Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 09,2008 00:00

Թուրք ջութակահարը՝ Երեւանում

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա թուրք ջութակահար, պրոֆեսոր Չիհաթ Աշքինի մենահամերգը: Նրա ելույթը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մշակութային ծրագրի մի մասն է, որը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակության, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «Օրիոն փրըդաքշնի» եւ «Կոմիտաս» քառյակի համագործակցության շնորհիվ: Որպես փոխայցի մի մաս՝ նոյեմբերի 25-ին «Կոմիտաս» քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյանը մենահամերգով ելույթ ունեցավ Ստամբուլում: Ինչ վերաբերում է Չիհաթ Աշքինին, նա Երեւանում հանդես կգա եվրոպական, թուրք եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով:

Արամ Mp3-ին երգչի կարիերա է անում

Շաբաթ օրը «Ավանգարդ» ֆոլք երաժշտության ակումբում կայացավ «32 ատամ» ակումբի շնորհալի տղաներից մեկի՝ Բժշկական համալսարանի շրջանավարտ Արամ Mp3-ի համերգը: Նա, իր խոսքով, սկսեց ռետրո գործերից ու հասավ մինչեւ ծանր բլյուզ: Հնչեցին հիթեր ու նոր երգեր, Արամը մտավ սեւամորթ ու սպիտակ աստղերի կերպարների մեջ, երգեր նվիրեց սիրահարներին, երեկոյան 7-ից հետո պարտադիր տանը եղող աղջիկներին ու բոլորին… Հանդիսատեսը գոհ էր, ոգեւորված, երգում ու պարում էր Արամի հետ: Ակումբում ջերմ մթնոլորտ էր տիրում, համերգն էլ համեմված էր հումորով: Արամի հետ հանդես եկան «Art voices» բենդն ու «Ջեզլը»:

Արամը պատմեց, որ երբ «32»-ի Վահագնը բեմ է դուրս եկել ու առաջին անգամ հայտարարել՝ դիմավորեք Արամ Mp3-ին, իրեն դուր չի եկել այդ «տիտղոսը»: Որոշ ժամանակ անց, հատկապես «Երկու աստղից» հետո, սկսել է հարմարվել Արամ Mp3 բեմական անվանը: «Հրանտ Թոխատյանն էնքան ասեց, մինչեւ դուրս էկավ,- հիշում է Արամը,- հետո էլ հայրս էր նեղացել, ասում էր՝ քո անուն-ազգանուն-հայրանունը Արամ Ավետիքի Սարգսյան է, ոչ թե Արամ Mp3, մի կերպ բարիշեցինք»:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Ֆուտբոլի՞ստ, թե՝ տնտեսուհի»

Այսօր մարտի 8-ը չէ, ոչ էլ ֆեմինիստական տոն, բայց գյումրեցի Կարենը վերնաշապիկներ է արդուկում, այն էլ ցուցահանդեսի ժամանակ: Նա ասում է, որ տանն էլ՝ ոչ հաճախ, բայց արդուկում է: Կարենի համաքաղաքացի Նազիկն էլ արդեն 10 րոպե է՝ փորձում է դուրս գալ ամուր փակված արկղից:

Ցուցասրահ 1-ում «Ֆեմինիզմ» Գյումրի-Երեւան համատեղ նախագիծն է: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ դեկտեմբերի 15-ը:

31-ամյա արվեստաբան Եվա Խաչատրյանը ցուցահանդեսի համադրող կազմակերպիչն է: Ըստ նրա՝ ֆեմինիզմը հայ հասարակության մեջ դեռեւս ընկալված հասկացություն չէ: «Ֆեմինիզմը տղամարդու դեմ մղվող պատերազմ չէ, չի նշանակում կանանց գերիշխանություն տղամարդկանց նկատմամբ: Ճիշտ է, այս երեւույթի տարբեր դրսեւորումներ կան, բայց մենք շեշտը դնում ենք կանանց իրավունքների պաշտպանության վրա: Ֆեմինիստ նշանակում է սեռերի իրավահավասարության կողմնակից»,- պարզաբանում է նա: «Մեր ավանդույթները թույլ չեն տալիս ցուցադրել մերկությունը, բայց հանդուրժում են ստախոսությունը», «Արվեստը՝ ֆեմինիզմն իբրեւ բոյֆրենդին կորցնելու վտանգ մեկնաբանելն է» խորագրերը, մսագործ տղամարդկանց եւ ատրճանակով կանանց լուսանկարները, ֆուտբոլ խաղացող աղջկա մասին տեսանյութը, արդուկող տղամարդը եւ այլ ցուցանմուշներ, մասնակիցներ Տիգրան Խաչատրյանի, Սոնա Աբգարյանի, Լեւոն Ֆլջյանի, Կարեն Ալեքյանի՝ հասարակությանը հուզող այս հարցի յուրովի մեկնաբանություններն են:

Նազիկ Քոչարյանին վերջապես հաջողում է պատառոտել արկղը եւ դուրս գալ: «Տուփը կնոջ խնդիրներն են, տղամարդու կողմից ստեղծված արգելքները: Դրանք խեղդում են,- ասում է քսանչորսամյա չամուսնացած Նազիկը,- բայց մենք ուժեղ ենք եւ ցանկության դեպքում միասնական ուժերով դժվարությունները կհաղթահարենք»: Ըստ Եվա Խաչատրյանի. «Հայաստանում ոտնահարված են կնոջ իրավունքները բոլոր ասպարեզներում: Հասարակության կողմից թելադրված դերերի բաժանում պետք է չլինի: Թող աղջիկը որոշի՝ ֆուտբոլի՞ստ է ցանկանում լինել, թե՞ տնային տնտեսուհի: Մի քիչ շրջանակներից դուրս ես գալիս, չես ամուսնանում, մարդիկ դա համարում են տարօրինակ եւ անընդունելի»,- մտահոգվում է ընկերոջ հետ ապրող Եվան, նշելով, որ այս վիճակի համար կանայք մեղավոր չեն՝ իշխանությունը տղամարդու ձեռքում է, ցանկացած ընդվզում ճնշվում է: «Չեմ ասում կանայք պետք է իշխեն, բայց եթե տղամարդիկ մի քիչ կիսվեն այդ իշխանությամբ, վատ չի լինի»,-շարունակեց նա:

ԼԻԼԻԹ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել