Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահականում» չեն քնում, մտածում են

Դեկտեմբեր 09,2008 00:00

Մտածում են ինչպես անել, մեկ՝ որ ԼՂ հարցում ընդդիմությունը փառաբանի կարգավորման Սերժ Սարգսյանի տարբերակը, մեկ՝ որ ՀԱԿ-ից բեկորներ պոկվեն:

Այն, որ ԱԺ-ում արագացված տեմպերով քննարկված եւ առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ուղղակիորեն առնչվում է ԼՂ հակամարտության կարգավորման հետ, երեկ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ հաստատեց նաեւ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը: Դատելով մեր երկրում ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումներից՝ ակնհայտ է, որ այս նախաձեռնությունը կապված է նաեւ Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարության հետ՝ կարգավորման շուրջ հասարակական լայն քննարկում ծավալելու անհրաժեշտության մասին: Բայց ԼՂ հիմնախնդրի շուրջ հասարակական լայն քննարկում ծավալելուն ուղղված քայլերը դրանցով չեն սահմանափակվելու: «Առավոտի» աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմում ինտենսիվ նախապատրաստություններ են ընթանում եւս մի փաստաթղթի մշակման ուղղությամբ, որը շրջանառության մեջ կդրվի 2009թ. հունվարի 10-ից: Այդ փաստաթղթի հիմնական նպատակը ԼՂ կարգավորման 1997թ.-ին գոյություն ունեցող եւ այսօր առաջարկվող տարբերակներն ու ծրագրերը համեմատելն ու, բնականաբար, Ս. Սարգսյանի հավանությանն արժանացած տարբերակի բարեմասնություններն ու դրա «դիվանագիտական հաղթանակը» հասարակության աչքում ընդգծել-մատուցելն է: Նախագահի աշխատակազմում հեղինակված այս փաստաթղթի PR արշավն իրականացվելու է մեծ մասշտաբով: Մեր աղբյուրների ասելով՝ հաջորդ տարվա հունվարից այդ տարբերակի «հաղթական» կամ «հայանպաստ» լինելը քարոզելու են ոչ միայն իշխանության վերահսկողության տակ գտնվող էլեկտրոնային ԶԼՄ-ները եւ մամուլը, որոնց այդ գործում իրենց ուղեցույցներով օգնելու են նույն «նախագահականից», այլեւ՝ առանձին կուսակցություններ:

ՀՀ նախագահականում որոշել են, որ լավ կլինի, եթե այդ «պետական կարեւորության» գործում ներգրավված լինեն նաեւ ընդդիմադիրի համարում ունեցող ուժեր, օրինակ՝ ՆԺԿ-ն, որն իր 5-ամյակի առիթով արած հայտարարություններով արդեն իսկ տարանջատվել է Հայ ազգային կոնգրեսից եւ նրա հետ համագործակցող քաղաքական այլ ուժերից: Ավելին, իշխանությունները մտածել են, որ Կոնգրեսին անդամակցող առանձին ուժերի՝ ԼՂ հարցում ունեցած տարակարծությունները լավ շանս են ՀԱԿ-ից էլի բեկորներ կորզելու համար: Բայց եթե ՆԺԿ-ի մասով իշխանությունները հաջողության հասել են, ապա մյուս երկու ուղղություններով նրանց գործադրած ջանքերն ապարդյուն են անցել: Խոսքը ՀԺԿ-ի եւ «Ժառանգության» հետ լեզու գտնելու մասին է: Մեր աղբյուրի ասելով՝ ՀԱԿ-ը ջլատելու եւ իշխանությունների շուրջ ընդդիմադիր այլ ուժերի համախմբման նախագահականի հեռագնա ծրագրերը պայմանավորված են ոչ միայն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում համատեղ գործելու անհրաժեշտությամբ, այլեւ այն բանով, որ իշխանությունները մտահոգված են փետրվարի 20-ին արմատական ընդդիմության կողմից լայնածավալ եւ պերմանենտ հանրահավաքների շարքը վերսկսելու հեռանկարով եւ մտադիր են այս գլխից դրանք կանխելուն ուղղված միջոցառումներ իրականացնել՝ ընդդիմությանը թուլացնելու ճանապարհով: Թե մինչեւ հունվարի 10-ն էլի ինչեր կմոգոնեն ՀՀ «նախագահականում»՝ մոտ ապագան ցույց կտա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031