Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՆՉԵ՜Ր ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼՈՒ…

Դեկտեմբեր 10,2008 00:00

Մինչ «Մարտի 1»-ի իրադարձությունների համար մեղադրվողների՝ «Յոթի» գործը միջդատական փուլում է, դրանում եղած կեղծիքները բացահայտվում են:

\"\"

Այն բանից հետո, երբ «Մարտի 1»-ի իրադարձությունների փաստի առիթով հարուցված թիվ 62202608 քրեական գործի նախաքննությունը յոթ քաղբանտարկյալների մասով ավարտվեց, եւ այդ գործի վարույթն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գործի նյութերը տրամադրեց մեղադրյալների պաշտպաններին, վերջիններս դրանց ծանոթանալուց հետո ահազանգեցին դրանցում տեղ գտած բազմաթիվ աղաղակող օրինախախտումների, ապացույցների շինծու եւ արհեստական լինելու մասին: Եվ չնայած ՀՔԾ-ն կոտորում է իրեն՝ ապացուցելու համար, թե, իբր «Մարտի 1»-ի գործով կատարել է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն՝ իրականությունը բացահայտելու համար, միեւնույն է՝ գործի նյութերը «մատնում» են մարտիմեկյան իրադարձությունների պատասխանատվությունը «7»-ի վրա բարդելու արհեստական լինելը: Ահավասիկ, այդ գործի նյութերն ուսումնասիրելիս ի հայտ է եկել հերթական ապօրինության եւս մեկ փաստ, որի հետքերը ՀՔԾ-ն թաքցնել չի կարողացել: Առաջինը, ինչ հայտնի դարձավ միայն երեկ, այն է, որ «Մարտի 1»-ի դեպքերը մարտի 2-7-ը, ըստ էության, քննվել են հարուցված տարբեր եւ առնվազն երկու՝ թիվ 62202608 եւ 62202708 քրգործերի շրջանակներում: «Յոթի»՝ թիվ 62202608 գործի նյութերում կան փաստաթղթեր, որոնք վկայում են մեր վերը մատնանշած եւ երբեւէ գոյություն ունեցած թիվ 62202708 գործի մասին, որի շրջանակներում մարտի 2-7-ը ընկած ժամանակահատվածում կատարվել են ոստիկանության աշխատողներին եւ զինծառայողներին առնչվող քննչական գործողություններ՝ նրանք ճանաչվել են որպես տուժողներ, կատարվել են դատաբժշկական փորձաքննություններ, կազմվել են տուժողների հարցաքննության արձանագրություններ եւ այլն: Ընդ որում, «Յոթի» գործի նյութերում այդպիսի փաստաթղթերը, որտեղ կան «վկայություններ» թիվ 62202708 գործի գոյության մասին, համատարած բնույթ են կրում: Առաջին հայացքից կարող է նաեւ թվալ, թե այդ նշագրումը պարզապես «տեխնիկական վրիպակ է», ինչպես երեկ այս տեղեկությանն արձագանքելով՝ շտապել է հայտարարել ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Վահե Կոստանդյանը: Բայց դա այդպես կլիներ, եթե նման հղումները լինեին մի քանի փաստաթղթերում: Իսկ իրականությունն այն է, որ դրանք «տեխնիկական վրիպակ» լինել պարզապես չեն կարող, որովհետեւ մի քանի փաստաթղթեր քննիչներից ոմանք կազմել են ուղղակի իրենց ձեռագրով, մեկ այլ փաստաթղթում այդ թիվը՝ 62202708, «տնավարի» եւ ետին թվով ուղղվել եւ «7»-ը դարձվել է «6»: Խոսքը, օրինակ՝ մարտի 4-ին քննիչ Հ. Տերտերյանի կազմած՝ տուժող, թիվ 1032 զորամասի զինվոր Տելեմակ Խաչատրյանի հարցաքննության արձանագրությունն է, կամ՝ մարտի 2-ին նույն զորամասի զինծառայող Ստեփան Սեմերջյանին տուժող ճանաչելու մասին քննիչ Գ. Թորոսյանի ձեռագրով 62202708 նշագրված ու կազմած արձանագրությունն է: Ընդհանրապես, նման «տեխնիկական վրիպակ» պարունակող մի քանի տասնյակ եւ մի քանի այլ քննիչների կողմից ստորագրված փաստաթղթեր կան «Յոթի» գործում: Իսկ ահա մարտի 7-ից հետո կատարված քննչական գործողությունների փաստաթղթերում արդեն բոլոր հղումները թիվ 62202708 գործին անհետանում են: Ավելին, մարդուն տուժող են ճանաչում 62202708 գործով, իսկ դատաբժշկական փորձաքննությունները մարտի 7-ից հետո նշանակում են արդեն թիվ 62202608 գործով: Իրավական մեկ այլ անհեթեթությունն էլ այն է, որ զինծառայողներին կամ ոստիկաններին «Յոթի»՝ թիվ 62202608 գործով տուժող ճանաչվելու մասին լրացուցիչ որոշում գործում չկա, ինչպես եւ չկա որոշում 62202708 գործը 62202608-ին միացնելու մասին: Ի դեպ, ՀՔԾ-ի կողմից իրականացված հերթական այս կեղծիքը ի հայտ է եկել միմիայն այն պատճառով, որ թեեւ քննիչները հաջողացրել են նախկինում հարուցված թիվ 62202708 քրգործի նշագրման մեջ «7»-ը փոխել «6»-ով, բայց նույնը անել չէին կարողացել տուժող ճանաչելու մասին որոշումների մեջ:

Կարծում ենք, այլեւս անհերքելի փաստ է, որ երբեւէ գոյություն է ունեցել թիվ 62202708 քրեական գործը, որի հարուցման կամ կարճելու մասին «Յոթի» գործում որեւէ որոշում չկա: Ամենահավանական տարբերակը համարվում է այն, որ այդ գործը պարզապես վերացվել է: Ինչո՞ւ: Ըստ ամենայնի, ՀՔԾ-ում ի սկզբանե որոշած են եղել ոստիկանության աշխատակիցների եւ զինծառայողների մասով առանձին գործ հարուցել, բայց երբ պարզ է դարձել, որ զինծառայողները տուժել են մեծ մասամբ հենց իրենց գործընկերների գործողություններից, նաեւ հասկանալի է եղել, որ մասնավորապես ԱԺ չորս պատգամավորներին կալանավորելու եւ «պետական իշխանությունը յուրացնելու» մեջ մեղադրելու համար բավարար ապացույցներ չկան, որոշվել է տուժող զինծառայողների գործը «սաղացնել» 4 պատգամավորների ու նաեւ՝ ընդդիմության վրա: Կա նաեւ երկրորդ վարկած, թե ինչու հնարավոր չէր այդ՝ թիվ 62202708 քրգործը պարզապես որոշումով միացնել «Յոթի»՝ թիվ 62202608 քրգործին: Ըստ փորձագետների, այդ դեպքում «Յոթի» գործի նյութերում պիտի լիներ «վերացված» քրգործի հարուցման որոշումը, որը միանգամայն այլ նախաբան եւ հարուցման առիթ է ունեցել:

Վերադառնանք ՀՀ ՀՔԾ մամուլի քարտուղար Վահե Կոստանդյանի երեկ տարածած հաղորդագրությանը, որտեղ ասված է, թե՝ «այս անգամ ՀԱԿ անդամները, չկարողանալով գործելաոճ դարձրած ապատեղեկատվությամբ վարկաբեկել նախաքննական մարմնի գործունեությունը, փորձել են տեխնիկական վրիպակը հանրությանը ներկայացնել որպես սենսացիոն բացահայտում՝ այն հիմնավորելով, թե իբր գոյություն ունի գաղտնի հարուցված եւս մեկ քրգործ։ Սենսացիոն բացահայտումների սիրահարների համար պարզաբանում ենք, որ հարուցված քրեական գործը գաղտնի պահել հնարավոր չէ, քանի որ յուրաքանչյուր գործի հարուցումը հաշվառվում է ոչ միայն հարուցող մարմնում, այլեւ ՀՀ ոստիկանության վիճակագրական վարչությունում։

Թիվ 62202708 քրգործը հարուցվել է այլ փաստի առթիվ եւ ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար»։ Պարզաբանենք, որ այս բացահայտումը ՀԱԿ-ում որակել են ոչ թե «սենսացիոն», այլ՝ «անհեթեթություն» եւ «կեղծիք», իսկ նախաքննական մարմինն առանց ՀԱԿ-ի որակումների էլ արդեն վաղուց վարկաբեկված է եւ՝ ոչ միայն այս մի կեղծիքի պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել