Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՅԼՆ ԱՐԵԼ Է, ՀԱՋՈՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԱՆԻ»

Դեկտեմբեր 10,2008 00:00

\"\"Դաշնակցական Կիրո Մանոյանը վստահ է, որ սահմանի բացումն առավել պետք է Թուրքիային, քան Հայաստանին

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը երեկ հայտարարեց, որ չի նախընտրում «ֆուտբոլային դիվանագիտություն» արտահայտությունը, քանի որ, իր կարծիքով. «Եթե խոսքը հրավերի եւ հրավերին ընդառաջելու մասին է՝ լավ, բայց ընդհանուր գործընթացն ինչ-որ տեղ կարող է եւ նվաստացնենք, եթե ասենք, որ դա ֆուտբոլային դիվանագիտություն է: Ֆուտբոլը պարզապես առիթ էր, եւ նախագահն օգտագործեց այդ առիթը: Հայաստան-Թուրքիա հարաբերություններ հաստատելու գործընթացն ասես որոշ խոչընդոտների է հանդիպում, որովհետեւ Թուրքիան դեռ շարունակում է խոսել նախապայմաններով»: «Փաստարկ» ակումբում անդրադառնալով օրերս հրապարակված հայ մտավորականների եւ գործիչների բաց նամակին, որն ուղղված է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին, պարոն Մանոյանն ասաց, թե այդ նամակում պարզ ասվում է, որ ցեղասպանությունն այն խնդիրը չէ, որը որեւէ քաղաքական ուժ, թեկուզ՝ կառավարությունը, կարող է հարցականի տակ դնել. «Կարծում եմ, Թուրքիայի՝ նախապայմաններով խոսելու մոտեցումն արդյունքի չի հասցնելու, ընդհակառակը՝ դա կլինի եւս մեկ կորսված առիթ, որը Հայաստանը տվեց Թուրքիային, բայց Թուրքիան շարունակում է իր՝ նախապայմաններով շարժվելու վարքագիծը»: Ըստ դաշնակցական գործչի՝ սահմանները բացելն այսօր շատ ավելի կարեւոր է Թուրքիայի համար, քան Հայաստանի, մինչդեռ Թուրքիան չի օգտվում այդ հնարավորությունից:

«Առավոտը» մի քանի հարց ուղղեց պարոն Մանոյանին: Մասնավորապես՝ համաձա՞յն է դաշնակցական գործիչն այն գնահատականին, ըստ որի՝ մեր երկրի իշխանություններն այսօր իրականացնում են ակտիվ նախաձեռնողական արտաքին քաղաքականություն: Ըստ մեր զրուցակցի՝ «Որոշ բաներում կա այդ նախաձեռնողականությունը, օրինակ՝ նախագահի հրավերը, բայց որոշ դեպքերում էլ կարելի է ասել, որ դանդաղկոտություն կա հակազդելու թուրքական քարոզչությանը, ինչը որոշ չափով տարաձայնությունների, անհասկացությունների առիթ է տալիս հայկական շրջանակներում: Բայց վերջին շրջանում, կարելի է ասել, որ այդ ուղղությամբ ակտիվացել է ԱԳՆ-ն, նախարարն ինքը հակազդում է թուրքական որոշ ապատեղեկատվությանը, հակաքարոզչությանը: Կարծում եմ՝ նախորդ նախագահի վարած քաղաքականության հետ բովանդակային տարբերություն չկա. կա ձեւի տարբերություն, չնայած ձեւը եթե երկար ժամանակ տարբեր լինի, կարող է քաղաքականության բովանդակության վրա ազդել: Հայաստանը շարունակում է ասել, որ, անկախ ամեն ինչից, ցեղասպանության ճանաչումը մնում է իր արտաքին քաղաքական օրակարգերից մեկը, եւ առայսօր Հայաստանը տեղի չի տալիս թուրքական նախապայմանների առաջ»:

Մեր հաջորդ հարցով ուզեցինք հստակեցնել դաշնակցականի դիրքորոշումը՝ Հայաստանում Ղարաբաղի հարցով հանրաքվե անցկացնելու մասին: Կիրո Մանոյանը դեմ չէ, որ հարցը դրվի հանրաքվեի նաեւ Հայաստանում, բայց՝ հանրաքվեի դրվի փաթեթը եւ ոչ թե այս կամ այն հարցի որոշակի ձեւակերպումը. «Ինչպես որ Ղարաբաղի հարցի կարգավորումն ընդհանուր փաթեթ է, կարծում եմ, այդ փաթեթը պետք է դրվի հանրաքվեի եւ ոչ թե փաթեթի մեկ մասը: Եթե, ինչպես ոմանք նախատեսում են, առաջիկա ամիսներին ստորագրվի սկզբունքների շուրջ համաձայնագիր, ապա անհրաժեշտ է, որ այդ սկզբունքները դրվեն քվեարկության նաեւ Հայաստանում, որովհետեւ ՀՀ-ի համար տարածքներ վերադարձնելն անվտանգության իմաստով նույնքան լուրջ սպառնալիք է, որքան ԼՂՀ-ի, դրա համար անհրաժեշտ է, որ այդ փաթեթը հանրաքվեի դրվի նաեւ Հայաստանում: Մնացածը մեր ներքին խնդիրն է: Այն օրը, երբ ԼՂՀ-ի անկախությունը ճանաչվեց, մենք միասնաբար կարող ենք որոշել, թե ինչ ենք անում՝ պահում ենք երկո՞ւ հանրապետություն, միանո՞ւմ ենք: Բայց արտաքին ճակատի հետ առնչվող խնդիրներն են, որ պետք է Հայաստանում եւս հանրաքվեի դրվեն, որովհետեւ, ի վերջո, նաեւ ժողովուրդը պետք է ստանձնի պատասխանատվությունը՝ իր բոլոր հավանական վտանգներով հանդերձ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել