Գրել էր Սասուն Միքայելյանը ՀՀ երկրորդ նախագահին
Մարտի 12-ի երեկոյան Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի մի բնակարանում հայտնաբերվել էր հետախուզման մեջ գտնվող ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Այդ բնակարանի զննության ընթացքում, ըստ արձանագրության՝ հայտնաբերվել էր միայն «դիմում նախագահին՝ բաղկացած 5 էջից»: Սակայն «7»-ի գործում առկա այդ դիմումում, որը փաստորեն սեւագիր է՝ դեռեւս չկանոնակարգված ու չխմբագրված գրառումներ են, միայն մի հատվածն է հասցեագրված ՀՀ նախագահին: Գրառումներից դատելով՝ այդ տեքստը Սասուն Միքայելյանը պատրաստում էր տպագրության, որից հետո էր ցանկանում դատապաշտպանի հետ ներկայանալ իրավապահներին:
Մի քանի մեջբերում անենք նրա գրառումներից. «Հարգելի հայրենակիցներ, ես՝ Սասուն Մեխակի Միքայելյանս, իրավապահներին չեմ ներկայացել հետեւյալ պատճառով: Երբ գլխավոր դատախազը մեղադրանքով մտել է խորհրդարան՝ ես հաջորդ օրն եմ իմացել, դրա համար չեմ ներկայացել: Իսկ ինչ վերաբերում է, թե ես ինչու մինչեւ հիմա չեմ ներկայացել իրավապահներին՝ եթե կարելի է այդպես կոչել, մի պարզ պատճառով: Հասկանալով, որ մայրաքաղաքում «պարետային ժամ» է, արդեն չկա ոչ մի հատուկ լրատվամիջոց, չեն գործում թերթերը եւ շատ ուրիշ տեղեկատվական պրոբլեմներ կան՝ դրա համար չեմ ներկայացել, հասկանալով, որ այս պարագայում ամեն ինչ ավելի հեշտ է շինծու բարդել իմ եւ իմ պես շատերի վրա: Այն, ինչ ենթադրում էի՝ այդպես էլ սարքվեց: Ասում են, որ հեռուստատեսությամբ ինչ-որ մի երիտասարդ, որին ընդհանրապես չեմ ճանաչում՝ ասել է, որ ես իր միջոցով կազմակերպել եմ, փող եմ տվել հրազդանցիներին, որ գնան միտինգ, որ ընտրություններից հետո ես Հրազդանում չեմ եղել ընդհանրապես, ինչ-որ պայթուցիկ նյութեր եմ տվել իրեն, թե ես եմ տարել Ազատության հրապարակ, կոչ եմ արել, որ բռնությամբ պետք է զավթենք իշխանությունը եւ նման բաներ: Այն, ինչ որ ասվում է՝ գարշելի սուտ է, շինծու բաներ»: Սասուն Միքայելյանը գրել է, թե ինքը մարտնչել է ժողովրդի համար, ուստի հնարավոր չէ, որ «ժողովրդիս դեմ պայթուցիկ նյութեր տանեի կամ գնայի ուրիշ սադրանքների հայի դեմ»:
Մանրամասն նկարագրել է Ազատության հրապարակում նստացույցի ընթացքում իր գործունեությունը. «Սկզբի 3 օրը գիշերը ժողովուրդը մի տեսակ լարված էր, որ ուրիշ տեղից մարդ են բերել՝ կգան, կծեծեն: Ես, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանն ասել ենք, որ նման բան չկա, դա սուտ է, եւ այդ ամբողջ օրերի ընթացքում մենք բացատրել ենք մարդկանց, որ սա գաղափարի պայքար է, այն, ինչ արվում է՝ այս նստացույցը, այս երթերը, հանրահավաքները՝ ընդամենը քաղաքակիրթ ձեւով հարցի լուծում է, ուրիշ ոչ մի տարբերակ չկա: Եվ ամեն ինչ հարթվել է. այդտեղ այդ օրերի ընթացքում ես ոչ մեկի մոտ ոչ զենք եմ տեսել, ոչ պայթուցիկ, ոչ որեւէ նման բան…… Ավելին՝ ո՞նց էր հնարավոր այդտեղ պայթուցիկ նյութեր ու նման բաներ լիներ կամ կիրառվեր, երբ մինչեւ առավոտ նստացույցին մասնակցում էին բազմաթիվ կանայք, երեխաներ՝ 10-15 տարեկան, ծեր մարդիկ»:
Մարտի 1-ի մասին մասնավորապես գրել է, թե ժամը 15-ի սահմաններում «զանգ եկավ, որ խնդրում ենք՝ եկեք քաղաքապետարանի դիմաց, այստեղ որեւէ մարդ է պետք, որ ժողովուրդը լսի: Ես զանգեցի Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ նա ինձ ասաց, թե խնդրում եմ՝ գնա, հանգստացրու ժողովրդին, հանկարծ ոչ մի սադրանքի չգնան, ինձ չեն թույլատրում, որ գամ այդտեղ, հանգստացնեմ ժողովրդին: Ես եկել եմ քաղաքապետարանի մոտ ժամը 16-ի սահմաններում»: Պատմում է, որ վերցրել է ոստիկանական մեքենայի բարձրախոսը եւ հայտարարել. «Ժողովուրդ, խնդրում եմ, ոչ մի ավելորդ քայլի չգնալ, ոչ մի սադրանքի՝ մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին թույլատրեն՝ գա այստեղ: Քանի որ զորքը մնացել էր ժողովրդի մեջ՝ ես նաեւ խնդրել եմ ժողովրդին, որ ճամփա բացեն, զորքը, ոստիկանության ՌԱՖ-ը եւ ջրցան մեքենան դուրս գան, եւ ժողովուրդը ճամփա է տվել՝ նրանք դուրս են եկել»: Իսկ արդեն երեկոյան, երբ սկսվել է հրաձգությունը՝ Մյասնիկյանի արձանի հետեւում կանգնած երիտասարդներին է խնդրել, որ հանգիստ մնան՝ ասել, թե բռնություն գործադրողներին «ուրիշ տեղից են բերել, ես հասկացրել, բացատրել եմ, որ մեր զորքն է, մեր եղբայրներն են, եւ մնալով այդտեղ, շրջելով, հանգստացրել եմ ժողովրդին եւ 12.30-ից 1-ի սահմաններում գնացել եմ տուն, քանի որ 3 օր շատ վատ հիվանդ էի, մրսել էի ու բարձր ջերմություն ունեի»:
Սասուն Միքայելյանի գրառումների այն մասը, որ ուղղված է Ռոբերտ Քոչարյանին՝ սկսվում է այսպես. «Դիմում եմ Ձեզ, պարոն նախագահ: Եթե տեղյակ չեք, որ գործ են սարքում թե իմ վրա՝ որպես պետական զինված հեղաշրջման կազմակերպիչ, թե ինձ պես շատ մարդկանց, որոնց հետ մեր իրավապահները ինչ ձեւ ուզեն՝ կվարվեն, ինչ հոդված ցանկանան՝ կդնեն, մենք պատրաստ ենք մեր պատիժը կրել օրենքի սահմաններում, բայց ոչ թե շինծու: Եթե դուք օրենքի խախտում եք համարում, որ ես եւ իմ պես շատ մարդիկ ընդամենը մեղավոր ենք մեր գաղափարների եւ քաղաքական հայացքների եւ խոսքի ազատության համար: Վերջապես դուք էլ եք անցնելու պատմության գիրկը, որպես ՀՀ 2-րդ նախագահ, եւ ամենակարեւորը այն է, թե ժողովուրդը ոնց կհիշի ձեզ: Եվ վերջապես ամենակարեւորը՝ դուք էլ եք ընտանիքի հայր, մի թույլ տվեք, որ ձեր երեխաների, ժողովրդի եւ մեր երեխաների աչքի առաջ հերոսը դառնա դասալիք կամ ժողովրդի դեմ զենք բարձրացնող, իսկ դասալիքը՝ հերոս: Քանզի դուք էլ եք պատերազմ տեսել»: