Քաղաքական ուժերը մեկնաբանում են այդ պատրաստակամությունը
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը դրական պատասխան է տվել «Առավոտի» հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, որ նախագահի հրամանագրով ներում է շնորհվել մարտի 1-ի գործով անցնող երեք դատապարտյալների: Մամուլի խոսնակը նաեւ հայտարարել է. «Հանրապետության նախագահը, ներման հրամանագիր ստորագրելու որոշում կայացնելիս, հաշվի է առել ինչպես տվյալ դատապարտյալների կողմից նախագահին ուղղված ներման խնդրագրերը, այնպես էլ՝ նախկինում դատապարտված չլինելու, քրեական գործի եւ այլ՝ ընտանեկան հանգամանքներ: Հանրապետության նախագահը մշտապես պատրաստ է եղել դիտարկելու ներման խնդրագրերը: Այսօր եւս այս մոտեցումներում փոփոխություններ չկան»:
Մենք փորձեցինք ստանալ քաղաքական ուժերի մեկնաբանությունները նախագահի՝ ներման պատրաստակամության վերաբերյալ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, հակադարձելով այն դիտարկումներին, որ նախագահը ներում է միայն նրանց, ովքեր խնդրագիր են ներկայացնում, ասաց. «Բայց դա օրենքի պահանջն է, առանց խնդրագրի ներում չի կարող լինել, ներման տարբերությունը համաներումից հենց դրանով է արտահայտվում, որ դատապարտվածը խնդրագիր պետք է ներկայացնի, եւ նախագահն՝ իր լիազորությունների հիման վրա, ներում շնորհի: Սա շատ նորմալ պրակտիկա եմ համարում, եւ այն, որ նախագահը հայտարարել է, որ պատրաստ է այդ ակցիան կատարել շատ լայնորեն, ողջունում եմ եւ համարում, որ սա նախագահի կողմից բարի կամքի դրսեւորում է, եւ նպատակ ունի թուլացնել լարվածությունը»: Մեր հարցին՝ կիսո՞ւմ է տեսակետը, թե մի շարք այս կարգի քայլեր կատարելով՝ ՀՀ իշխանությունները նպատակ ունեն թուլացնել ԵԽԽՎ-ում մեզ համար նախապատրաստված խստությունները, Ա. Ռուստամյանն ասաց, թե անկախ ամեն ինչից, մեր երկիրը պարտավոր է կատարել 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները. «Մենք ոչ թե վախեցանք, կատարեցինք այս կամ այն քայլը, այլ՝ ինքներս կողմ ենք կատարել այս բանաձեւերի կետերը: Ինչքան շուտ այդ բանաձեւերը կատարվեն, այնքան լավ Հայաստանի համար, եւ այն «ճանապարհային քարտեզը», որն առաջարկվել էր այդ բանաձեւերում, մասնավորապես՝ հետընտրական լարվածությունը թուլացնելու նպատակով, ես ամբողջությամբ դրական եմ համարում, դա լավագույն ճանապարհն է: Այդ տրամաբանության մեջ տեղավորվում են ե՛ւ ներումը, ե՛ւ համաներումը: Ես անձամբ կողմնակից եմ, որ նաեւ համաներում իրականացվի: Ժամանակին մենք էլ ենք հետապնդվել այդպիսի հոդվածներով, այո, «Քրեական օրենսգրքում» կան հոդվածներ, որոնք իրենց մեջ քաղաքական մոտիվացիա են պարունակում: Սա ոչ թե օրվա իշխանությունների կամքով է, այլ՝ այդ հոդվածները չլինել չեն կարող, որովհետեւ դա կլինի ամենաթողություն այդ դաշտում»: Արմեն Ռուստամյանը վստահ է, որ «Քրեական օրենսգրքի» համապատասխան հոդվածները պետք է վերանայել. «Սա ոչ թե կդիտվի իշխանությունների թուլության նշան կամ ընդդիմության հաղթանակ, ինչպես փորձում են ներկայացնել, այլ՝ տրամաբանությունը հուշում է, որ այդ հոդվածներով համաներումը ուղղակի վերջ կդնի շփոթին, որը կարող է իր լուծումը չունենալ»: Ի պատասխան մեր դիտարկման, թե մարդիկ համամիտ չեն, որ իրենց նկատմամբ համաներում իրականացվի, քանի որ իրենց մեղավոր չեն համարում, ասաց, որ համաներումը հայտարարվում է ոչ թե կոնկրետ անձանց անունով կամ կոնկրետ անձանց համար, այլ՝ կոնկրետ հոդվածների: Պարոն Ռուստամյանն ասաց, որ ինքն անձամբ խնդրագիր չի գրել. «Ժամանակին ինձ առաջարկել են եւ մեր գործով շատերին են առաջարկել, ոմանք գրել են, ես անձամբ չէի գրի, հիմա էլ չեմ դիմել արդարանալու համար, որովհետեւ ես իմ կենսագրությունից չեմ ուզում հրաժարվել, ես դեմ եմ եղել այդ ռեժիմին եւ այդ ռեժիմի դեմ պայքարել եմ»:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի ներկայացմամբ՝ ցավալի է, որ ՀՀ նախագահը պատրաստ է ներում շնորհել այն անձանց, ովքեր կխոստովանեն իրենց մեղքը. «Շատ դեպքերում՝ չկատարած մեղքը: Տպավորություն կա, որ ներում է շնորհվել այն քաղաքացիներին, ովքեր խնդրագրեր են ներկայացրել՝ խոստովանելով իրենց կատարած մեղքը: Ինչ վերաբերում է համաներում կամ ներում կատարելու իշխանության պատրաստակամությանը, ինչը երեւում է ձեր հարցին նախագահի մամուլի խոսնակի պատասխանից, ապա գործող նախագահն այդ քայլն անելու բազմաթիվ առիթներ է ունեցել՝ սկսած սեպտեմբերի 21-ի Անկախության տարեդարձից՝ մինչեւ ԱԺ-ում հնչեցրած իր առաջին ուղերձը: Նախագահը չի օգտագործել իր հնարավորությունները՝ համատարած համաներում հայտարարելու կապակցությամբ, այնպես որ, մենք շարունակում ենք կարծել, որ բացակայում է այդ քաղաքական կամքը: Իշխանությունը սպասում է, որ ընդդիմությունը խոստովանի իր չկատարած մեղքերը, եւ միայն այդ դեպքում ների»: Ս. Սաֆարյանը կարծում է, որ դեռ կլինեն ներման խնդրագրեր, քանի որ «առանձին մարդիկ կանգնած են շատ լուրջ խնդիրների առջեւ՝ սկսած իրենց ընտանիքի հոգսերից՝ վերջացրած անազատության դառը համը ճաշակելով, եւ բացառված չէ, որ ինչպես 2004-ին էին իշխանությունները հետապնդում «գործուն զղջման» քաղաքականությունը, նույն ահաբեկչական հոգեբանությունը հիմա էլ է գործում»:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի գնահատմամբ՝ ներում շնորհելու փաստն ինքնին լավ է. «Բայց նախագահի հեղինակությունն ավելի կբարձրանար, չեմ ուզում խորհուրդ տալ, եթե ինքը չսպասեր մարդկանց խնդրագրերին, մեծահոգաբար ներեր: Եթե անկեղծ հայտարարեց, որ բոլորի նախագահն է, եւ բոլորս քույրեր ու եղբայրներ ենք: Կուզեի, որ նա միշտ հիշեր իր ասածները, կարծում եմ, ինքը դրանից կշահեր»: