Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՐԻՑՅԱՆԸ ԼՐՏԵՍ Է ՓՆՏՐՈՒՄ

Դեկտեմբեր 10,2008 00:00

\"\"Էկոնոմիկայի նախարարը իր ղեկավարած կառույցի աշխատակիցներին հորդորում է ամեն ինչ «խաբար տալ»

Այս օրերին էկոնոմիկայի նախարարությունում լարված մթնոլորտ է: Աշխատակիցները շունչները պահած սպասում են, թե նախարարն այդ օրն ինչ տրամադրությունով է աշխատանքի գալու եւ քանի մարդու է գործից ազատելու: Նախարարության որոշ աշխատակիցների ներկայացմամբ՝ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ եկած չեկած, «կադրային ջարդ» է սկսել: Ընդ որում, այդ ամենն անում է կառուցվածքային փոփոխությունների անվան տակ: Մինչ օրս աշխատանքից զրկվել է մոտ 40 մարդ, շուրջ 7 տեղ էլ երկար ժամանակ թափուր է, եւ այդ աշխատատեղերի համար մրցույթ այդպես էլ չի հայտարարվում: Երիցյանն արդեն լուծարել է մի շարք վարչություններ եւ բաժիններ: Աշխատակիցների պատմելով, նախարարը իր «գահակալման» օրվանից աշխատակիցներին պարբերաբար հիշեցնում է, որ ինքն ազատվելու է նախկին նախարար Ճշմարիտյանի կադրերից: Առաջին «բարեփոխումն» այն է եղել, որ ակնագործության գործակալությունը, որը հիմնել էր հենց Կարեն Ճշմարիտյանը, նախարարը փակել է: Հետո պարոն Երիցյանն անցել է հանրապետական գիտատեխնիկական գրադարանին եւ ընդերքի շահագործման լիցենզավորման բաժնին: Գիտատեխնիկական գրադարանը փակելով՝ անգործ է մնացել մոտ 200 աշխատակից: Նշենք, որ այս գրադարանն իր մեծությամբ եւ ֆոնդով հանրապետությունում 2-րդն է. ունի մոտ 22 միլիոն գրքային ֆոնդ: Իսկ ընդերքի շահագործման վարչության աշխատակիցներին անգործ թողնելու պատճառն այն է, որ վարչությունը տեղափոխվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, սակայն՝ առանց աշխատակիցների: Ինչի հետեւանքով աշխատանքից ազատվել է 13 մարդ, որոնք մինչ օրս աշխատավարձ չեն ստացել:

«Վերցնում ու անպիտան իրի նման մարդկանց դուրս է շպրտում, իսկ մեր քաղծառայության քննությունը, աշխատանքն ու անձնագիրը, ամբողջը զրո է դառնում: Քաղծառայության խորհրդի նախագահը հայտարարում է, որ քաղծառայողները օրենքով պաշտպանված են, բայց այդ օրենքն էլ չի պաշտպանում, քանի որ հենց այդ օրենքով են մեզ աշխատանքից զրկում: Մարդիկ տարիներով ներդրում են ունեցել, բայց Երիցյանի համար դա ոչ մի բան է: Ուզում է Ճշմարիտյանի բոլոր հետքերը մաքրել, մենք դրանում ինչ մեղավոր ենք, հո՞ բոլորս Ճշմարիտյանի կադրերը չենք»,- օրերս «Առավոտին» դժգոհեցին մի խումբ աշխատակիցներ, որոնց անունները, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում: Նրանց պատմելով՝ կրճատումներից բացի, նախարարը նաեւ իր աշխատակիցների պաշտոններն է իջեցնում, օրինակ, գլխավոր մասնագետին, որը քննություն է տվել եւ վաստակել այդ պաշտոնը, դարձնում է առաջին կարգի մասնագետ: Մեզ հետ զրույցում աշխատակիցները վստահեցնում էին, որ երբեւէ գրավոր կամ բանավոր նկատողություն չեն ստացել, ինչի արդյունքում հնարավոր էր պաշտոնի իջեցում: Ն. Երիցյանը նախարարության կազմում թողել է ընդամենը 4-5 գլխավոր մասնագետի հաստիք, մնացածների պաշտոնն իջեցրել է: Նշենք, որ, քաղծառայողի օրենքով, կրտսեր կամ 1-ին կարգի մասնագետի համար բարձրագույն կրթություն անհրաժեշտ չէ: Աշխատակիցների պատմելով՝ նախարարն ու փոխնախարարները արտասահման գործուղման են ուղարկում ոչ թե նախարարության աշխատակիցներին, այլ իրենց հարազատներին: Ըստ աշխատակիցների, փոխնախարարներից մեկը Եգիպտոս գործուղման է ուղարկել կնոջը եւ նախարարության նախկին աշխատակցի: Վերջերս էլ պարոն Երիցյանը որոշել է նախարարությունում լրտեսներ հայտնաբերել. նախարարության ներքին ցանցով աշխատակիցների համար հաղորդագրություն է տարածել, որտեղ ասում է՝ եթե որեւէ մեկը գանգատ ունի իր պետից կամ որեւէ տեղեկություն է ուզում ասել, ապա շրջանցելով պետերին՝ կարող են անմիջապես իրեն դիմել: «37 թի՞վն է, ի՞նչ է, պետք է բամբասանքո՞վ զբաղվենք: Շպիո՞ն ենք»,- դժգոհեցին աշխատակիցները: Նրանց պատմելով, նախարարությունում աշխատողների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում անձամբ աշխատակազմի ղեկավար Էմիլ Տառասյանը, որը մուտքի մոտ հսկում է, թե ով՝ որ ժամին է լքում աշխատավայրը: Իսկ եթե որեւէ մեկն, ասենք, 2 րոպե շուտ է դուրս գալիս, ապա աշխատակազմի ղեկավարը զայրույթով հարցնում է՝ «Ի՞նչ է, դուք 8-ն անց 58 րոպեի՞ն եք եկել, որ 17-ն անց 58 եք դուրս գալիս»:

«Առավոտի» հետ զրույցում քաղաքացիական ծառայության խորհրդից տեղեկացրին, որ եթե թափուր պաշտոններ են լինում, ապա տվյալ մարմինը պարտավոր է եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնել խորհրդին, որն էլ գլխավոր եւ բարձրագույն մասնագետների պաշտոնների համար մրցույթ պետք է հայտարարի: Խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ թափուր պաշտոնների մրցույթների համալրման համար շատ դեպքերում հայտարարությունները ուշանում են՝ կապված այն հանգամանքով, որ համապատասխան մարմնից գրություններով տեղեկացնում են խորհրդին, որ նպատակահարմար չէ այդ պահին համալրել տվյալ թափուր պաշտոնը՝ պաշտոնների անձնագրերում փոփոխություններ կատարել, աշխատակազմում կառուցվածքային կրճատումներ, վերաձեւավորումներ իրականացնել։

Իսկ ժամանակավոր թափուր պաշտոնները համալրվում են ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ընդունված «Ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման կարգ»-ի մասին որոշման հիման վրա։

Ինչ վերաբերում է բարձր պաշտոնից ավելի ցածրին տեղափոխելուն, ապա անպայման տվյալ աշխատակցի գրավոր համաձայնությունն անհրաժեշտ է: Նկատենք, որ նախարարության աշխատակիցները, բանկանաբար, իրենց համաձայնությունը տվել են պաշտոնի իջեցման համար, քանի որ չէին ցանկանում առանց աշխատանքի մնալ:

Այս առնչությամբ էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանեցին. «Չկա մարդ, որը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն, արտամրցութային կարգով չի նշանակվել այլ պաշտոնի: Կան մարդիկ, որոնք սեփական կամքով գրանցվել են կադրերի ռեզերվում: Նախատեսվում է նախկին կրճատումների արդյունքում կադրերի ռեզերվում գրանցված որոշ աշխատակիցների նշանակում: Նախարարությունում հաստիքներ չեն կրճատվել, նշանակումները շարունակվում են, իսկ թափուր տեղերի մասին կարող ենք հայտարարել միայն նշանակումների ավարտից հետո: Թափուր պաշտոնները կհամալրեն նախարարության կրճատված աշխատակիցները, հակառակ դեպքում նոր միայն կհայտարարվի բաց մրցույթ, որին կարող է մասնակցել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող ցանկացած անձ»: Նախարարությունից հաստատեցին, որ պաշտոնների փոփոխություններ եղել են. «Նշված փոփոխությունները չեն հակասում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին: Նախարարության վերանվանման հետեւանքով կառուցվածքում որոշ բաժիններ միավորվել են, որոշ գործառույթներ մի վարչությունից տեղափոխվել են այլ վարչություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել