնապահության- անասնաբուժության, Մեխանիկայի, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտները եւ այլն… Գալիս դռները բացում են մի քանի գիտաշխատող ու գնում, կատարում են նախկին աշխատանքի 3-5%-ը: Սրանով հանդերձ, երկրի ղեկավարությունն ինչպե՞ս է զարկ տալու գիտությանը: 20 000-30 000 դրամ աշխատավարձ ստացող գիտնականները փախել են ինստիտուտներից, առեւտրով ու այլ գործերով են զբաղվում…»: Վ. Աբրահամյանը ցավով նշեց, որ իրենք նախկինում նոր մեթոդներով կանխում էին հողերի աղակալումը. «Հիմա զբաղվող չկա, դրա համար էլ բույսերը շարքից դուրս են գալիս: Երկրում բոլորը երգող-պարող են, ասա՝ ինչի՞ վրա եք պարում, երբ գիտությունը մեռնում է»: Կենտրոնի տնօրեն Հունան Ղազարյանը տեղում չէր, զրուցեցինք փոխտնօրեն Յուրի Դանիելյանի հետ: Նա համաձայնեց, որ գիտնականներն իրենց վաստակին համարժեք չեն վարձատրվում, բայց դրանում չուզեց որեւէ մեկին մեղադրել, ընդամենն ասաց, որ հանրապետության վիճակը լավ չէ, ու պատճառն այդ է: Պարոն Դանիելյանը չհիշեց, թե քանի աշխատող ունեն, ասաց՝ մոտավորապես մի 50 կլինի:

Ավագ գիտաշխատող, թեմայի ղեկավար Աշոտ Խաչատրյանն էլ դժգոհեց. «Այսօր հավաքարարին 60 000-80 000 դրամ են վճարում, ավագ գիտաշխատողին, գիտությունների թեկնածուին՝ դրա կեսը: Գիտական ոլորտը պետության կողմից արհամարհված է: Եթե հասակավորներին ուղարկենք թոշակի՝ բոլոր ինստիտուտները կփակվեն, երիտասարդ կադրեր չկան, եկողներն էլ մասնագետ չեն կամ այլ նպատակներով են եկել, օրինակ, բանակից խուսափելու: Այսօր երիտասարդ աղջիկը-տղան, ավարտելով բուհը, դպրոցում դաս են տալիս ու ստանում 70 000-120 000 դրամ աշխատավարձ, 45 տարվա աշխատանքային փորձով ինձ 45 000 դրամ են տալիս, աշխատողներիս՝ ավելի քիչ: Հիմա գիտական կենտրոնները գոյություն են քարշ տալիս: Ես դրանք համեմատում եմ ձմեռանոց դրված մեղվաընտանիքների հետ, որոնք գոյատեւում են մինչեւ գարունը բացվի: Իսկ գիտության գարունը արդեն 20 տարի է՝ այդպես էլ չի բացվում: Գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսական գիտությունն ու գյուղացին մատնված են անտարբերության»: Գիտական կենտրոնի մի քանի մեծահասակ գիտնականներն ընդդիմանում էին, փորձում ինձ դուրս հրավիրել շենքից: «Մենք խոսելու իրավունք չունենք առանց տնօրենի թույլտվության, եթե իմանա՝ ձեզ կմեղադրի»,- սպառնում էր օղի եւ սոխ բուրող վաստակաշատ գիտնականներից մեկը: «Դուք, որ երեւի բարձր աշխատավարձ եք ստանում, ի՞նչ իրավունքով եք եկել մեր գիտական աշխատանքները գնահատելու»,- բողոքում էր հաջորդ թոշակառու գիտնականը: Հաշվապահ Արտաշը, որը պահակ էր ներկայանում, փոխտնօրենի պես չէր հիշում իրենց աշխատակիցների հստակ թիվը: Նա ասաց, որ շատ գոհ է գիտության ֆինանսավորումից, փոխարենը դժգոհ է ԱԺ-ից. «Եթե ԱԺ-ում օրերով աշխատանքի չեն գալիս, դեռ մի հատ էլ օգնական աղջիկ են բերել տալիս, որ թվեր լրացնեն ու 40000 դրամ աշխատավարձ ստանան, ուրեմն՝ ամոթ իրենց ու հայ ազգին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել