Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԼՍՈՒՄ ԷՐ

Դեկտեմբեր 09,2008 00:00

\"\"Այդուհանդերձ, աղետի գոտու բնակիչներին խորհուրդ էր տալիս իրենց հարցերն ուղղել նոր նախագահ Սերժ Սարգսյանին ու նոր կառավարությանը:

Դեկտեմբերի 7-ին գյումրեցի տաքսու վարորդները որոշել էին փակել Գյումրի-Երեւան մայրուղին ու չթույլատրել, որպեսզի երկրաշարժի 20-ամյակի առիթով աղետի գոտի ժամանող երկրի բարձրաստիճան պաշտոնյաները մուտք գործեն Գյումրի: «Մենք այլեւս չենք ուզում ձեւական խոստումներ լսել, եթե 3 հազար գյումրեցու հարկերի տակ խեղդում են ու նրա հացն են կտրում, ապա իզուր են Գյումրի ոտք դնում»,- բարկացած ասում էին վարորդները: Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորդորով նրանք չխափանեցին դեկտեմբերի 7-ը, սակայն կիրակի՝ վաղ առավոտյան, Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ սկսելուն պես, վարորդները, ի նշան բողոքի, շրջափակեցին եկեղեցին: Նույնը արեցին նաեւ գյումրեցի անօթեւանները, որոնք եկել էին երկրի նախագահ Սերժ Սարգսյանին նամակներ փոխանցելու ու հետաքրքրվելու, թե «մինչեւ ե՞րբ ենք փտելու «դոմիկներում»: Նախագահի թիկնապահներն անմիջապես վերցրին նամակները՝ բնակիչներին չթույլատրելով կես քայլ անգամ մոտենալ նախագահին: Իսկ այդ օրը Գյումրի էր եկել ոչ միայն Ս. Սարգսյանը, այլեւ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Շիրակի մարզի նախկին 2 մարզպետներ՝ Արարատ Գոմցյանն ու Ֆելիքս Փիրումյանը, գրեթե բոլոր նախարարներն ու արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրեր: Երկրաշարժի 20-ամյակը նշվեց պատարագ մատուցելով եւ մոսկվաբնակ հայտնի քանդակագործ Ֆրիդ Սողոյանի՝ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը պաշտոնապես բացելով: Ս. Սարգսյանը, տեսնելով բողոքավորների հսկա բանակը ու կռահելով, որ նրանք հերթ են կանգնել իր հետ հանդիպելու, իր ելույթը սկսեց մխիթարող խոսքերով. «Այսօր մենք ունենք արագ զարգացման խնդիր, այսօր մենք պետք է կարողանանք Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի, ինչպես եւ մյուս մարզերի զարգացման տեմպերը համապատասխանեցնել Երեւանի զարգացման տեմպերին՝ հաշված տարիների ընթացքում, հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետեւանքները, երբ ասում եմ ամբողջովին՝ նկատի ունեմ, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներ չեն լինելու, վերականգնվելու է բնականոն եւ օրեցօր բարելավվող կյանքը: Մենք սա խոստացել ենք եւ անելու ենք, չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամին, չնայած գոյություն ունեցող խոչընդոտներին, մենք սրան հասնելու ենք: Ամիսներ առաջ ես բոլորիդ խոստացել եմ, որ Գյումրին պետք է վերածվի Հայաստանի Հյուսիսային մայրաքաղաքի, Գյումրին պետք է հնարավորություն ունենա դառնալու Համահայկական խաղերը, Հայաստան-Սփյուռք համաժողովները, միջազգային խոշոր հանդիպումները հյուընկալող կենտրոն, սպորտի, արվեստների մայրաքաղաք՝ վերագտնելով իր երբեմնի աշխուժությունը: Իմ պահանջը պարզ է, առավել ակտիվացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները, ես պահանջել եմ ոչ միայն վիճակագրական տվյալներ, այլ միջավայրի փոփոխություն, մթնոլորտի ու աշխատաոճի փոփոխություն: Խնդիրը չեմ համարի լուծված՝ մինչեւ աղետից տուժած վերջին ընտանիքը, այսօր այստեղ գտնվող վերջին անօթեւանը չստանա իր բնակարանն ու արժանապատիվ կեցության պայմանները»:

Եվ եթե գործող նախագահը ելույթ ունենալուն պես արագ հեռացավ, ապա Ռ. Քոչարյանը մոտեցավ բողոքավոր ժողովրդին, լսեց նրանցից շատերին, խորհուրդներ տվեց ու պատասխանեց լրագրողների հարցերին: Պաշտոնաթող լինելուց հետո նա առավել քան բարեհամբույր էր ու ժպտադեմ գյումրեցիների հետ: Նշենք, որ դեռեւս 1999-ին Ռ. Քոչարյանը խոստացել էր մինչեւ 2001թ. աղետի գոտին ամբողջապես վերականգնել եւ Գյումրին ազատագրել տնակներից: Նախկին նախագահի հետ զրուցելիս որոշ գյումրեցիներ նրա խոստումները երեսով տվեցին: Մի կին Ռ. Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իրեն բնակարան չեն տալիս, քանի որ նորաստեղծ ընտանիք է, ի պատասխան՝ նախկին նախագահը հասկացրեց, որ իրեն դիմելու ժամանակն անցել է՝ «կա նոր նախագահ ու նոր կառավարություն»: «Ես լավ գիտեմ՝ ում եմ դիմում, պարոն Քոչարյան, եթե էս հարցի պատասխանատուն դուք եք, ձեր օրոք են նման որոշումներ ընդունել, ո՞ւմ դիմեմ, թեեւ դուք էն ժամանակ էլ ասելու ոչինչ չունեիք»,- հակադարձեց տիկինը: Մի ծերունի էլ Քոչարյանից խնդրում էր «միջնորդել Սերժին՝ իր նպաստը վերականգնելու»: «Հիմա այդ պաշտոնը չունեմ Գյումրիին օգնելու համար, բայց ինչով հնարավոր է՝ կօգնեմ: Կա նոր նախագահ՝ ընտրված, նոր կառավարություն, որոնք վճռական են շարունակելու այդ գործը»,- ասաց Ռ. Քոչարյանը:

Գյումրիում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով. «Ես մեծ ցավ եմ արձանագրում, որ տակավին անօթեւան ընտանիքներ կան եւ կարծում եմ, որ 20-րդ տարելիցին, այո՛, պետք է աղոթք բարձրացնենք, պիտի հուշարձաններ բացենք, գերեզմաններ այցելենք, բայց առաջին հերթին այդ հիշատակը անմահ կմնա, մեր ժողովուրդը հարություն կառնի, հուշարձանը տեւական կմնա, եթե մենք մեր գործով հավերժացնենք նրանց հիշատակը: Հասկանալով, որ հայ մարդն է մեր հայրենիքի խարիսխը, պետք է թույլ չտանք, որ հայ մարդը սեփական երկրում ապրի անիրավ ու անմարդավայել իրավիճակում, իշխանություն-ընդդիմություն՝ սրանք երկրորդական անցողիկ բաներ են: Հարցազրույցներ, աղոթքներ, ճառեր թող լինեն, բայց հիմա արդեն գործի պահն է»:

Հ. Գ. Գյումրիից հեռանալիս կաթողիկոսն ու նախագահը Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին ու Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հաշտեցնելու փորձ արեցին, եւ ինչպես կարելի էր կռահել նրանց դեմքի արտահայտություններից, գործը կարծես թե գլուխ եկավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել