Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, մինչեւ 51,168 կգ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը WBC/WBA/IBF վարկածներով գոտիները նվաճած Ավստրալիա վերադառնալուց հետո ցանկանում էր անպայման գալ Հայաստան եւ անձամբ հարգել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Ու եկավ:
Դեկտեմբերի 6-ին Վիկն իր մարզիչ Վազգեն Բադալյանի եւ մտերիմ ընկերների, որոնք նաեւ նրա թիմի անդամներն են ու բոլոր մենամարտերի ժամանակ իրենց ներկայությամբ ոգեւորում են բռնցքամարտիկին (նրանց հետ էր նաեւ տողերիս հեղինակը), այցելեց Սպիտակ եւ Վանաձոր: Սպիտակում նա ծաղկեպսակ դրեց թիվ 3 դպրոցում բացված՝ երկրաշարժին զոհ գնացած ուսուցիչների եւ աշակերտների հիշատակը հավերժացնող խաչքարին: Այնուհետեւ, քաղաքապետ Գագիկ Սահակյանի ուղեկցությամբ, այցելեց ամռանն իր անվամբ բացված բռնցքամարտի մարզադահլիճ, որի ամբողջական նորոգումն ու կահավորումն իրականացրել է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը: Վերջինս հովանավորել էր նաեւ Քրիստիան Միխարեսի հետ գոտիների միավորման մենամարտին Վիկի նախապատրաստությունը: Վախթանգը հանդիպեց պատանի բռնցքամարտիկներին եւ Ավստրալիայից հատուկ նրանց համար բերած բարձրորակ ձեռնոցներ, պաշտպանիչ սաղավարտներ նվիրեց: Իսկ նրա մարզիչ Վազգեն Բադալյանը ցանկություն հայտնեց ժամանակ առ ժամանակ անձամբ գալ այստեղ եւ իր փորձը հաղորդել ինչպես պատանի մարզիկներին, այնպես էլ՝ մարզիչներին:
Սպիտակից ճանապարհը մեզ տարավ Վանաձոր, որի կենտրոնական հրապարակում հազարավոր մարզասերներ սպասում էին իրենց անվանի համաքաղաքացու հետ կազմակերպված մեծարման հանդիսությանը: Վանաձորի քաղաքապետարանը սկզբում ծրագրել էր լեգենդար մարզիկին մեծարել ճոխ շոու- ծրագրով, երգ-երաժշտությամբ: Սակայն, հաշվի առնելով, որ հաջորդ օրը դեկտեմբերի 7-ն է, հրաժարվել էր այդ գաղափարից: Հնչեցին հպարտության բազմաթիվ խոսքեր, իսկ արարողության ավարտից հետո Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն առաջարկեց տեղի հիմնարկ- ձեռնարկությունների, գործարարների եւ բոլոր ցանկացողների աջակցությամբ հիմնել «Վախթանգ Դարչինյան հիմնադրամ», որտեղ կուտակվող միջոցները կնպատակաուղղվեն քաղաքում եւ շրջակա գյուղերում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում առկա հոգսերը լուծելուն:
Երեկոյան, արդեն Երեւանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, Վախթանգ Դարչինյանի մեծարման երեկո էր կազմակերպել «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը: Ողջունելով Վիկին՝ հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ասաց. «Մենք հպարտանալու շատ բան ունենք հատկապես սպորտի բնագավառում: Այսօր մենք հավաքվել ենք, որպեսզի մեկտեղենք մեր խանդավառությունը եւ մեր հաղթանակը կրող Վախթանգին ասենք շնորհակալություն… Այսօր եւ խանդավառության օր է, եւ սգո՝ կապված Սպիտակի երկրաշարժի տարելիցի հետ: Կյանքն այսպես է կառուցված՝ սկիզբ եւ վերջ: Եվ, փառք Աստծո, որ վերջի հետ մենք մշտապես սկիզբ ենք ունենում, որի շնորհիվ էլ հայ ազգը գոյատեւել է… Այսօր մենք կյանքը շարունակում ենք հաղթանակներով, նաեւ Վախթանգ Դարչինյանի հաղթանակով: «Նիգ-Ապարան» հայրենակցական միության որոշմամբ Վախթանգը պարգեւատրվում է հատուկ հուշամեդալով, որը շնորհվում է եզակի մարդկանց»: Իսկ նույն միության անդամ, «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանի անունից Վախթանգին հանձնվեց մի ինքնատիպ պարգեւ՝ սառցից պատրաստված խորհրդանշական հսկայական ձեռնոց:
Դիպուկ էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքը: «Այս օրերին հայ ժողովուրդը երկու հակասական զգացողություններով է լցված: Մի կողմից նշում ենք երկրաշարժի անմեղ զոհերի 20-րդ տարելիցը, մյուս կողմից՝ հիանում, հպարտանում, սքանչանում այն երիտասարդներով, որոնք մեր երկրին ու ժողովրդին այսքան ուրախություն եւ ջերմություն են պարգեւում: Վիկի հաղթանակները, կարծում եմ, հինգ խնդիր են լուծում: Առաջին՝ հայն ու Հայաստանը ճանաչելի են դառնում աշխարհին, երբ փողփողում է մեր եռագույնը եւ հնչում օրհներգը: Երկրորդ՝ պատիվ եւ հեղինակություն է բերում մեր ժողովրդին: Երրորդ՝ Վիկը օրինակ է մեր երիտասարդության համար՝ պայքարի, համառության եւ ամենագլխավորը՝ հաղթանակի օրինակ: Չորրորդ՝ մեր սպորտային պատմությունում ոսկե տառերով նոր էջ է գրվում այս փառավոր հաղթանակների առթիվ: Եվ հինգերորդ, որն ինձ համար շատ կարեւոր է որպես Սփյուռքի նախարարի, Վիկի հաղթանակները ոգեւորում, շունչ են հաղորդում Սփյուռքին, Սփյուռքի երիտասարդությանը, մարդկանց, որոնց մի մասը գուցե հեռացել է հայ արմատից, հայությունից, բայց Վախթանգի հաղթանակները ոգեւորում են նրանց, վերադարձնում դեպի հայրենիք, դեպի Հայաստան եւ դեպի իր ակունքը: Նորից շնորհակալություն քեզ, Վիկ»: