Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանական նավթը կորցնում է կարեւորությունը

Դեկտեմբեր 10,2008 00:00

Պնդում է էներգետիկ ոլորտի հայտնի փորձագետ Պետրոս Թերզյանը

«Սիվիլիթաս» հիմնադրամը երեկ «Երեւան» հյուրանոցում կազմակերպել էր իր առաջին միջոցառումը: «Պետրոսթրաթեջի» (Փարիզ) միջազգային խորհրդատվական ընկերության նախագահ Պետրոս Թերզյանը դասախոսություն կարդաց «Նավթը՝ Կովկասում տնտեսական եւ քաղաքական գործոն» թեմայով: Նրան ներկայացնելիս՝ «Սիվիլիթասի» հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշեց, թե Պետրոս Թերզյանն իր պաշտոնավարման ընթացքում եղել է Հայաստանի ԱԳՆ-ի ոչ պաշտոնական խորհրդատուն: Այս տեղեկությունն անորոշ կասկածների տեղիք տվեց, թե արդյոք հենց նրա մատուցած տեղեկատվության հիման վրա չէ՞ր, որ Հայաստանի բարձրաստիճանները հայտարարում էին, թե Ադրբեջանի նավթային պաշարների վերաբերյալ պնդումները խիստ չափազանցված են, այդ պաշարները շուտով կսպառվեն եւ այլն:

Դասախոսության ընթացքում Պետրոս Թերզյանը տվյալներ ներկայացրեց, որ Ղազախստանում նավթի պաշարներն ու արտահանումն ավելի շատ են, քան Ադրբեջանում: Հետո նշեց, թե Ադրբեջանում չեն հայտնաբերվել նավթի նոր հանքավայրեր, նոր պաշարներ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո: Ըստ Պետրոս Թերզյանի՝ Ադրբեջանի նավթի արդյունահանումը գագաթնակետին կմնա լավագույն դեպքում մինչեւ 2015-20 թվականները, որից հետո աստիճանաբար կսկսի անկումը, ինչպես լինում է բոլոր երկրներում. «Այն վայրկյանին, որ Ադրբեջանը հասավ իր ոսկեդարին՝ նավթային իմաստով, գները անկում ապրեցին: Սա հետաքրքրական է. Ադրբեջանն այսօր նվազ կարեւոր է նավթի համաշխարհային շուկայի համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով, քան 6 ամիս առաջ: Այսինքն՝ այս տարվա սկզբին աշխարհն ավելի կարիք ուներ Ադրբեջանի նավթի, 2 տարի առաջ ավելի կարիք ուներ, 2005-ին առանց Ադրբեջանի նավթի աշխարհը չէր կարող ապրել, որովհետեւ ուրիշ միջոց չկար՝ ամեն մի կաթիլը պետք էր իրենց: Իսկ այսօր, քանի որ սպառումը անկում է ապրել, մինչ նավթի առատությունը աշխարհի մեջ շարունակում է ավելանալ՝ Ադրբեջանը եթե դադարի էլ նավթ արտադրել՝ աշխարհում ոչ մի տագնապ չի լինի՝ նախկին իմաստով»:

Պատասխանելով հարցին, թե Իրան-Հայաստան գազամուղի կառուցմամբ կարո՞ղ ենք դառնալ տրանզիտ երկիր՝ պրն Թերզյանը նախ ասաց, թե այդ կառույցը Հայաստանի ամենամեծ հաղթանակներից է, քանի որ վերջապես ունենք գազ ստանալու երկրորդ աղբյուրը: Սակայն նշեց, թե չի կարծում, թե կդառնանք տրանզիտ երկիր. «Քաղաքական մեծ հարցեր կան լուծելիք, որ Հայաստանը դառնա գազի տրանզիտ երկիր: Մանավանդ որ՝ այդ պարագայում բախումներ, շահերի տարբերություններ կունենանք Ռուսաստանի հետ: ՌԴ-ն շատ լավ հասկացավ Հայաստանի համար կարեւորությունը Պարսկաստանի հետ ունենալու գազային կապ: Բայց վաղը եթե պարսկական գազն ուղղվի դեպի այն շրջանները, ուր ռուսական գազն է հասնում՝ արդեն իսկ խնդիրը չի մտաբերվի»: Բացի այդ՝ նա հարցական դիտեց, թե ի վերջո Հայաստանն ո՞ւմ համար պիտի դառնա տրանզիտ, եթե, ասենք, Վրաստանն արդեն ունի «նվազագույնը երկու աղբյուր՝ Ադրբեջան եւ Ռուսաստան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել