Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՈՒՄԸ՝ ԽՈՇՏԱՆԳՈ՞ՒՄ

Դեկտեմբեր 09,2008 00:00

Դեկտեմբերի 6-ին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որով «դատապարտում է սովետական ամբողջատիրական համակարգի վարքագիծը հիշեցնող այս ստորությունը»: Խոսքը «Մարտի 1»-ի գործով ազատազրկման դատապարտված անձանց ազատ արձակելու համար նրանց «ներում» հայցելուն կամ «գործուն զղջումի» դրդող իշխանությունների ընտրած մարտավարության մասին է: Հայտարարության մեջ ասված է, թե՝ «չդիմանալով միջազգային կառույցների ահագնացող ճնշումներին, հասկանալով, որ պատանդներ պահելու իրեն հատուկ անմարդկային վարքագիծը չի կոտրում համաժողովրդական շարժման ոգին, սարսափելով առաջիկա օրերին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կոշտ գնահատականից եւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հնարավոր պատժամիջոցների կիրառումից», «վարչախմբի էմիսարները այցելում են բանտեր եւ շահագործելով քաղբանտարկյալների առողջական, ընտանեկան խոցելի խնդիրները՝ նրանցից փորձում կորզել զղջման դիմումներ, ստիպում հրաժարվել հետագա քաղաքական ակտիվությունից, ըստ էության՝ պարտադրելով նրանց ընտրություն կատարել՝ կյանքի իրավունքի եւ տանջալից հեռանկարի առաջ, ինչը խոշտանգման դասական օրինակ է»:

Մյուս կողմից, ՀԱԿ-ի որոշ անդամներ «Առավոտի» հետ զրույցում ասացին, թե իրենք հակված չեն դատապարտելու դեկտեմբերի 5-ին ազատ արձակված երեք նախկին քաղբանտարկյալներին, որոնք ՀՀ գործող նախագահից ներում են խնդրել: Նրանք ըմբռնումով էին մոտենում «գործուն զղջման» հեղինակներին, ասելով, որ կողմնակի օգնության բացակայության պայմաններում հատկապես ֆինանսապես անապահով նրանց ընտանիքների համար կալանավայրում հարազատ ունենալը ծանր բեռ է, որին ոչ բոլորը կարող են դիմանալ: Երեկ ազատ արձակված բանտարկյալներից մեկը՝ Էդուարդ Աշուղյանը, «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ թեեւ ինքը ներում է խնդրել, բայցեւ շարունակելու է պայքարը, որից չի հրաժարվել անգամ մեկուսարանում լինելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել