Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ժամանակը կանգ է առել»

Դեկտեմբեր 10,2008 00:00

Քաղաքական դրդապատճառներով կալանավորված Մյասնիկ Մալխասյանի կինը՝ Աննա Մալխասյանը, մեր թերթի միջոցով նամակով դիմում է իշխանություններին: Նամակում ասվում է. «Մարտի 1-ից հետո կանգնել է ժամանակը բոլոր այն ընտանիքների համար, ում եղբորը կամ զավակին, ամուսնուն կամ հորը մեր իշխանություններն անամոթաբար զրկեցին ազատությունից: Ամենացավալին այն է, որ այս ամենը կատարվում է Հայաստանի ներսում, հայի ընտանիքի, քրիստոնյա ընտանիքի հետ, որի գլուխը, սյունը, հենարանը, լույսը, հպարտությունն է հայ տղամարդը:

Մեր ընտանիքների նյութական բարիքներ ստեղծողները ազատությունից զրկված են, ում ձեռքերով կերտվում է ամենակարեւորը՝ մեր զավակների ապագան: Նրանց մեծ մասը արու զավակներ ունեն: Նրանք մեծացել են այնպիսի մթնոլորտում, որում հայրենի հողը, քարը, թուփը պաշտամունքի առարկա են: Նրանք մեր երկրի, իմ ու քո երկրի՝ իշխանավոր ու պաշտոնյա, ապագա զինվորներն են: Եկեք չկոտրենք նրանց մեջ հույսը Հայաստանի ապագայի նկատմամբ… Օրեր առաջ լրացավ 9 ամիսը, ինչ անազատության մեջ է ամուսինս: Անվերջ սպասումի, հուսահատության, հույսի, անպատասխան մնացած հարցի՝ ինչո՞ւ կալանավորեցին, ծանր օրերը, շաբաթները անցան ու լրացրին 9-րդ ամիսը: Աստծո ամեն առավոտ, լույսը բացվելուն պես, սպասում ենք՝ այսօր մի լավ լուր կլսենք: Արեւը ծագում ու մայր է մտնում արդեն 9 ամիս՝ մի օրվա նման, իսկ ազատ արձակելու լուրը չկա ու չկա:

Շախմատիստների հաղթանակ եք տոնում «ազգովի»: Մեր երկու որդիները շատ սիրում են այդ խաղը, շատ լավ խաղում են, բայց նրանց չգրավեց նույնիսկ այն շքեղ հրավառությունը, որ եղավ Մարզահամերգային համալիրում, որի հարեւանությամբ մենք ապրում ենք: Չնայած իմ բոլոր հորդորներին, նրանք այդպես էլ դուրս չեկան պատշգամբ՝ «վայելելու» հրավառությունը: Թող մեր շախմատիստները ներող լինեն, բայց սա ճշմարտություն է: Մի պահ պատկերացրեք ձեր հայրերը անազատության մեջ են՝ ոչ մի հանցանք չկատարած, ինչպե՞ս կպահեիք դուք ձեզ: Թեեւ դուք ոչինչ չունեք կորցնելու, բոլոր իշխանությունները անցողիկ են ու ժամանակավոր, դուք կհիշվեք, եւ ձեր հաղթանակը կմնա պատմության մեջ»:

Կրկին դիմելով իշխանություններին՝ Աննա Մալխասյանը գրել է. «Այն հայտնի խոսքը, թե բոլորս մի նավի մեջ ենք, անկախ նրանից՝ ինչ ալեկոծություն, հողմ, արհավիրք, ճգնաժամ կլինի, կործանելու է թե ձեզ՝ ում ձեռքում գտնվում է մի բուռ մնացած Հայաստանի ապագան, եւ թե մեզ՝ ազատազրկվածներիս: Բայց մի բան լավ իմացեք. Աստված մեզ հետ է ու պահում է մեր ընտանիքները արդեն 9 ամիս: Երանի այն օրը, որ կհնչի դռան զանգը, որդիներս կբացեն դուռը, եւ այն կողմում կանգնած կլինի իրենց պաշտելի հայրիկը: Ցավալի է, որ բոլորը լռում են համրորեն, խլացած: Ուր է այս խոսքը հնչեցնողների ձայնը՝ «Մնացածը վաճառվում են»: «Սա մեր հայրենիքն է, Տվեք ինձ իմ ձեռքերը»:

Այս մի երգը չգիտեմ երբ է գրվել, բայց խորհուրդ կտայի լսել՝ «Դատարկվել են փողոցները հարազատ մեր դեմքերից: Քեֆի մեջ են առնետները…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել